Pages Navigation Menu

Պարույր Տոնոյան

Պարույր Տոնոյան

Պարույր Տոնոյանի (Նկ․ 1) (ծնվել է Պեմզաշենում, 1930 թ.) հետ զրույցը գրանցվել է 22.05.12-ին Գյումրիում, ուր գյուղից տեղափոխվել էր ԲՈՒՀ ընդունվելու համար և մնացել բնակության: Ցավոք, այս տարի գարնանը Պարույր Տոնոյանը մահացավ: Զրույցի տևողությունն է երկուսուկես ժամ, զրուցավար՝ Գայանե Շագոյան:

Պարույր Տոնոյանի հորը (Նկ․ 2) ձերբակալել են 1936-ին, իբրև թե հինգ տարով, սակայն նա այդպես էլ չի վերադարձել աքսորից: Մահվան վկայականն ընտանիքը երկու անգամ է ստացել, բայց յուրաքանչյուրում մահվան տարբեր ժամանակ և պատճառ էին նշել: Պարույրին և եղբորը պահել է տատը, որը սկզբից եղել է կոմունիստ, բայց տղային ձերբակալելուց հետո կուսակցական տոմսը ետ է վերադարձրել և կրկին վերցրել, երբ թոռը պիտի կոմկուս ընդունվեր:  Չնայած Պարույր Տոնոյանի ընտանիքից նրա հայրն էր ստալինյան բռնությունների գլխավոր զոհը, բայց մեր զրուցակցի պատմության հիմնական հերոսը նրա տատն էր՝ Շամամը (Նկ․ 3), ով կարողացել էր փրկել և պահել թոռներին:

«Տատս մահացավ [19]63 թվին, արդեն 94 թե՞ 95 տարեկան էր: Նա Պենզաշեն է ծնվել, բայց պապս Ղարսից էր: [19]15 թվի փախեփախին, տատս ըդպես կսեր, պապս գնացել է, որ իրենց խանութի ապրանքներից բերե Պեմզաշեն, էդ ժամանակ սայլով վերադառնալիս թուրքերը գետի մեջը խփել են, էդպես էլ պապս՝ Արշակը, չի վերադարձել: Էդ ժամանակ տատս ունեցել է հորս ու հորքուրիս, հերս 6 թվի ծնված է հորաքույրս՝ 10-ը թվի: Տատս ամուսնացել էր երկրորդ անգամ՝ Ավագ Քերոբյանի հետ, շատ լավ մարդ էր: Օղորմի իրան: Ավագ պապը, որ ամուսնացել էր տատիս հետ, ազաբ տղա է էղել: Դե էդ ժամանակ իրա [Ավագի] հարազատները չեն ուզեցել, որ իրանց ազապ տղեն ամուսնանա օրբևերի (այրի), էն էլ էրկու էրեխա ունեցող կնոջ հետ ու ինչ-որ հարաբերություններ խզել են: Ավագ պապը հրաժարվել է իր ամբողջ ընտանիքից… ու ամուսնացել Շամամ տատի հետ:

Տատը Ավագ պապենց տունն էր, իրա կինն էր, էրկուսով ապրում էին: Հայրս ու մայրս և ես ու եղբայրս առանձին տուն ունեինք: Մենք Տոնոյաններ էինք, իրանք՝ Քերոբյան: Ուրեմն, երբ [19]34 թվին հայրս ու մայրս կբաժանվին, ու այդպես էլ տատս ինձի պատճառը չասեց, հետը գերեզման տարավ, մենք մնացինք որբ, փաստորեն, հայրս աշխատում էր, նայող չկար: Մեզի տատս տարավ իր մոտ՝ ընձի ու եղբորս: Հետո, որ [19]36-ին թվին հորս աքսորեցին, էդ տունը մնաց էնպես, մենք մնացինք տատի մոտը՝ իր խնամակալության տակ: Իրեք անգամ փորձել են մեզի աքսորել, բայց տատը կարողացավ մեզ պահի, շատ խելոք կին էր:

Էն ժամանակ «Խորհրդային Հայաստան» թերթ կար, կարմիր թղթի վրա կտպեին: Ընտեղ Ստալինը ինչ-որ բան էր ըսել, թե տղեն հոր տեղը պատասխանատու չէ, բռնելու ժամանակ, որ սկսվավ, տատը էդ էլ կտրե, պահել էր: Հետո, որ գալիս էին, տատս էդ թղթերը ցույց կտար, թողեին կերթային, էլ չէին աքսորե: Մեր սենյակները առել ու գյուղսովետի գրասենյակ էին դարձրել, բոլոր աքսորականները ըտից կաքսորեին, 3 պատոկով  (հոսքով) աքսորեցին: Ու էդ ժամանակ էր, որ գիտեինք՝ ում կաքսորեին: Սև ավտո գուկար, 3 զդառովի (ամրակազմ) մարդիկ սև կոժերը (կաշվե հագուստ)  հագը գուկային՝ գիտեինք, որ արդեն մարդու պիտի տանեին, թե ում` հայտնի չէր, հետև կիմանայինք: Չէին էլ թողե, որ գային հետևից լային… «Կտանենք, առավոտյան կգա»: Տանեին ու կտանեին: Էլ ի՞նչ առավոտ, էլ ի՞նչ բան: Մեքենայի անունը դրել էին՝ «սև ավտո», որովհետև ծածկույթը սև էր: Կսեին՝ սև ավտոն էկավ, աշես, ու՞մ տունը պիտի քանդեն: Ամեն անգամ, որ էդ սև ավտոն գուկար, մենք նայենքկը, հետո կմետնեինք գոմը, տատը դուռը կփակեր ու լավ կուլայինք էրկուսով, բարձր ձայնով, ինչխոր հանգստանայինք, հետո էլ, որ դուրսը գելնեինք, որ ժողովուրդը գուկարգը, տատս կսկսեր ծիծաղել: Կզարմանայի: Հետո գլխի ընկա, որ տատս էնպես է անում, որ էն մեր [լավը] չուզողները չիմանային, որ մենք շատ վատ կզգայինք մեզի: Կսեր՝ բալա ջան, սրտի սևը ներսն էրա, կարմիրը` դուրսը:

Մեզի աքսորելու իրեք փորձ էղավ: Մեկը՝ [19]42- [19]43 թվերին, էդ, որ Գերմանիան շատ էր մոտեցել, [19]45- [19]46 թվին,  հետո էլ՝ [19]48 թվին: Ուրեմն աքսորականի հարցով կագեբեից  էկել էին, քննում էին տատիս ու իրա քրոջը: Քրոջ տղի անունը Ստալին էր, էն մի ախպոր անունն էլ՝ Զինովև[1], էն մի աղբոր տղի անունը՝ Կալինին էր: Բոլոր տղաների անունը Քաղբյուրոյի անդամների անուններն էր: Կանչեցին քննության, հորս հետ կապված հարց էր: Մենակ մե բանըմ կհիշեմ, որ [տատս] ըսել էր, թե ես ճիշտ կխոսիմ, իմ տղեն էդպես տղա չի էղե, կուզե՞ս երդվինք, կուզե՞ս ՝ ընձի, որ ոտներիցս քերթես կաշին բերես քթիցս կախես, ես սուտ չեմ խոսի: Կագեբեից էկածի ազգանունը Սարիբեկյան էր, ըսել էր՝ հա, ես կհավատամ, երդվեք: Տատս կսե՝ մենք մեկ-մեկ տղա ունինք, մե տղեմ քուրս ունի, մե տղեմ էլ ես ունիմ: Երդվինք էդ տղաների վրա: Էս տատս քրոջը կսե՝ քու տղի անունը Ստալին է, բեր անունը վերունք դնենք մի կողմ, ով որ սուտ կսե, ընուր տղեն մեռնի: Որ հանկարծ անունին բան չլինի: Հանկարծ Ստալինի նկարով թերթը տեսնեին փողոցը ընկած կամ ձեռդ, որ քցել ես՝ պրծար, չկաս էլ:

Մեր տունը մարդ չէր գա, որտև կսեին՝ ուրեմն կապ ունի,վտանգավոր էր, մենք մեկուսացված էինք: Ուրեմն [19]37 թվին 7 տարեկան էի, գյուղը դպրոց չկար, դպրոցը առանձին տներ էին, մե տանմ հայաթը հավաքվեցինք, ուսուցիչները մեր գյուղից էին բոլորը` էս էրեխեն ընձի հետ, ըսիկ՝ ընձի… Իրեք առաջին դասարան էղավ՝ 25-ական, Ա,Բ,Գ: Բոլորին վերցրին, ես մնացի կանգնած, ես տռոցկիստի տղա էի, պիտակը վրես էր: Ընձի ոչ ոք [չվերցրեց]… Ձորակապից Անուշավան Կիրակոսյանը մեր գյուղը դասատու էր, ըսավ՝  էս փոքրիկն էլ թող ընձի հետ գա: Ինքը չիտեր ես ում տղեն եմ, թե չէ էն էլ չէր տանի: Երկրորդ դասարանում էի, [19]41թիվը կեղնիր, բոլորին տնտեսվարը կբերեր 200 գր. հաց կուտար, բացի ինձնից, բոլորին կտային, ինձի չէին տա, ես՝ տռոցկիստի տղա էի: Գնացի տուն տատիս ըսի, տատս հասկցավ ինչը ինչոց է… Ըսավ՝ բան չկա, բալա ջան: Առավոտ էլանք, լավաշ դրեց, պանիր դրեց մեջը, ըսավ՝ որ կբերեն հաց կուտան իրանց, դու էլ քո բրտուջը հան կեր, «հաղթական բրտուջս»: Բերին տվին, ես էլ հանեցի, արդեն բոլորը ընձի նայեցին, որ ես պանիրով լավաշով բրտուջը ունիմ:

Էն ժամանակ հարկեր շատ կար՝ 75 հատ ձու պիտի տաս, չիտեմ էսքան յուղ… Էս տատս բոլորից շուտ կտաներ կուտար, հավ չունեինք, բայց 75 հատ հավկիթ կերթար Արթիկի բազարից կառներ, գեղից էլ չէր առնի, կսեր՝ ընչի՞ իմանան, որ հավ չունինք, կբերեր կուտար: Հետո էկավ [19]42 թ., ամեն տուն պոսիլկա (թիկունքից ճակատ, կռվող զինվորներին ուղարկվող ծանրոց) պիտի ղրկեր ճակատ, ով, որ չղերկեր՝ թշնամի էր, վերջ: Ի՞նչ պիտի դներ՝  նասկի, ձեռնոց, հալվա: Տատս էդ բաները կեներ: Պոսիլկեն կսարքեր ու ամենից առաջ ինքը կտաներ: Հետո փոխառություն էին գրում, աբլիկացի: Կանչել էին մեզի, թե դու պիտի ամենից շատը տաս, որտև հակա ես, քու տղեդ հակա է էղե: Տատս ըսել էր դու ինչքա՞ն կուտաս: Ըսել էր՝ 500 ռուբլի, գրե՝ ես 800 կուտամ, մեր տունը ամենից շատը աբլիկացի կար:

Ես մինչև հմի՝  էղել եմ 82 տարեկան, մեջս վախ կա: Էդ վախը չի անցե: Չնայած հմի կարգերն ուրիշ են, բայց ինչ որ ներքին մե բանմ կա ընձի: Ես քաջ մարդ եմ, բայց ինչ որ մե բանմ կա, էդ վախի զգացումը էնտեղից մնացել է…

Պարույր Տոնոյանն ինքնակենսագրական «Մի կյանք» (Նկ․ 4) գրքի հեղինակն է:

 


[1] Խորհրդային վաղ շրջանում մեծապես խրախուսվում էր երեխաներին հեղափոխականների և պետական ու կուսակցական հայտնի գորխիչների անուններով անվանակոչելու երևույթը: Հայաստանում հաճախ, գորիչների անձնանունները չիմանալու, ինչպես նաև ազգանունների հանրայնացման պատճառով երեխաներին հաճախ անվանակոչում էին գորխիչների ազգանուններով:

 

[nggallery id=21]

 

Տեսանյութ

 

Share