Pages Navigation Menu

Ծանոթագրություններ

Աբլիկացի – աբլիգացիա (լատիներեն obligatio – պարտավություն), պարտատոմս, արժեթուղթ, որը հաստատում է, որ իր տերը արժեթուղթը վաճառողին գումար է տվել հաստատուն ժամանակով և հաստատուն տոկոսով` hետ ստանալու պայմանով: Արժեթուղթը սովորաբար նախատեսում է տարեկան տոկոս: Խորհրդային շրջանում կային բացառապես պետական պարտատոմսեր, միայն պետությունը կարող էր իր քաղաքացիներից պարտք վերցնել՝ որոշակի ժամկետում և որոշակի տոկոսային հավելումով վերադարձնելու պարտավորությամբ: Ստալինյան շրջանում դրանք փաստացի պարտադիր էին քաղաքացիների համար՝ պետությունը նրանց աշխատանքի դիմաց վճարելու փոխարեն հաճախ պարտատոմս էր տալիս: Երբեմն դա աշխատավարձի մի մասն էր, երբեմն՝ ամբողջ աշխատավարձը: Փաստորեն պետությունը վերցնում էր քաղաքացիների գումարը, փոխարենը երկարաժամկետ պարտատոմսեր տրամադրելով՝ առանց լրացուցիչ տոկոսների: Դրանք երկարաժամկետ պարտատոմսեր էին, և դրանց մարման ժամկետը եկավ միայն Ստալինի մահից հետո: Նրան հաջորդած Ն. Խրուշչեվը դրանք նախ՝ «սառեցրեց», սակայն ավելի ուշ սկսեց մարել քաղաքացիների պարտատոմսերը «վիճակահանության» սկզբունքով, քսան տարվա ընթացքում: Շատ-շատերն ունենին հարյուրավոր, նույնիսկ հազարավոր պարտատոմսեր: Շատերը, հույս չունենալով, որ պարտատոմսերը երբևէ կմարվեն, նետել էին դրանք որպես «անպետք թղթեր»: Արդյունքում շահեցին միայն համառները, ովքեր կամ ում ժառանգները կարողացան դիմանալ նետելու գայթակղությանը:

Ազգականներից հրաժարվել Սույն կայքում՝ ռեպրեսիաների ենթարկված հարազատներից պաշտոնական հրաժարում, ինչը պետք է նաև բարձրաձայնվի՝ հարազատի ռեպրեսիայի ենթակա գործողությունը կամ այդպիսին համարվածը դատապարտելով: Չնայած թշնամու ընտանիքի, հանցագործի ընտանիքի անդամներին պետական ռեժիմն իրավականորեն սկսում է դատապարտել 1937 թ. հուլիսի 5 –ի որոշումից հետո, իրականում նրանք այս կամ այն կերպ ենթարկվում էին իրավական, հասարակական ճնշումների և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների ողջ ռեպրեսիաների ընթացքում: Տարաբնույթ ճնշումներից խուսափելու կամ վարչական ու քաղաքական կարիերա անելու համար ոմանք հրաժարվում էին հարազատներից՝ ծնողից/ծնողներից, եղբորից, քրոջից: Հրաժարումը մատուցվում էր որպես սովետական արժեքների և հատկապես սովետական ռեժիմի անվերապահ ընդունում: Ոմանք փոխում էին նույնիսկ ազգանունը: Չնայած հրաժարումը ներկայացվում էր որպես կամավոր նախաձեռնություն, երբեմն մարդկանց հուշում էին վարչական մարմինների և իրավական համակարգի աշխատողները՝ խոստանալով թեթևացնել քաղաքացիական սահմանափակումները (օրինակ՝ բարձրագույն կրթության իրավունքի սահմանափակումը):

Ամերիկայի լրտես – Արտասահմանայն երկրների հետախուզական ծառայությունների համար լրտեսության մեջ մեղադրանքը ԽՍՀՄ ռեպրեսիաների շրջանում ամենատարածված և շատ կիրառվող մեղադրանքներից մեկն էր (տես Ռեպրեսիաների ժամանակագրությունը և բնույթը): Հայաստանում շատ հեշտ էր լրտեսության մեջ մեղադրել բազմաթիվ երկրներում աշխատած և հայրենիք վերադարձած մարդկանց, կամ՝ պարզապես ցեղասպանությունից փրկվածներին (այլ երկրների նախկին հպատակներին): Մեր զրուցակիցներից ոմանց ընտանեկան հիշողության մեջ նույնպես առկա է լրտեսության մեղադրանքը:

Անհատի պաշտամունք, անձի պաշտամունք – Առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացում, դրա հանրայնացում, այդ անձի կամքին ենթարկում: Նորագույն պատմության մեջ բնորոշ է ամբողջատիրական պետություններին: Խորհրդային ռեպրեսիաների պատճառների իր քաղաքական գնահատականում Ն.Խրուշչեվը 1956թ. կուսակցության 20-րդ համագումարի «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» զեկույցում ռեպրեսիաները վերագրել է հանգուցյալ Ստալինի պաշտամունքին: Իր ելույթում Ն. Խրուշչեվը մասնավորապես պնդել է, որ Ստալինի պաշտամունքը հրեշավոր չափերի հասավ այն պատճառով, որ ինքը Ստալինն ամեն կերպ խրախուսում էր իր անձի բարձրացումը: Ն. Խրուշչեվը դրա հիմնավորումներից մեկը համարեց 1948 թ. հրատարակված Ստալինի «Համառոտ կենսագրությունը», որում դրսևորվել են անսահման շողոքորթության երևույթներ՝ մարդու աստվածացման, անսխալ իմաստունի, «մեծ առաջնորդի», «բոլոր ժողովուրդների ու ժամանակների անգերազանցելի ռազմագետի» հատկանիշների վերագրումներ: Այդ ամենը խմբագրել է անձամբ Ստալինը:

Ագիտատոր – Քարոզիչ, համոզող: Սույն կայքում՝ բացառապես սոցիալիստական գաղափարախոսության և կենսաձևի քարոզիչ: Բոլշևիկյան իշխանության ձևավորման առաջին տարիներից սոցիալիզմի գաղափարախոսությունը քարոզող հատուկ, մասնագիտացված մարդիկ: Ագիտատորը, փաստորեն, հատուկ մասնագիտություն էր: Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն ուներ ագիտացիայի և պրոպագանդայի բաժին: Հայաստանի խորհրդային հանրապետությունում ԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժինը 1933թ. սկսած հրատարակում էր երկշաբաթյա հանդես (1933-1936թթ.՝ «Ագիտատոր», 1936-1963թթ.՝ «Պրոպագանդիստ», 1963-1971թթ.՝ «Ագիտատորի բլոկնոտ», 1971թ.-ից՝ «Ագիտատոր և պրոպագանդիստ» անուններով: ՀՀ ԿԿ Կենտգործկոմի այս պարբերականը ուղղակի նմանակն էր 1923թ.-ից Մոսկվայում հրատարակվող «Ագիտատոր» պարբերականի): Պարբերականում քննարկվում էր ՀՀ ԿԿ պրոպագանդիստական աշխատանքային փորձը: Պարբերականը հաստիքային և ոչ հաստիքային ագիտատորների հիմնական ուղեցույցն էր: Հաստիքային ագիտատոր-պրոպագանդիստներից բացի, կային ինքնակամ ագիտատոր-պրոպագանդիստներ, որոնց զգալի մասը, հատկապես քաղաքական բռնությունների առաջին տասնամյակին, դեր է խաղացել հակասովետական տրամադրություններ հայտնաբերելու կամ առանձին մարդկանց այդպիսիք վերագրելու գործում:

Աշխօր – Աշխատանքային օր, կոլխոզի անդամների աշխատանքի և վճարման հաշվարկի միավոր: Կոլխոզի անդամների աշխատանքի արդյունքում ձեռք բերված մթերքից պարտադիր մասնահատումներից հետո մնացած տարեկան արդյունքը բաշխվում էր կոլխոզի անդամներին՝ ըստ աշխատած օրերի հաշվարկի: Մեկ աշխատանքային օրը կարող էր հաշվվել երկու կամ կես աշխօր` ըստ կատարված աշխատանքի կարևորության և աշխատողի որակավորման: Ամենաշատ աշխօրերը բաժին էին ընկնում դարբիններին, մեխանիզատորներին և կոլխոզի վարչության աշխատողներին: 1939թ. սահմանվել էր կոլխոզի անդամների նվազագույն անհրաժեշտ աշխօրերի քանակ (60-ից մինչև 100 աշխօր յուրաքանչյուր աշխատունակ կոլխոզնիկի համար): Այդ քանակի աշխօր չունեցողները դուրս էին մնում կոլխոզից և կորցնում բոլոր իրավունքները, այդ թվում` տնամերձ հողակտորի նկատմամբ:

Անհարազատ – Սյունիքում գրանցված բանավոր պատմություններում շատ հաճախ հանդիպող տերմին, որով բնութագրվում էին իշխող սոցիալիստական գաղափարախոսությունը չընդունող կամ իշխող գաղափարախոսության կողմից այդպիսիք համարվող մարդիկ: Այս քաղաքական տերմինը կարծես չի հանդիպում քաղաքական բռնությունների ենթարկվողներին առաջադրված պաշտոնական մեղադրանքների իրավական տերմինների ցանկում: Սյունեցի մեր բանասացներից մեկի ամփոփմամբ՝ ««Անհարազատ» նշանակում ա` ինքը պետության դեմ ա. չէին թողնում ժողովներին գնայինք, չէին թողնում մասնակցեինք ոչ մի բանի։ Թշնամու նման բան ա, էլի, անհարազատ, այսինքն՝ խո´րթ»:

Արխիվները բացել – «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի Հոդված 2-ով «Բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպություների պահանջով պետական լրատվության միջոցները պարտավոր են 10-օրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչև բռնադատվելը զբաղմունքի տեսակը, բռնադատող մարմինը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ազատ արձակելու և արդարացման որոշումը և ժամկետները»: Օրենքը չի նախատեսում բացահայտել նախաքննության և դատական նիստի նյութերը:

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի (Արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ու օգտագործումը) 22-րդ հոդվածով (Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները), շարադրված են սահմանափակաման երեք դեպք, որոնցից մեզ հետաքրքրող խնդրի շուրջ կարևոր է երրորդը: Ըստ այդմ «Մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը»։ Օրենքի 3-րդ գլխի 5-րդ հոդվածով մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր են՝ «ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան եւ նեղ անձնական հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուսնության և ամուսնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության և թղթակցության, նոտարական գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր»-ը:

Այս սահմանափակման հետևանքով Հայաստանի արխիվները հետազոտողներին թույլ չեն տալիս ծանոթանալ ռեպրեսիայի ենթարկվածների դատական և արդարացման գործերին, մինչև չլինի բռնադատվածի կամ նրա ուղղակի ժառանգորդների գրավոր թույլտվությունը: Ավելին, նույնիսկ այդ կարգի թույլտվության դեպքում սահմանափակվում է ողջ դատական գործը նայելու հնարավորությունը, քանի որ այնտեղ կարող են նյութեր լինել այլ ֆիզիկական անձանց մասին (ցուցմունք տվողներ, կամ՝ բռնադատվածի կողմից հիշատակվողներ), և տրվում են միայն դատական որոշումները:

Ազգայնական, նացիոնալիստ – Ազգայնականություն, նացիոնալիզմ (ֆրանսերեն՝ Nationalisme): Մինչև այսօր քննարկվում են «ազգայնական», «ազգայնականություն» բառերի իրավա-փիլիսոփայական և հասարակական ընկալումները, բնույթը և չափորոշիչները: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ դրանք ազգային (պետական) և էթնիկական արժեքների ընկալման, նմանօրինակ այլ արժեքների շարքում դրանց «տեղադրման», «գնահատման» աշխարհայացքն է, որը գաղափարախոսության վերածվելու դեպքում կարող է վերաճել «ազգայնականության», ինչն արդեն այս աշխարհայացքը պաշտպանելու կամ հաստատելու գործողություն է: Տարբեր ժամանակներում դրանք ունեցել են և ունեն տարբեր ուղղվածություն՝ «ազգային՝ էթնիկ ինքնության պաշտպանություն», «ազգային՝ էթնիկ խմբի ֆիզիկական պաշտպանություն», «ազգային՝ էթնիկ խմբի արժեքների հարկադրական տարածում» և այլն:

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների «հայկական առանձնահատկություններից» մեկը քաղաքական այլախոհության տարբեր ձևերի՝ տրոցկիստ, հակասովետական, հակահեղափոխական, հակաբոլշևիկյան, դաշնակցական և այլն համարյա պարտադիր «ազգայնական» կամ «բուրժուա-ազգայնական» մեղադրանքի առկայությունն էր բռնարարքների զոհերին առաջադրվող մեղադրանքների ցանկում: Մասնավոր ցայտունությամ այն դրսևորվել է երեսնական թվականների բռնությունների զոհերից մտավորականներին առաջադրվող մեղադրանքներում, ինչը «հիմնավորվում էր» կորուսյալ հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ նույնիսկ պարզ զգայական (կարոտ, ուղղակի հիշատակություն, այդ թվում՝ ցեղասպանության մասին հիշողություններ) վերբերմունքի դրսևորումներով: Իսկ 1949թ. բռնաքսորի՝ աքսորն իրականացնելուց հետո ձևակերպած «մեղադրական եզրակացություններում» ազգայնականությունը առկա է համարյա բոլոր գործերում:

Բոլշևիկացման հենց սկզբից ԽՍՀՄ-ում պայքար է մղվել «ազգայնականության» դեմ՝ որպես այդպիսին հասկանալով էթնիկ արժեքները բոլշևիկյան գաղափարախոսական արժեքներից բարձր դասելու գործողությունը, կամ, որը Կովկասում առավել ակտիվ էր, «ազգային կուսակցություն» կառույցներին անդամկացությունը, նախկին անդամակցությունը կամ դրանց հարելը: Հայաստանում այդպիսին համարվում էր «Հայ հեղափոխական դաշնակցությունը», արդյունքում բոլոր դաշնակցականները համարվում էին ազգայնական: Միաժամանակ հատկանշական է, որ ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ընթացքում նրանք փաստացի դատապարտվում էին նաև անցյալի գործողությունների համար, այդ թվում՝ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ինքնապատշպանական կռիվներին մասնակցելու մեջ: Այսպես, քաղաքական բռնությունների առաջին ալիքը Զանգեզուրում ուղղված էր հենց ազգային ազատագրական պայքարի մասնակիցների դեմ, ինչը հստակ երևում է նաև Սյունիքի մարզի մեր զրուցակիցների ընտանեկան հիշողությունների պատմություններից:

Աքսոր, տեղահանություն, դեպորտացիա – լատիներեն՝ «deportatio» – «վտարում», «արտաքսում», «աքսոր» բառերից: «Մարդուն իշխանության որոշմամբ որպես պատիժ բնակության վայրից այլ տեղ տեղահանելը»: Մինչ օրս Հայաստանում ստալինյան շրջանի բռնաճնշումների ընթացքում անձի, ընտանիքի կամ խմբի հարկադիր տեղափոխությունն իրենց բնակության վայրից և բնակեցումը որոշված վայրում սովորաբար անվանվում է հայերեն «աքսոր» տերմինով: Այդպես է անվանվում նաև 1949թ. տեղահանությունը՝ բռնի, զանգվածային, փաստացի մի գիշերվա ընթացքում իրականացված, չնայած տեղահանվածների մեծ մասը և նրանց սերունդները առայսօր չգիտեն ոչ կոնկրետ առաջադրված հանցանքը, ոչ էլ` հանցանքի համար սահմանված պատժի բացատրությունը: Բանավոր պատմություններում հնչում է այն միտքը, որ «աքսորվում էին պատերազմի ժամանակ գերի ընկածների ընտանիքները»: Սակայն շատերն իրենց անմեղ են համարում, քանի որ իրենց ընտանիքում պատերազմի ժամանակ գերի ընկած մարդ չի եղել, և ոմանք համարում են, որ իրենք տեղական իշխանության կամայականության զոհ են և «իրական մեղավորի» փոխարեն իրենց են աքսորել` աքսորվողների սահմանված անհրաժեշտ թվաքանակը պահելու համար: Փաստն այն է, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1947թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ 1947-1950թթ. ընթացքում Հայաստանից մեծ թվով ադրբեջանցիներ են վերաբնակեցվել Ադրբեջանի Կուր-արաքսյան ցածրավայր, 1948-1949թթ. ահռելի թվով հայեր` հայրենադարձներ և հայաստանաբնակներ բռնի վերաբնակեցվել են Ռուսաստանի Ալթայի երկրամաս, ինչպես նաև 1949 թ. Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում բռնի վերաբնակեցվել են ողջ Կովկասի` հյուսիսային և հարավային տարածքում ապրող շատ հայեր: Ռուսատանյան պատմագրությունն այդ խմբային բռնի տեղահանությունը անվանում է «դեպորտացիա» («բռնարտաքսում») տերմինով, հայերը գործածում են «աքսոր» բառը:

Արդարացում, արդարացման թուղթ – տես Ռեաբիլիտացիա: [L1]

Բանդիտներ – «Բանդիտիզմը» քրեական օրենսգրքում պետական կառավարման և հասարակության դեմ ուղղված ծանր հանցագործություններից մեկն է: Հաճախ բանդիտիզմի շարքն են դասում նաև տարաբնույթ զինված ապստամբությունները: Ամենից ավելի հաճախ «բանդիտ», «բանդիտներ» բառի իրավական օգտագործումը նպատակ ունի զինված խմբերի քաղաքական նպատակ ունեցող գործողությունները որակավորել որպես սովորական քրեական գործողություն: Պատերազմական կամ ռազմական գործողությունների ժամանակ «բանդա» են անվանում ոչ կանոնավոր բանակի, աշխարհազորի կամ կամավորների խմբերին, պարտիզաններին: Բոլշևիկները Հայաստանում «բանդա» էին անվանում, օրինակ, Զանգեզուրի ինքնապաշտպանության մարտիկներին, Նժդեհի զորամիավորումները: Խորհրդային ռեպրեսիաների շրջանում հաճախ «կուլակային բանդա» էին անվանում կոլեկտիվացումից խուսափող գյուղացիների դիմադրող խմբերին: «Բանդիտիզմը» ԽՍՀՄ ռեպրեսիաների շրջանում հաճախ հնչող մեղադրանքներից մեկն էր (տես ԽՍՀՄ ռեպրեսիաների ժամանակագրությունը):

Բռնադատված- ՀՀ օրենքը «Բռնադատվածների մասին» բռնադատված է համարում Հայաստանի Հանրապետությունում մշատապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այն քաղաքացուն, քաղաքացիություն չունեցող անձին կամ օտարերկրյա քաղաքացուն, որը խորհրդային կարգերի ժամանակ (սկսած 1920թ. նոյեմբերի 29-ից մինչև ԽՍՀՄ փլուզումը) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթով՝

ա) դատապարտվել է 1961թ. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65-րդ, 67-րդ, 69-րդ, ինչպես նաև 2061-րդ հոդվածներով կամ 1927 թվականի Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության այլ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է,

բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,

գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների, բժշկական կամ գիտական փորձերի,

դ) արտաքսվել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից,

ե) ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ,

զ) ենթարկվել է վարչական աքսորի կամ արտաքսման,

է) անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության և նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով,

ը) ճանաչվել է սոցիալապես վտանգավոր և ազատազրկվել, աքսորվել, արտաքսվել է դատարանի կողմից կամ արտադատարանական կարգով՝ առանց այդ անձի նկատմամբ կոնկրետ հանցագործություն կատարելու մասին մեղադրանք ներկայացնելու:

Բռնադատված է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միության այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում քաղաքական շարժառիթների հետևանքով ծնվել է աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում (աքսորավայր, արտաքսման և ազատազրկման վայրեր կամ հատուկ բնակավայրեր ուղարկվելիս):

Գաղթել, գաղթական – Սույն կայքում 1915թ. Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից փրկվածները, ովքեր իրականում հարկադրված տեղափոխության ենթարկվածներ էին: Համապատասխանում է հայերի հանդեպ երիտթուրքերի իրականցրած ծրագրի թուրքերեն պաշտոնական տերմինին՝ «գաղթեցնել», որը հետագայում օգտագործում էին նաև փրկված հայերն իրենք՝ զուգահեռաբար գործածելով նաև փախստական (փախեփախ) բառը:

Գերի – Խորհրդային քաղաքական բռնությունների համատեքստում «գերի» բառը գործնականում վերաբերում է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գերմանացիների կողմից գերեվարված սովետական ռազմագերինրին, ովքեր մեղավոր էին «գերի» ընկնելու բուն փաստով՝ առանց գերի ընկնելու կամ գերությունից ազատվելու, նույնիսկ փախուստով ազատվելու և կռիվներին մասնակցած լինելու հանգամանքների: Հայաստանում շատ շատերն են համարում, կամ համոզված էին, որ 1949թ. աքսորվածների ցանկերը կազմվել էին պատերազմում գերի ընկածների հաշվառումով:

Գնդակահարել, գնդակահարություն – Բանավոր պատմություններում իրենց հարազատների մահվան դատավճռի վերաբերյալ բոլոր վճիռները հիշվում են «գնդակահարություն» բառով, բայց երբեմն պատմողներն օգտագործում են նաև «կացնահարել», «սպանել», «վերացնել» բառերը: Մեր զրուցակիցներից ոչ մեկը չգիտեր, թե ռեպրեսիաների շրջանում որ հանցանքներն էին ենթակա պատժի առավելագույն չափին՝ «գնդակահարության»: 1939թ. մայիսի 11-ին Ներքին գործերի ժողկոմի N00515 որոշմամբ սահմանվեց «Դատապարտվածների և ձերբակալավածների գտնվելու վայրի մասին տեղեկանքի տրամադրման» կարգը, ըստ որի գնդակահարվածների ազգականներին ասվում էր, թե ձերբակալվածը դատապարտվել է «տաս տարվա ճամբարի՝ առանց նամակագրության իրավունքի»: Միաժամանակ դատավճռում գրվում էր իրական վճիռը՝ գնդակահարություն:

Դաշնակ, դաշնակցական – «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) հայ ազգային-քաղաքական կուսակցության անդամ: ՀՅԴ կուսակցությունը հիմնադրվել է 1890թ. Թիֆլիսում: Այսօր այն գործում է ՀՀ-ում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հայկական սփյուռքի գաղթօջախներում: 1923թ. մինչև ԽՍՀՄ փլուզումը արգելված էր ԽՍՀՄ տարածքում (տես Դաշնակցության ինքնալիկվիդացիոն համագումար): Ձևավորման շրջանում նպատակ է ունեցել համախմբելու հայ ժողովրդի ուժերը և Արևմտյան Հայաստանում հասնելու քաղաքական ու տնտեսական ազատության: Դավանում է ժողովրդավարության և սոցիալիզմի գաղափարներ: Դեռևս երիտասարդ կուսակցությունը ստեղծման պահից սկսած հանդես է բերել նախաձեռնողական քայլեր՝ զուգահեռաբար ստիպված լինելով արձագանքել հայ ժողովրդի և Հայաստանի շուրջ կատարվող զանազան քաղաքական զարգացումներին (1905-07թթ., 1917-20թթ. հայ-թաթարական ընդհարումների ընթացքում, հայերի ցեղասպանությունը Թուրքիայում):

Դաշնակցականները կապվել են արևմտաեվրոպական տարբեր ուղղությունների կուսակցությունների և իշխանությունների հետ՝ հուսալով եվրոպական քաղաքական օրակարգում ակտիվացնել Հայկական հարցի լուծման ուղիների փնտրտուքը: Այդ նպատակով նույնիսկ դիմել են տեռորիստական գործողությունների, ինչպես, օրինակ, Բանկ Օտոմանի գրավումը Կոնստանդնապոլսում: Դիվանագիտական գործունեությունից զատ լրջորեն զբաղվել են Արևմտյան Հայաստանում կամավորական ֆիդայական խմբեր ձևավորելու, զինելու և ինքնապաշտպանական գործողությունների նախապատրաստման գործով:

Հետևողականորեն համագործակցել են Թուրքիայի՝ հակասուլթանական քաղաքական ուժերի, մասնավորապես Երիտթուրքերի հետ, նույնիսկ մասնակցել են նրանց առաջին իշխանությանը 1908թ.: 1909թ. Ադանայի հայերի կոտորածներից հետո հասկացել են Երիտթուրքերի սնանկությունը և 1912թ. հայտարարել Երիտթուրքերի հետ կապերի խզումը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համագործակցել են Ռուսաստանի հետ: Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունից հետո դաշնակցականների ձևավորած հայ կամավորական խմբերը օգնում էին ցեղասպանության զոհերին՝ զուգահեռաբար մասնակցելով Հարավային Կովկասում ընթացող քաղաքական զարգացումներին: 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո արևելյան՝ թուրքական ճակատում լուծարվող ռուսական զորքերից վերակազմավորում էին հայ կամավորներին՝ Կովկասի ուղղությամբ շարժվող թուրքական կանոնավոր բանակի դեմն առնելու համար: Այս հողի վրա առճակատում է սկսվում թուրքերի հետ համագործակցող Կովկասի թաթարների (հետագա ադրբեջանցիների) մուսավաթական կուսակցության հետ: Ստեղծված ծանրագույն, բարդ պայմաններում դառնում են 1918թ. մայիսի 28-ին հայտարարված Հայաստանի Հանրապետության հիմնական քաղաքական ուժը: Մեկ տարի անց, 1919թ. մայիսի 28-ին կառավարությունը հռչակում է «միացյալ և անկախ հանրապետություն»՝ հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Այդ որոշումը «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» ձևակերպմամբ հետագայում վերահաստատվել է որպես վերջնանպատակ, այդ թվում՝ 1982թ. և 1998թ. ընդունված ծրագրերում:

Որպես քաղաքական կուսակցություն՝ Հայաստանում պարտվել է բոլշևիկներին և քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի մերձեցման պայմաններում, 1920թ. դեկտեմբերին իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին այն բանից հետո, երբ Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն կարմիր բանակի զորամասերի հետ անցել է Հայաստանի Հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն:

Դաշնակցության լիկվիդացիոն համագումար – 1920թ. դեկտեմբերին Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխանությունը Հայաստանում հանձնել է հայ բոլշևիկներին: Սակայն երկու ամիս անց, 1921թ. փետրվարին ՀՅԴ-ն, գլխավորելով նորաստեղծ բոլշևիկյան իշխանությունից դժգոհ բնակչությանը, իրականացրել է ապստամբություն և վերստանձնել իշխանությունը: Քառասուն օրից կրկին պարտվել է բոլշևիկներին: Ապստամբության մասնակիցների մեծ մասն անցել է Լեռնահայաստան, այնուհետև՝ Իրան: Դրանից հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը հիմնականում շարունակել է արտասահմանում։ Բուխարեստում 1921թ. կայացած ՀՅԴ խորհրդաժողովը որոշում է ընդունել համագործակցել խորհրդային իշխանությունների հետ, և Ռիգայում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ՌԿ(բ)Կ ներկայացուցիչների միջև, որտեղ նախագիծ է կազմվել համագործակցության հնարավորությունների շուրջ: Սակայն նույն 1921թ. ՀՀ ԿԿ-ն բողոքել է այդ համաձայնության մասին և բացառել ՀՅԴ-ի հետ որևէ համագործակցություն: Խորհրդային իշխանությունները, որոնք ճանաչում էին բացառապես բոլշևիկյան կուսակցությունը, հետևողականորեն ճնշում էին դաշնակացականներին, մինչև որ իշխանությունների պահանջով 1923թ. տեղի ունեցավ նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարը, որը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ում լուծարել ՀՅԴ կուսակցությունը: 1924-25-թթ. Փարիզում տեղի ունեցած ՀՅԴ համագումարը որոշեց «լոյալ ընդդիմադիր» կեցվածք պահել ԽՍՀՄ նկատմամբ: 1927-28թթ. Հայաստանում սկսվեց «ընդհատակյա դաշնակցականների» փնտրտուք և ռեպրեսիաներ նախկին դաշնակցականների նկատմամբ: Նրանցից շատերին առաջադրվում էր «հակասովետական», «հակահեղափոխական», «ազգայնական» գործունեության մեղադրանք և հետևում էին ծանր պատիժներ, ընդհուպ՝ գնդակահարություն1933թ. ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովը որոշեց Հայաստանում լուծարել իր ընդհատակյա կազմակերպությունը:

Այնուամենայնիվ հետապնդումները շարունակվում էին, իսկ 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով սկսվեց «Նախկին կուլակների, քրեականների և հակասովետական այլ տարրերի հանդեպ բռնությունների օպերացիան», որով նախատեսվում էր վերացնել նաև «Հակասովետական քաղաքական կուսակցությունների նախկին անդամներին (էսէռներ, վրաց մենշևիկներ, հայ դաշնակցականներ, ադրբեջանական մուսավաթականներ, իթթիհաթականներ և այլն), ինչպես նաև «Նախկին բանդիտական ապստամբությունների» նախկին ակտիվ մասնակիցներին, նախկին սպիտակգվարդիակններին, «հայրենադարձներին» («վերահայրենադարձներին») և այլն: Թվարկված բոլոր խմբերում փնտրվում և պատժվում էին ինչպես նախկին դաշնակցականներ, այնպես էլ՝ դաշնակցականների հետ երբևէ որևէ կապ ունացած մարդիկ: 1937 թ. հետո կոմունիստական կուսակցականների և շատ մտավորականների հռետորաբանության մեջ «դաշնակ», «դաշնակցական» բառերը հավասարվեցին «ժողովրդի թշնամի» արտահայտությանը և ընդհուպ մինչև 80-ական թվականները հասարակական հարաբերություններում հաճախ օգտագործվում էին վիրավորական իմաստով:

Զակկրայկոմ – Ռուսերեն «Закавказский краевой комитет» -ի հապավումը՝ Անդրկովկասյան երկրամասային կոմիտե՝ Անդրերկկոմ: Անդրկովկասյան ֆեդերացիա՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԽՍՀ-ների միավորում, որը գործել է 1922-1937թթ., որպես ԽՍՀՄ հիմնադիր հանրապետություն: Երեք հանրապետությունների միավորման գաղափարը տվել է Լենինը՝ Անդրկովկասի տնտեսական, ռազմա-քաղաքական և գաղափարական աշխատանքները համակարգելու և ազգամիջյան անվստահությունը նվազեցնելու պատճառաբանությամբ: Այդ տարիներին, ըստ 1926թ. մարդահամարի նյութերի, Հայաստանում կար 880,500 բնակիչ, Վրաստանում՝ 2,666,500, Ադրբեջանում՝ 2,314,600: Չնայած հարևանների համեմատությամբ Հայաստանի քաղաքացիների զգալիորեն նվազ թվին, հայերը, վրացիները և կովկասյան թուրքերը (թաթարները) Անդրֆեդերացիայի շրջանակներում քանակական մեծ տարբերություն չունեին: Հայերի թիվը հասնում էր 1,423,600 մարդու (ներառյալ Վրաստանում և Ադրբեջանում ապրող հայերին), վրացիների թիվը՝ 1,788,000, կովկասյան թուրքերի (թաթարների) թիվը՝ 1,651,900 (ներառյալ Վրաստանում և Հայաստանում ապրող թուրքերին): Այնուամենայնիվ Անդրֆեդերացիայի 15 տարվա գոյության ընթացքում Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարները հիմնականում վրացիներ էին.

Օրջոնիկիձե Սերգո- 1922-1926

Օրախելաշվիլի Մամիյա – 1926-1929

Կրինիցկիյ Ալեքսանդր – 1929-1930

Լոմինաձե Վիսսարիոն – 1930 նոյեմբեր-1930 դեկտեմբեր

Քարթվելիշվիլի Լավրենտի – 1930-1931

Օրախելաշվիլի Մամիյա – 1931-1932

Բերիա Լավրենտի – 1932-1937

Էշելոն – Սույն կայքում տեղադրված պատմություններում էշելոն բառը գործածվում է 1949թ. աքսորականներին Սիբիր տեղափոխող գնացքակազմի իմաստով: «Էշելոն» բառն ստացել է խորապես բացասական ընկալում, քանի որ աքսորականներին տեղափոխող գնացքակազմն ընթանում էր խիստ ծանր ռեժիմի պայմաններում՝ փակ դռներով, զինվորական վերահսկողությամբ, օրերով առանց կանգառների կամ՝ կանգառներում առանց գնացքից դուրս գալու թույլտվության: Բնական կարիքները մարդիկ հոգում էին հենց վագոնի ներսում: Գնացքներում հաճախ մահացող մանկահասակ երեխաներին երբեմն ուղղակի դուրս էին նետում ընթացող գնացքի պատուհանից:

Թշնամի, ժողովրդի թշնամի – «Թշնամի» բառը բանավոր պատմություններում երեսնական թվականների քաղաքական բռնությունների իրավական մեղադրանքների շարքում չի տրոհվում տարբեր իմաստների (օրինակ` «հայրենիքի թշնամի», «թշնամու զավակ»), այն ենթադրում է քաղաքական բռնությունների համար հիմք հանդիսացող «ժողովրդի թշնամի» տերմինի հետ նույնականացում: «Ժողովրդի թշնամի» տերմինն իր հերթին կապ չունի «ժողովուրդ»- «էթնիկ միավոր» եզրի հետ: «Ժողովրդի թշնամի» իրավական տերմինը (լատիներեն hostis publicus — «հասարակության թշնամի» և լատիներեն hostis populi Romani, «հռոմեական հասարակության թշնամի») գալիս է հռոմեկան իրավունքից, երբ Հռոմեական սենատը մ.թ. 68թ. Ներոնին հայտարարել էր «հասարակության թշնամի»: Ավելի ուշ «ժողովրդի թշնամի» տերմինը լայն տարածում ստացավ Ֆրանսիական հեղափոխության տարիներին: Ֆրանսիական հեղափոխության հաղթանակից հետո ձևավորված ռեժիմը զանգվածային տեռորի անհրաժեշտությունը բացատրում էր նրանով, որ ռեժիմի բոլոր հակառակորդները «Ժողովրդի թշնամի» էին: Նույն տրամաբանությունն էր աշխատում նաև «ստալինյան բռնությունների» շրջանում: Նոր` «սոցիալիստական» ռեժիմը դրա անհրաժեշտությունը բացատրում էր այն հանգամանքով, որ դասակարգային պայքարը շարունակվում է, քանի որ հեղափոխությունից հետո գաղափարական հակառակորդները` տարաբնույթ «հակահեղափոխականները» տարբեր ձևերով պայքար են մղում նոր հասարակարգի դեմ (տնտեսական վնասարարներ, լրտեսներ, դիվերսանտներ, տեռորիստներ, ազգայնականներ և այլն): «Ժողովրդի թշնամի» տերմինը պարզ հայեցողական, բնութագրական տերմին չէր, այլ ուներ իրավական հիմնավորում և արտացոլված էր ԽՍՀՄ 1936թ. Սահմանադրության մեջ, որի 131-րդ հոդվածի 2-րդ մասով «ժողովրդի թշնամի» էին համարվում հասարակական, սոցիալիստական սեփականության նկատմամբ ոտնձգություն անող անձիք: Ժողովրդի թշնամիներին դատում էին ԽՍՀՄ հանրապետությունների քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (ՌԽՖՀ-ում` հանրահայտ 58-րդ հոդվածը):

Թշնամու ընտանիք, հանցագործի ընտանիք – Խորհրդային ռեպրեսիաների շրջանում քաղաքական հանցագործի, թշնամու ընտանիքի բոլոր անդամներն իրենց հերթին ենթարկվում էին իրավական կամ հասարակական բռնության: Առանձին դեպքերում ընտանիքի անդամներին նույնպես աքսորում էին ճամբարներ կամ կալանավորում էին որպես «Հայրենիքի թշնամու ընտանիքի անդամ» («члены семей изменников родины» –ЧСИР): Չնայած 1935 թ. «Որդին հոր համար չի պատասխանում» ստալինյան հանրահայտ արտահայտությանը, 1937 թ. հուլիսի 5 –ի № П51/144 ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոն որոշում ընդունեց 5-8 տարով ճամբարներում կալանավորել աջ-տրոցկիստական լրտեսական-դիվերսիոն կազմակերպության դատապարտված անդամների՝ հայրենիքի թշնամիների կանանց, նրանց համար ճամբարներ կառուցել Նարըմսկի երկրամասում և Ղազախստանի Թուրղայի շրջանում, մինչև 15 տարեկան որբ երեխաներին վերցնել պետության խնամակալության տակ և տեղավորել մանկատներում ու որբանոցներում (բացի Մոսկվա, Լենինգրադ, Թիֆլիս, Կիև, Մինսկ քաղաքներից, ծովափնյա և սահմամերձ քաղաքներից), 15 տարեկանից բարձրերի համար հարցը որոշել ավելի ուշ: 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով՝

  1. Այն ընտանիքները, «որոնց անդամները կարող են ակտիվ հակասովետական գործուղություններ անել», ենթակա են մեկուսացման ճամբարներում կամ աշխատանքային ավաններում:
  2. Սահմանամերձ գոտում ապրող գնդակահարվածների ընտանիքները ենթակա են տեղահանության սահմանամերձ գոտուց խորքային շրջանները:
  3. Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Դոնի Ռոստովում, Տագանրոգում և Սոչիի, Գագրայի ու Սուխումի շրջաններում ապրող գնդակահարվածների ընտանիքները ենթակա են տեղահանության, բայց կարող են ընտրել իրենց բնակության վայրը՝ բացառյալ սահմանամերձ գոտիները:
  4. Ռեպրեսիայի ենթարկված բոլոր անձանց ընտանիքները պետք է հաշվառվեն և ենթարկվեն պարբերական վերահսկողության:

1937թ. օգոստոսի 15-ին ճշգրտվեցին այս հրամանի իրականացման պայմանները.

  • ամբողջական (տոտալ) ռեպրեսիների ենթակա են ոչ թե ընտանիքի բոլոր անդամները, այլ՝ միայն կանայք և երեխաները,
  • կանանց ձերբակալել ամուսինների հետ միասին,
  • նախկին կանանց ձերբակալել միայն այն դեպքերում, եթե նրանք «մասնակցել են հակասովետական գործունեությանը»,
  • 15 տարեկանից բարձր երեխաներին ձերբակալել միայն այն դեպքերում, երբ նրանք ճանաչվել են «սոցիալապես վտանգավոր»,
  • հղի կանանց, նորածին երեխա ունեցողների կամ ծանր հիվանդների ձերբակալությունը կարող է ժամանակավորապես հետաձգվել,
  • մոր ձերբակալությունից հետո առանց խնամակալի մնացած երեխաներին տեղավորել մանկատներում, սակայն «եթե որբերի ռեպրեսիաների չենթարկված ազգականները կամենան իրենց վրա վերցնել նրանց խնամքը՝ չառարկել»:

Մոտ մեկ տարի անց այս որոշումը վերանայվեց և 1938թ. հոկտեմբերից ձերբակալվում էին միայն այն կանայք, որոնք «օժանդակել էին ամուսինների հակահեղափոխական գործունեությանը», կամ՝ որոնց մասին կան «հակասովետական գործունեության տվյալներ»:

Դատապարտված կանանց մեծ մասի կալանքն ավարտվում էր 1940-ական թթ. սկզբներին: Պատերազմի սկիզբը հիմք հանդիսացավ, որպեսզի 1941թ. հուլիսի 22-ին հրաման արձակվի «հակահեղափոխական տարրերին» չազատելու մասին: Մեկ տարի անց նոր հրամանով նրանք «ազատվեցին», սակայն պահվեցին ճամբարներում որպես կամավոր վարձկաններ: Ընտանիքի անդամներն ազատվեցին միայն պատերազմից հետո:

Այս կամ այն կերպ «պատժվել են» ոչ միայն ձերբակալված ընտանիքի անդամները, այլև համարյա բոլոր հարազատները: «Նախկինների» (նախկին հոգևորականների, սպիտակգվարդիականների, դաշնակացականների, ցարական շրջանի վարչարարների, ազնվականների և այլն) ընտանիքները չէին կարող ԲՈՒՀ ընդունվել, աշխատանքի ընդունվել, բանակում ծառայել, հաճախ՝ մասնակցել ընտրություններին: Սրանից ծնվեց «ազգականներից հրաժարվելու» գործընթացը: 1938թ. օգոստոսի 27-ին հատուկ որոշումով թույլատրվեց միակողմանի ամուսնալուծությունը՝ ազատության մեջ մնացած կողմի նախաձեռնությամբ:

Ծախող (տես նաև մատնիչ) – Սույն կայքում՝ առանձին մարդկանց քաղաքական անբարեհուսության կամ այլախոհության մասին տեղեկության տրամադրում իշխանության մարմիններին (օրինակ՝ «ծախել էր, ասել էր Ստալինին հայհոյել է», «մատնել էին՝ թե չի հավատում Խանջյանի ինքնասպանությանը, ասում է՝ Բերիան է սպանել», «մատնիչները հենց մեր գյուղացի էին եղել, ասել էին Նժդեհի հետ կռիվներին մասնակցել է»): «Մատնիչին», «ծախողին» համարյա որպես հոմանիշ քաղաքական բռնությունների շրջանի համար գործածվում է նաև «զրպարտող» բառը: Հավանաբար համահավասարեցումն առաջացել է այն իրողությունից, որ հաճախ «մատնելու» բան չկար և մարդուն ռեպրեսիայի ենթարկելու համար օգտվում էին զրպարտությունից: «Ծախող», «ծախել» բառի այս իմաստով գործածությունն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է մատնության դիմաց որևէ նյութական կամ սոցիալական փոխհատուցման ստացումը:

ԿաԳեԲե – ռուսերեն` Комитет государственной безопасности (Պետական անվտանգության կոմիտե) հապավումը: Այդ մարմինը ՊԱԿ է կոչվել միայն 1954-1991թթ.: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, 1920-1926թթ. ստեղծվել էր Արտակարգ հանձնաժողով (ԱՀ), 1926-1934թթ. դրան փոխարինել է Պետական քաղաքական վարչությունը (ՊՔՎ), 1934-1941թթ.՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ), 1941-1946թթ.՝ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատը (ՊԱԺԿ), 1946-1953 թթ.՝ Պետական անվտանգության նախարարությունը (ՊԱՆ), 1953-1954թթ.՝ Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), և վերջապես 1954-1991թթ.՝ Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ): Որ անունով էլ լիներ՝ այս մարմինը միշտ պատժիչ գործունեություն էր իրականացնում և ԽՍՀՄ քաղաքացիների վախի ու տագնապի աղբյուր էր:

ԿԿ – Կոմունիստական կուսակցություն: Քաղաքական կուսակցություն, որի հիմնարար ուսմունքը մարքսիզմն է, իսկ նատակը՝ սոցիալական արդարության հասնելը և կոմունզմի կառուցումը: Առաջին կոմունիստական կուսակցությունները հեղափոխական էին, քանի որ իշխանությունը վերցնելու պարտադիր պայման համարում էին զինված ապստամբությունը և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումը: Սոցիալական արդարության հասնելու միջոց էր համարվում մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության վերացումը: ԽՍՀՄ-ը կոմունիստների իշանության առաջին երկիրն էր: Չնայած մեկ երկրում կարող էին լինել մի շարք կոմունիստական կուսակցություններ, ԽՍՀՄ-ում կար ոչ միայն մեկ կոմունիստական կուսակցություն, այլև առհասարակ միայն մեկ կուսակցություն: Այդ կուսակցությունը Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական կյանքի մոնոպոլ իրավունք ուներ. 1936թ. Սահմանադրության 126-րդ, և 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածով ԽՄԿԿ-ն հայտարարված էր սովետական հասարակության ղեկավար և ուղղորդող ուժը:

Քննարկվում է կոմունիստական կուսակցությունների տեսակների կամ հոսանքների հարցը՝ անարխո-կոմունիզմ, լենինիզմ, ստալինիզմ, տրոցկիզմ, մաոիզմ և այլն:

ԿԿԿԿ, ԿԿ Կենտկոմ – Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտե: ԽՍՀՄ ԿԿ ԿԿ –ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոիտե: Մինչև 1917թ. գարուն՝ ՌՍԴԲԿ (Ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն), 1917-1918թթ.՝ ՌՍԴԲ(բ)Կ սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցություն, 1918-1925թթ.՝ ՌԿ(բ)Կ (Ռուսական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն), 1925-1952թթ.- ՀԿ(բ)Կ (Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն, այնուհետև՝ ԽՄԿԿ,-Խորհրդային միության կոմունիստական կոսակցություն: Կուսակցության հիմնադիրները կուսակցական պաշտոններ չէին նախատեսել, այն նախագահ չուներ, իսկ ԿԿ քարտուղարը կատարում էր միայն տեխնիկական բնույթի աշխատանքներ: Հետագայում ԿԿ-ն դարձավ ահռելի ղեկավար մարմին, իսկ ԿԿ առաջին քարտուղարը դարձավ ԿԿ ղեկավարը: ԿԿ-ն ընտրվում էր կուսակցության համագումարների ընթացքում, կուսակցության համագումարների միջակայքում բարձրագույն կուսակցական մարմինն էր, և հաշվետու էր հաջորդ համագումարին: ԽՄԿԿ 28-րդ համագումարի ժամանակ (1990թ.) ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ ամենամեծ կազմը՝ 412 մարդ:

Ըստ կանոնադրության ԿԿ-ն իրականացնում էր կուսակցության ողջ գործունեության ղեկավարությունը, իսկ ըստ էության իրականացնում էր ողջ երկրի ղեկավարությունը: ԽՄԿԿ ԿԿ-ն պարբերաբար, առնվազն վեց ամիսը մեկ, անց էր կացնում բոլոր անդամների ու անդամության թեկնածուների ժողովներ:

Կոմերիտմիություն – Կոմունիստական երիտասարդական միություն: Խորհրդային յուրաքանչյուր պատանու սրբազան պարտականությունն էր կոմերիտմիության անդամ լինելը: Չնայած այն կամավոր միություն էր, բայց փաստացի պարտադրվում էր բոլոր պատանիներին: Կոմերիտմիության անդամ չէին ընդունում ռեպրեսիաների ենթարկված ընտանքիների և «նախկինների» (նախկին հոգևորականներ, ցարական բանակի սպաներ, ցարիզմի շրջանի վարչական ապարատների աշխատողներ և այլն) զավակներին: «Կոմերիտմիության մեջ չընդունելն» ինքնին պատիժ էր, նախ՝ հետագա կարիերայի համար անհրաժեշտ էր կոմերիտմիության անդամության վկայականը, մասնավորապես՝ կոմերիտմիության անդամության տոմսը, հետո՝ երիտասարդությանն ուղղված բոլոր պաշտոնական ծրագրերը, սկսած դպրոցականներից, կառուցվում էին կոմերիտմիության հաշվառումով, այդ թվում՝ երիտասարդական սպորտային կառույցները, ամառային ճամբարները, էքսկուրսիաները, տարաբնույթ խմբակները՝ թատերական, ասմունքի, տիեզերագնացների, ավիատորների, նկարչության և այլն: Կոմերիտմիության անդամությունից դուրս մղվածները փաստացի դուրս էին մղվում երիտասարադական բոլոր ծրագրերից:

Կոլխոզ, կոլտնտեսություն – ռուսերեն Колективное хозяйство (կոլեկտիվ տնտեսություն) բառերի համառոտագրվող ձևը, հայերեն համարժեքը ռուսերենից թարգմանությունն է` կոլտնտեսություն: Կոլխոզ / կոլտնտեսությունը ԽՍՀՄ-ում գյուղերում ընդունված տնտեսվարման համակարգ էր: Գյուղական բնակչության ունեցվածքը և աշխատանքը այդ համակարգին անցավ «կոլեկտիվացման» մասին որոշումների հիման վրա, 1928-30-ական թթ.: Կոլեկտիվացման համակարգի համաձայն գյուղական արտադրության միջոցները (հողը, գործիքները, անասունները, սերմացուն և այլն) համարվում էին կոլխոզի բոլոր անդամների ընդհանուր սեփականություն, աշխատանքը ղեկավարում էր կոլխոզի անդամների կողմից ընտրված մարդը` կոլխոզի նախագահը: Մինչև կոլխոզների ձևավորումը գյուղացիների զգալի մասը հող էր ստացել 1920թ. դեկտեմբերի 28-ին ընդունված հողի մասին դեկրետով և ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն, որի հետևանքով ԽՍՀՄ-ում բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում, այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև: Կոլխոզների ձևավորումով գյուղացիական տնտեսություններից հողը ետ էր վերցվում, ամրակցվում էր կոլխոզին և ենթակա չէր վաճառքի կամ վարձակալության: Կոլխոզի անդամների աշխատանքի արդյունքները բաշխվում էին անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ, բայց խստորեն կարգավորված էին: Այսպես, արդյունքի որոշակի մասը վաճառվում էր պետությանը շատ ցածր, պետության կողմից որոշված գնով, պետական բանկերին էին վերադարձվում գարնանային աշխատանքների համար տրված վարկերը, վճարվում էին մեխանիզատորների աշխատավարձերը, ամբարվում էր կոլխոզի անուսունների կերապաշարը, և մնացած արդյունքը բաշխվում էր կոլխոզի անդամներին՝ ըստ աշխատած օրերի հաշվարկի (աշխօր):

Կոլխոզի անդամը կարող էր ունենալ նաև «տնամերձ հողամաս» և սահմանափակ թվով սեփական անասուններ (մինչև Ստալինի մահը` մեկ կով, երկու հորթ, տաս ոչխար և այծ, մեկ մայր խոզ):

Գյուղում ապրող մարդը կոլխոզում չաշխատելու իրավունք չուներ: 1948թ. փետրվարի 21-ին Նիկիտա Խրուշչեվի նախաձեռնությամբ ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց նախ` Ուկրաինայի, ապա, հունիսի 2-ին` ողջ ԽՍՀՄ-ի համար` գյուղատնտեսական աշխատանքներից չարամտորեն խուսափող, հակահասարակական, մակաբույծի (պարազիտ) կյանքով ապրողներին դատապարտել ութ տարվա աքսորի: Այս որոշումը գործել է մինչև 1953թ.:

Ստալինի մահից հետո, 1956թ. որոշ փոփոխություններ եղան կոլխոզների և կոլխոզնիկների նկատմամբ: Արգելվեց կոլխոզի անդամությունից զրկելու պրակտիկան, աշխօրերն ազատվեցին հարկումից, նվազեց տնամերձ հողամասերից ստացվող եկամտահարկը, ավելացան տնամերձերի, սեփական անուսունների գլխաքանակի թույլատրելի չափերը և այլն: 1966թ. աշխօրերին փոխարինեցին աշխատավարձի երաշխավորված վճարները: Ժողովրդի մեջ այդ փոփոխությունները հայտնի են որպես Մալենկովի հեղինակած փոփոխություններ և նույնիսկ գյուղացիական երգեր էին հյուսվել Մալենկովի պատվին, ինչպես.

Տասը ոչխար, երկու կով,

Ցավդ տանեմ, Մալենկով:

1990-ական թթ. ԽՍՀՄ-ում շատ քիչ կոլխոզներ էին մնացել: Դրանք մեծ մասամբ փոխարինվել էին սովխոզներով:

Հայաստանը, սակավահող լինելով, շատ դժավարությամբ էր ձևավորում կոլխոզները: Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային փոփոխությունները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։ Հայաստանում խնդիրը դժվարանում էր նաև Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից փրկված հայերի ներհոսքով, իսկ նրանք առհասարակ հողազուրկ էին: Սրանք լրացուցիչ դժվարություններ էին գյուղացիների սեփականության և գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նոր համակարգի` կոլխոզների անցնելու ճանապարհին:

Երեսնական թվականներին կոլխոզների մեջ ընդրկվելուն դեմ գյուղացիները հաճախ պիտակվում էին որպես «հակասովետական», «անհարազատ» և ենթարկվում պատասխանատվության` ընդհուպ մինչև բանտարկություն, ձայնազրկում, աքսոր:

Կոլեկտիվացում – Անհատական գյուղացիական տնտեսությունների միավորման և կոլտնտեսությունների ձևավորման գործընթաց, որն իրականացվել է ԽՍՀՄ-ում 1928-1933թթ. ընթացքում (կոլեկտիվացման մասին որոշումն ընդունվել է 1927թ. ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարում): Կոլեկտիվացմանը դեմ գյուղացիները համարվում էին հակասովետական, ժողովրդի թշնամի, կուլակ, հակահեղափոխական, բոլորն էլ` քրեորեն պատժելի:

Կուլակ, կուլակություն – Ռուսական լեզվա- և սոցիո- մշակույթից խորհրդային տարածք «տեղափոխված» բառ է, որը մինչև բոլշևիկյան հեղափոխությունը գործածվում էր որպես վարձու աշխատանք օգտագործող ունևոր գյուղացու բնութագիր, որն իր համագյուղացիներին կախման մեջ էր գցում իրենից և պահում «բռունցքի» (ռուս. «кулак») մեջ: 1917թ. հետո «կուլակ» բառը ստացել է քաղաքական տերմինի իմաստ, նախ` գործածվելով նաև «կուլակություն» ձևով` նշանակելով ա/ ետկապիտալիստական անցումային շրջանի գյուղացիական միջին դաս, բ/ գյուղական վերնախավ, գ/ լայն իմաստով` այլոց վարձու աշխատանքը շահագործողների դաս: «Կուլակ», «կուլակություն» բառերը հետհեղափոխական շրջանի առաջին քսան տարիներին ԽՍՀՄ քաղաքական և վարչական առաջնորդների կողմից գործածվել է նաև «դասակարգ» իմաստով («վերացնել կուլակությունը որպես դասակարգ»)՝ այսպիսով ձեռք բերելով խորհրդային գաղափարախոսության և խորհրդային կարգերի թշնամու կերպարի բնութագրիչ իմաստ:

1928 թ. սկսվեց կուլակության դեմ լայնածավալ քարոզչություն: Կուլակներին մեղադրում էին տեղական իշխանության մարմիններում և կուսակցական բջիջներում չքավորների ընդգրկելուն խանգարելու մեջ: Հաջորդ` 1929թ. արդեն հայտարարվեց Խորհրդային տարածքում կուլակությունը որպես դասակարգ վերացնելու մասին, ինչը հնչեցրեց Ստալինը «Պրավդա» թերթի 1929թ. նոյեմբերի 7-ի № 259 համարում՝ 1929 թվականը հայտարարելով «արմատական փոփոխությունների տարի», մասնավորապես շեշտելով. «Վերջին ժամանակներս մենք կուլակների շահագործողական միտումները սահմանափակելու քաղաքականությունից անցնում ենք կուլակությունը որպես դասակարգ վերացնելու քաղաքականությանը»: Դա նախ և առաջ նշանակում էր կուլակներին զրկել արտադրական բոլոր միջոցներից` հողի վարձակալության իրավունքից, գործիքներից, աշխատուժի վարձակալության իրավունքից, ինչը գործողությունների մեջ հայտնի է «կուլակաթափություն» անունով:

Կուլակաթափություն – 1928—1932թթ. ԽՍՀՄ գյուղական տնտեսություների կոլեկտիվացման ընթացքում ԽՍՀՄ պետական քաղաքականությունն ուղղված էր կոլեկտիվացմանը դեմ հանդես եկող գյուղական բնակչության ճնշմանը: Կոլեկտիվացման դեմ յուրաքանչյուր գործողություն, ելույթ, զրույց մեկնաբանվում էր որպես հակասովետական: Ձևավորվեց «կուլակությունը որպես դասակարգ վերացնելու» թեզը, որն ստացավ «կուլակաթափություն» («раскулачивание») անունը: Կուլակաթափությունը գործողությունների ծրագիր էր, ըստ որի ունևոր, վարձու աշխատանք օգտագործող գյուղացիները հարկադրաբար և առանց դատի զրկվում էին հողից, արտադրական այլ միջոցներից և քաղաքացիական իրավունքներից, և վերաբնակեցվում երկրի ծայրամասային շրջաններ: 1930թ. հունվարի 30-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոն որոշում ընդունեց «Համատարած կոլեկտիվացման շրջաններում կուլակային տնտեսությունները վերացնելու միջոցառումների մասին» («О мероприятиях по ликвидации кулацких хозяйств в районах сплошной коллективизации»): Գործողություններն իրականացնում էին գործադիր կառավարման տեղական մարմինները: Սակայն քանի որ հստակ և որոշակի չէին «կուլակին» ճանաչելու չափանիշները, նույնիսկ «ունևոր», «միջակ» և «չքավոր» գյուղացի հասկացությունների չափանիշները, տեղական իշխանության մարմինները «կուլակներին» ընտրում էին «աչքաչափով», հաճախ նաև` իրենց ձեռնտու տարբերակներով: Այս ընթացքում լայն տարածում ստացավ նաև «կուլակներին հարողներ» գաղափարական տերմինը, որի շրջանակներում բռնության էր ենթարկվում ցանկացած գյուղացի, նույնիսկ բատրակները:

Հայաստանում որևէ հետազոտություն չի արվել «կուլակաթափության» գործընթացի շուրջ, և այսօր դժվար է ասել, թե «կուլակների», «կուլակության» և «կուլակաթափության» անվան տակ քանի մարդ և իրականում ինչ պատճառներով է ենթարկվել քաղաքական հետապնդումների: Մեր համեստ դաշտային նյութերի վկայությամբ այսօրվա սերնդի հիշողություններում նույն բռնադատված մարդուն առաջադրված մեղադրանքում հիշվում են «կուլակ», «անհարազատ», «նացիոնալիստ» և այլ բառերը` առանց տարանջատելու դրանց գաղափարական ուղղվածությունները:

Կոնֆիսկացիա – «էն ժամանակ կոչվում էր «վերգրել»»: Խորհրդային քաղաքական ռեպրեսիաների շրջանում ռեպրեսիայի ենթարկված անձի ունեցվածքի՝ տան, անասունների, շարժական և անշարժ այլ գույքի բռնագրավում և ազգայնացում: Տեղական իշխանության մարմինների որոշումներով բռագրավված գույքը կարող էր հանձնվել այլ մարդու:

Հակասովետական – Սովետական իշխանության, սովետական կենսաձևին, Սովետական Միության դեմ հայացքների համակարգ: Պրակտիկայում քսանական թվականներից «հակասովետական» էին որակվում բոլորը, ովքեր կասկածներ էին բարձրաձայնում Խորհրդային միության վարչա-կուսակցական մարմինների կողմից ընդունված և իրականացվող որևէ որոշման իրավացիության մասին (օրինակ` ունևոր գյուղացիներին ունեզրկելու, նույնիսկ անհասկանալի չափանիշներով մարդուն «ունևոր», «բանդիտ», «ղաչաղ», «կուլակ», «հակասովետական», «ազգայնական» և այլն գնահատելու): «Հակասովետական» պիտակը կարող էր օգտագործվել օտար լեզուներ իմանալու, արտասահմանյան երկրներում եղած լինելու, կենցաղում սովետական էթիկային չհետևելու, «ժողովրդի թշնամի» համարված մարդուն օգնելու (եթե նույնիսկ այդ մարդը հարազատ է` որդի, դուստր), նույնիսկ «բուրժուական երաժշտություն» սիրելու, «կրոնական հավատի» և այլնի համար: Հակասովետական քարոզչությունը ԽՍՀՄ-ում համարվում էր քրեական հանցագործություն:

Հակասովետական քարոզչություն – Քաղաքական մեղադրանք, որն առաջադրվում էր ռեպրեսիաների ընթացքում: «Հակասովեական քարոզչության» իրավական ձևակերպումն առկա էր խորհրդային առաջին`1922թ. քրեական օրենսգրքում` «հակահեղափոխական հանցագործություններ» բաժնում.

Հետագա տարիներին այս բնույթի մի շարք նոր հոդվածներ էին ներառված ԽՍՀՄ հանրապետությունների քրեական օրենսգրքերում:

Հակահեղափոխական, հակահեղափոխություն – Լայն իմաստով` բոլշևիկյան հեղափոխությունից և սոցիալիստական իշխանության հաստատումից անմիջապես հետո սոցիալիստական գաղափարախոսության և իշխանությունների դեմ ցանկացած գաղափար, գործողություն, գործողության մտադրություն, իշխանության ծրագրերին գիտակցված կամ չգիտակցված դիմադրություն, նեղ իմաստով` նոր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների հիմնական բացատրությունը: Չնայած «հակահեղափոխությունը» որպես քրեական հանցանք քրեական օրենսգրքում ձևակերպվել է միայն 1926թ., 1918թ. նոյեմբերից արդեն լայնորեն հետապնդվում էր նոր իշխանության վարչական և իրավական մարմինների կողմից: Հակահեղափոխական էին համարվում «սովետներին, կամ նրա գործադիր կոմիտեներին, կամ սովետական որևէ ձեռնարկության դեմ ցանկացած ելույթ, անկախ դրանց պատճառի կամ առիթի»:

1926թ. «հակահեղափոխությունը» ստացավ իրավական ձևակերպում նախ` ՌԽՍՀ, ապա` ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 58.1 կետով, ըստ որի հակահեղափոխական էր համարվում բանվորա-գյուղացիական խորհուրդների իշխանության տապալմանը, քայքայմանը կամ թուլացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև կապիտալիզմին փոխարինած սոցիալիստական սեփականության համակարգի իրավաչափությունը չընդունող և այն շրջափակումներով, լրտեսություններով, մամուլի ֆինանսավորմամբ և այլ ձևերով տապալելու նպատակ ունեցող միջազգային բուրժուազիային օգնող որևէ գործողություն: Հակահեղափոխական էին համարվում նաև այն գործողությունները, որոնք կարող էին իրենց մեջ վտանգ պարունակել պրոլետարական հեղափոխության հիմնական քաղաքական կամ տնտեսական ձեռքբերումների նկատմամբ:

Հակա – «Հակահեղափոխական» բառի գործածումից խոսակցական լեզու ներթափանցած ինքնուրույն տերմին, որը բնութագրում է բոլշևիկյան հեղափոխությունից հետո կատարված սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններին ակտիվ կամ պասիվ ընդդիմադիր դիրքորոշումը, երբեմն նաև` անցյալի մշակույթը վերականգնելու կամ դրանց

մնացորդները պահպանելու գործողությունները:

Հանցագործի ընտանիք – տես թշնամու ընտանիք:[L2]

ՀՀ ԿԿ Կենտկոմ – Հայաստանի հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե:

Ձայնազուրկ Ընտրական և քաղաքացիական որոշ իրավունքներից զրկված մարդ: ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունն ընտրական իրավունքից զրկում էր վարձու աշխատանք օգտագործողներին, «անաշխատ» (արժեթղթերով, մասնաբաժիններով) եկամտով ապրողներին և մի շարք հանցագործություններով դատապարտվածներին: «Ձայնազուրկները» չէին կարող արհմիության անդամ լինել, իսկ արհմիության անդամ չլինելով` չէին կարող պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ձայնազուրկներին դժվարությամբ էին ընդունում աշխատանքի, մյուս կողմից էլ նրանք գործազրկության թոշակ և նպաստ չէին կարող ստանալ: Ձայնազուրկներին խորհրդայնացման առաջին տարիներին պարենային քարտեր չէին տրվում: Չնայած օրենքը չէր նախատեսում, սակայն «ձայնազուրկները» փաստացի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին: Ձայնազուրկների որդիներին կամ բանակ չէին տանում, կամ բանակում շարային ծառայության չէին թողնում և օգտագործում էին աշխատանքային ծառայություններում:

Ղաչաղ, ղաչաղություն – Քսանական թվականներին բոլշևիկյան իշխանության հաստատումից հետո անտառներում թաքնվող նախկին հակահեղափոխականներ, դաշնակցականներ, ազգային ազատագրական պայքարի մարտիկներ՝ ֆիդայիներ, որոնքխուսափում էին բոլշևիկյան ռեպրեսիաներից: Տևական ժամանակ անտառներում թաքնվածների մի մասն աստիճանաբար սկսում էին ավազակային գործողություններ անել՝ մթերք, հագուստ և զենք ձեռք բերելու նպատակով, և վեր էին ածվում սովորական քրեական հանցագործների: Տես նաև Բանդիտ:

Մատնագիր, մատնություն (տես նաև՝ ծախել)- Մնացած այլ իմաստներից զատ` քսաներորդ դարի խորհրդային քաղաքական բռնությունների շրջանում որևէ անձի քաղաքական անբարեհուսության մասին կամավոր կամ հարկադրաբար հաղորդում տալը: Հասարակական ընկալման մեջ այն կտրուկ տարբերվում է «վկայություն» տերմինից: Երեսնական թվականների խորհրդային քաղաքական բռնաճնշումների շրջանում վարչական և իրավական ինստիտուտների կողմից խրախուսվող, հաճախ նաև` ֆիզիկական և հոգեկան բռնություններով հարկադրվող արարք, որը հանցանքում մեղադրվողի համար իրավական պատիժ սահմանելու հիմք էր հանդիսանում՝ նույնիսկ առանց ապացույցների:

Մաուզերիստ – Մաուզերով զինված մարդ: Քսաներորդ դարի Հայաստանի առաջին հանրապետության շրջանում գործածվում էր դաշնակցական կուսակցության կողմից թուրքական բանակի դեմ կռվող կամավորներին ղեկավարող սպաների կամ սպայական գործառույթ կատարող կամավորների մի մասի` խմբապետերի նկատմամբ: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո հաճախ օգտագործվում էր հայ-թուրքական կռիվներին մասնակցած դաշնակցականների նկատմամբ` բացասական իմաստով: Այդ շրջանում «մաուզերիստ» բառը պարունակում էր զինված հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, բանվորների և գյուղացիների կամքի դեմ բռնացող, նույնիսկ` «բանդիտ» իմաստները: Խորհրդային տարիներին օգտագործվում էր «զենքի ուժով ապօրինի գործողություններ` հափշտակություններ, սպանություններ կատարող» փոխաբերական իմաստով:

Մեղավոր – Սույն կայքում՝ քաղաքական բռնությունների ենթարկված իրենց ընտանիքների մասին պատմողների՝ ռեպրեսիաների համար մեղավորների ընտանեկան ընկալումը: «Մեղավորների» փնտրտուքի ցանկը սկսվում է «խորհրդային ռեժիմից», պետական քաղաքական գործիչների անունների թվարկումից (Ստալին, Բերիա…) մինչև «մեր հարևանը», մեր «գյուղսովետի նախագահը», «ծախողները»…«Ես տելեվիզորով [հեռուստացույ­ցով] լսել եմ, որ Ստալինն էր։ Դա իրան հրամանն ա իլալ։ Բայց, բա ինչի՞ Սվարանցից [հարևան գյուղն է] ոչ մեկին չաքսորեցին։ Մեղավորն ո՞վ էր՝ գյուղսովետն էր։ Չէ, հերս էն կար­ծիքը չուներ, թե Ստալինն էր մեղավոր, ես իրանից տենց բան չեմ լսել։ Էն ժամանակ Ստալինին մենք պաշտում էինք։…. Մեր գեղի ծախողները շատ էին, ըդոր համար էլ շատ մարդ են բռնադատվել…»

Մեղադրանք – Ի՞նչ մեղադրանքով են դատապարտվել քաղաքական բռնությունների զոհերը: Մեր զրուցակիցների բացարձակ մեծամասնությունը կոնկրետ մեղադրանքներին տեղյակ չէին: Նրանց պատմություններում սովորական ձևակերպումներն են՝ մեղադրանքն է՝ աքսորել են «որպես դաշնակցական»: Ընդ որում, «դաշնակացական» լինելը հաճախ ասոցացվել է որպես «հրացանից օգտ­վել իմացող», «թուրքի դեմ կռվող» կամ պարզապես Նժդեհի հետ ինչ-որ՝ թե­կուզ չնչին շփում, ունեցող։ Հիշողություններում վավերացված է ոչ թե կոնկրետ մեղադրանքը, այլ երեսնական թվականների քաղաքական մեղադրանքների բառամթերքը՝ «դաշնակացական», «հակասովետական», «հակահեղափոխական», «հակապետական», «մաուզերիստ», «կուլակ» «նացիոնալիստ», «տեռորիստ», «բանդիտ», «ղաչաղ», «անհարազատ», «հակաստալինական» ընդհանուր բնույթի տերմինները, երբեմն միայն՝ «լրտես»: Կարող է թվարկվել նաև մեղադրանքների մի ամբողջ շարք, ինչը դեռ չի նշանակում, որ անձն իսկապես դատապարտվել է այդ բոլոր «հանցագործությունների» համար, պարզապես պատմողը թվարկում է իրեն ծանոթ շարքը: 1949թ. աքսորյալների համար ամենատարածված հիշվող մեղադրանքը «գերին» է: Արդարացման փաստաղթերին ծանոթանալիս սովորաբար թվարկվող «հանցագործություններից» որևէ մեկը հանդիպում է, սակայն կարող է նաև չհամընկնել: Պատմողը հաճախ համոզված է, որ այդ տերմինները բոլորն էլ նույն իմաստն ունեն, և անիմաստ է ուղեղը ծանրաբեռնել մանրամասներով:

Մայովկա – Ռուսերեն «Маевка» բառը, որ օգտագործվում էր բոլշևիկացման առաջին տասնամյակներից սկսված մայիսյան բացօթյա խնջույքները ներկայացնելու իմաստով: Մայովկաները խորհրդային տարածքում եկան փոխարինելու կրոնական գարնանային տոներին, հայոց մեջ՝ Ծաղկազարդին, Զատիկին, Կանաչ-Կարմիր կիրակիներին, Համբարձմանը: Ակտիվորեն քարոզվում էր կուսակցական աշխատողների, բայց հատկապես՝ կոմերիտականների կողմից: Սովորաբար նշվում էր մայիսի մեկին կամ երկուսին, սակայն կարող էր նշվել նաև մայիսյան որևէ կիրակի: Իրենից ներկայացնում էր աշխատանքային կոլեկտիվների բացօթյա խնջույք, ամենից ավելի հաճախ դաշտերում, գյուղերում՝ յուրաքանչյուր աշխատանքային բրիգադի կողմից մշակվող հողակտորներում: Մայովկաները խրախուսելու նպատակով տեղական իշխանությունները, հատկապես գյուղական վայրերում, աշխատանքային բրիգադներին ոչխար, գառ, երբեմն էլ խոշոր եղջերավոր անասուններ էին հատկացնում, կոլխոզների պահեստներից մթերք դուրս գրում՝ կարագ, պանիր, մեղր, խմիչք, լարախաղացներ, ինքնագործ երաժշտական խմբեր հրավիրում: Մայովկաների նպատակը մի կողմից եկեղեցական տոները դուրս մղելն էր, մյուս կողմից՝ խորհրդային ընդհանուր մշակույթի ձևավորումը, երրորդ՝ կոլեկտիվիզմի ավանդույթ ձևավորելը և ոգին ամրապնդելը: Մայովկաների ընթացքում ձևավորվող բանահյուսական երգարվեստը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար մեծ ընդհանրություններ ունի:

Որդին հոր փոխարեն պատասխան չպետք է տա – («Сын за отца не отвечает»), այս արտահայտությունը Ստալինն ասել է 1935թ. դեկտեմբերին, երբ կուսակցական ղեկավարության հետ Մոսկվայում առաջավոր կոմբայնավարների հետ հանդիպման ժամանակ Տիլբա անունով մի բաշկիր կոլխոզնիկ ասել է. «Չնայած ես կուլակի որդի եմ, բայց ես ազնվորեն պայքարելու եմ սոցիալիզմ կառուցելու և բանվորների ու գյուղացիների գործի համար»: 1937թ. հուլիսի 5-ին այդ կապակցությամբ որոշում է կայացրել ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոն (№ П51/144).

Ոչ դատ, ոչ դատաստան – 1938թ. մայիսի 21-ին ՆԳԺԿ հրամանով ստեղծվեցին «ոստիկանական եռյակներ», որոնք իրավունք ստացան առանց դատի 3-5 տարով աքսորի կամ կալանավորման դատապարտել «սոցիալապես վտանգավոր տարրերին»: Այս խմբի մեջ էին ընկնում նաև քրեական հանցագործները, վերավաճառողները, գողոնը գնողները և այլն:

Չեկիստ – Նեղ իմաստով՝ ռուսերեն «Чрезвычайная комиссия» (ЧК) (բառացի՝ «Արտակարգ հանձնաժողով») բառերի ռուսերեն հապավումը, որ որպես առանձին բառ տարածվել է ողջ խորհրդային տարածքում՝ նշանակելով արտակարգ հանձնաժողովի անդամ, աշխատող, հանձնաժողովի որոշումների կատարող: Հիշյալ «արտակարգ հանձնաժողովն» ստեղծվել էր բոլշևիկների իշխանության գալուց անմիջապես հետո հատուկ հակահեղափոխության դեմ պայքարելու նպատակով և կոչվում էր «Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի արտակարգ հանձնաժողով» («Чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем»): Քանի որ հիշյալ հանձնաժողովի գործառույթները հետագայում անցան Ներքին գործերի, Ազգային անվտանգության, Պետական անվտանգության և այլ նմանօրինակ կառույցներին, հասարակության մեջ հաճախ «չեկիստ» էին անվանում նաև այդ կառույցների աշխատողներին: Ներկայումս Հայաստանում հասարակության մեջ լայն իմաստով գործածվում է նաև քաղաքական մատնիչների և իշխանության, իշխանության հետ կապ ունեցող ազդեցիկ անձանց ոչ օրինական, պատժիչ հրահանգները կատարող մարդկանց, կամ՝ դրանց նկատմամբ կամավորության կամ վարձու պատրաստակամության անձանց մասին՝ որպես բնութագիր, երբեմն նաև՝ ռուսական քաղաքական կամքի ենթադրյալ կամակատարների հանդեպ:

Պարտքարտուղար – Առաջացել է երկու բառից՝ ռուսերեն партия (կուսակցություն) և հայերեն՝ քարտուղար: Սույն կայքում՝ կոմունիստական կուսակցության որևէ մակարդակի կազմակերպոթյան, բջջի կուսակցական աշխատանքների պատասխանատու անձ: Բջիջները կարող էին լինել համայնքներում (գյուղերում, քաղաքներում), շրջաններում, հիմնարկներում՝ գործարաններում, ԲՈՒՀ-երում, բանակում և այլն: ԽՍՀՄ առաջին դեմքը ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քարտուղարն էր, հանրապետություններում և այլ սուբյեկտներում (երկրամաս, մարզ, ինքնավար հանրապետություն և այլն) նույնպես կար համապատասխան պաշտոնը: Բոլոր փոքրիշատե կարևոր հիմնարկներում պարտքարտուղարն ազատված էր այլ աշխատանքային պարտականություններից: Պակաս կարևոր և փոքրաթիվ աշխատանքային կոլեկտիվներում տվյալ հիմնարկի կոմունիստական կուսակցության անդամների կողմից ընտրված քարտուղարը կուսակցական աշխատանքը համատեղում էր այլ աշխատանքների հետ:

Պարտիա, պարտիական – Սույն կայքում՝ բացառապես կոմունիստական կուսակցություն, կոմունիստական կուսակցության անդամ: Խորհրդային շրջանի ռեպրեսիաներից հետո միակ իրավական քաղաքական կուսակցությունը ԽՍՀՄ-ում:

Պա­տերն էլ են լսում – տես վախ:

ՊԱԿ – Պետական անվտանգության կոմիտե, նույն ԿաԳեԲե-ն է:

Ռեաբիլիտացիա – (լատիներեն rehabilitate– վերականգնում), իրավական իմաստով՝ իրավունքների վերականգնում, արատավորված բարի համբավի վերականգնում, անմեղ մարդուն կամ խմբին հանիրավի դատապարտումից վերակագնում «հանցակազմի բացակայության պատճառով»: Ռեաբիլիտացիան տարբերվում է ներումից, ռեաբիլիտացիայի դեպքում վերականգնվում են սխալ կամ կեղծ մեղադրանքի պատճառով առաջացած իրավունքների բոլոր սահմանափակումները և հետևանքները:

Խորհրդային քրեական իրավունքը «ռեաբիլիտացիա» տերմինը մեկնաբանում էր որպես անհիմն քրեական պատասխանատվության ենթարկված անձի նախկին վիճակի վերականգնում: Ռեաբիլիտացվածն իրավունք ուներ իրեն հասած վնասը վերականգնելու:

ԽՍՀՄ-ում ստալինյան ռեպրեսիաների ենթարկված մարդկանց և ժողովուրդների զանգվածային ռեաբիլիտացիան սկսվել է 19531954 թթ. և ընդհատումներով շարունակվել մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանի անկախացումից հետո ռեաբիլիտացիայի գործընթացը վերսկսվել և շարունակվում է մինչ օրս:

Ռեժիմ – «Ռեժիմ ա­սա­ծը՝ դա Ստալինի ամբողջ դրվածքն էր»,-ասում է մեր զրուցակիցներից մեկը: Խորհրդային շրջանի բռնաճնշումները հաճախ բնութագրվում են «ռեժիմ», «ստալինյան ռեժիմ», «ստալինիզմ» բառերով՝ դրանով բնորոշելով 1920- 50-ական թթ. ԽՍՀՄ ամբողջատիրական քաղաքական համակարգը և դրա գաղափարախոսությունը: Ստալինզմը բնորոշվում է Ստալինի անձնական իշխանության բացարձակությամբ, որը դրսևորվել է պետության պատժիչ գործառույթների ծայրահեղ մեծացմամբ, կառավարման վարչա-հրամայական մեթոդներով, կուսակցական և պետական վարչական կառույցների աշխատանքների սերտաճմամբ, հասարակության կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ խստագույն գաղափարական վերահսկողությամբ, քաղաքացիների հիմնարար իրավունքների բացարձակ խախտումներով: Որոշ քաղաքագետներ ստալինիզմը համարում են տոտալիտարիզմի՝ ամբողջատիրության դրսևորում: Մեծ հավանականությամբ ստալինիզմը խորհրդային ողջ տարածքում նպաստել է սոցիալական որոշակի վարքի, մասնավորապես հասարակական և մասնավոր կյանքում իշխանության դերի գերարժևորմանը և մարդկանց հարաբերություններում վախի ու կասկածի մթնոլորտի ձևավորմանը, որոնք մինչ օրս, նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո, ԽՍՀՄ նախկին հանրապետությունների բնակչոթյան մեջ դեռևս շարունակում են զգալի դեր խաղալ:

Ռեպրեսիա – (Լատիներեն «repressio» բառից), որևէ անցանկալի երևույթ կանխարգելելու նպատակով իրականացվող պատժիչ գործողություն: Քաղաքական ռեպրեսիա՝ պետության, իշխանության կողմից քաղաքական նպատակներով իրականացվող տարաբնույթ պատժիչ հարկադրանք՝ ընդհուպ մինչև մարդուն կյանքից զրկելու որոշումը: Ռեպրեսիաների ձևեր են բանտային կամ ճամբարային ազատազրկումները, աքսորները, վտարումները բնակարանից, աշխատավայրից և բնակավայրից, հարկադիր, հատկապես ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը, քաղաքացիությունից զրկելը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակումը (ընտրության իրավունքից, բարձրագույն կրթության իրավունքից, պետական աշխատանքի իրավունքից) և այլն: Կարող են լինել անհատական և խմբային ռեպրեսիաներ (ազգային-էթնիկ, ազգային-քաղաքացիական, կուսակցական, դասակարգային, դասային, կրոնական, ռասայական, աշխարհայացքային, սեռային պատկանելության և այլ հիմունքներով): Քսաներորդ դարի ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ընթացքում փաստացի օգտագործվել են բոլոր ձևերը թե՛ անհատների, թե՛ բազմաբնույթ խմբերի, ընդհուպ մինչև «ընտանիքի անդամների» նկատմամբ:

Սովխոզ – (ռուս. «Советское хозяйство»,-սովոտական տնտեսություն բառերի համառոտագրումը` Совхо́з) – ԽՍՀՄ-ում գյուղական տնտեսվարման պետական ձեռնարկություն: Ի տարբերություն գյուղացիների սեփական միջոցների միավորմամբ ստեղծված կոլեկտիվ տնտեսությունների` «կոլխոզ»-ների, որտեղ աշխատողները համարվում էին սեփական կոլեկտիվ տնտեսությունում «աշխօր»-ով վարձատրվող սեփականատեր-աշխատողներ, «սովխոզ»-ները պետական ձեռնարկություններ էին, որտեղ աշխատողները վարձու աշխատողներ էին և ստանում էին սահմանված չափով դրամական աշխատավարձ:

Սոցիալապես վտանգավոր անձնավորություն – Հոգեբանորեն անհավասարակշիռ կամ քրեորեն հասարակության համար վտանգավոր անձ: Իր լայն մեկնաբանության և հստակ չափորոշիչների բացակայության պատճառով շատ հարմար բնութագիր է քաղաքական հետապնդումների հակված հասարակություններում: ԽՍՀՄ քաղաքական ռեպրեսիաների շրջանում լայնորեն գործածվող իրավական տերմին՝ անձին օրենքով արգելված հակասովետական գործունեության մեջ մեղադրելու համար:

Սիբիր, սիբիրներ – Սիբիրը` Ռուսական կայսրության հյուսիսային ցուրտ շրջանը, դեռևս ցարական Ռուսաստանի շրջանից քրեական հանցագործների և քաղաքական այլախոհների աքսորավայր էր: Ավանդույթը շարունակվել է նաև Խորհրդային շրջանում: Հայաստանում «Սիբիր» բառը աշխարհագրական տարածք լինելուց ավելի ընկալվել է որպես աքսորավայրի հոմանիշ, ուստի երբեմն ցանկացած աքսորավայր ժողովրդական բառապաշարում անվանվել է «սիբիր»: Հաճախ միայն մասնավոր ճշտումից հետո է պարզվում, որ այս կամ այն աքսորականն իրականում աքսորվել էր, օրինակ, Միջին Ասիա` Խորհրդային միության երեսնական թվականների հիմնական աքսորավայրերից մեկը: Բանավոր պատմություններում հանդիպող «սիբիրներ» բառը երբեմն պետք է հասկանալ «աքսորավայր» իմաստով:

Սև ավտոՌեպրեսիաների շրջանում «հանցագործի» հետևից սև գույնի փակ բեռնատար մեքենայով էին գալիս, որի հետևանքով «սև ավտո» բառերը սկսել են խորհրդանշել «գույժ», «հանիրավի պատիժ», «բռնության գործիք» իմաստները:

Վաշտապետ – Սույն կայքում՝ ինքնապաշտպանական և ազգային-ազատագրական նպատակներով Նժդեհի կողմից ձևավորված զինված կամավորական խնբերի՝ վաշտերի պետերը, ովքեր սովորաբար նույն կամավորներից էին:

Վախ – «…պա­տերն էլ են լսում»: ««Անհատի պաշտամունք» որ ասում են, ոչ թե բոլորը Ստա­լինին պաշտում էին, այլ վախենում էին։ Վախենում էին բոլորը»։ Համատարած վախի մթնոլոտը երեսնական թվականներին դարձավ ԽՍՀՄ բնակչության կենսաձևի անբաժան մասը: Վախենում էին խոսել, վախենում էին կարծիք արտահայտել, վախենում էին վկայություն տալ, վախենում էին… ապրել: Վախի կարևոր պատճառներից մեկը ռեպրեսիաների շրջանում խրախուսվող համատարած մատնության, զրպարտության պրակտիկան էր: Վախը տեռորի էր ենթարկել հասարակության կամքը:

Վերգրել – տես կոնֆիսկացիա:[L3]

Տեռորիստ – (լատիներեն terror –վախ, սարսափ), բռնության գործողություններով «վախ», «սարսափ» տարածող մարդ/մարդկանց խումբ: Լայն իմաստով պարբերաբար տեռորի միջոցով քաղաքական կամքի թելադրանք: ԽՍՀՄ-ում քաղաքական ռեպրեսիաների ընթացքում «տեռորիստ» ձևակերպումը հանդիպում է բազմաթիվ մեղադրյալների գործերում: Սույն կայքում տեղ գտած պատմություններում «տեռորիստ» մեղադրանքը հաճախ տարածվել է քաղաքական բռնությունների զոհերի վրա`իբրև նրանք բռնի գործողություններով (տեռորի միջոցով) տարածում էին հակասովետական տրամադրություններ կամ պետության դեմ նախապատրաստում էին տեռորիստական գործողություններ:

Տորգ – բառացի թարգմանությունը` աճուրդ: Երեսնական թվականներին քաղաքական բանտարկյալի ունեցվածքը, ազգայնացնելուց հետո (կոնֆիսկացիա), հաճախ աճուրդով վաճառվում էր և ստացված գումարը առգրավվում էր պետական բյուջե:

Տրոյկա – 1935 թ. մայիսի 27-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ հրամանով հանրապետություններում ստեղծվեցին այսպես կոչված ՆԳԺԿ «եռյակներ» («тройки»), որոնք կազմվում էին ՆԳԺԿ վարչության պետից, Միլիցիայի վարչության պետից և երկրամասային դատախազից: «Եռյակ»-ները որոշումներ էին ընդունում հինգ տարով աքսորելու կամ ճամբարներում կալանավորելու մասին: 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով սկսվեց «Նախկին կուլակների, քրեականների և հակասովետական այլ տարրերի հանդեպ ռեպրեսիաների օպերացիան»: Այս հրամանով բռնությունների ենթակա էին.

  • նախկին կուլակները (նախկինում բռնադատված, բռնադատումից խուսափած, ճամբարներից և աքսորավայրերից փախած, կուլակաթափությունից քաղաք փախած),
  • նախկինում բռնադատված «եկեղեցականները և աղանդավորները»,
  • նախկինում հակասովետական զինված բախումների մասնակիցները,
  • հակասովետական քաղաքական կուսակցությունների նախկին անդամները (էսէռները, վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները, ադրբեջանական մուսավաթականները, իթթիհատականները և այլ),
  • «Նախկին բանդիտական ապստամբությունների» նախկին ակտիվ մասնակիցները,
  • նախկին սպիտակգվարդիակնները, «հայրենադարձները» («վերահայրենադարձները») և այլն,
  • քրեականները:

1938թ. մայիսի 21-ին ՆԳԺԿ հրամանով ստեղծվեցին «ոստիկանական եռյակներ», որոնք իրավունք ստացան առանց դատի 3-5 տարով աքսորի կամ կալանավորման դատապարտել «սոցիալապես վտանգավոր տարրերին» : Այս խմբի մեջ էին ընկնում նաև քրեական հանցագործները, վերավաճառողները, գողացված ապրանքը գնողները և այլն:

Տրոցկիստի տղա – Խորհրդային ռեպրեսիաների շրջանում դատապարտված հեղափոխական Լեվ Տրոցկու անունով՝ հակաբոլշևիկյան, հակասովետական, ժողովրդի թշնամու մեղադրանքներով պիտակը հավասարազոր էին Տրոցկու հետևորդ, տրոցկիստ պիտակներին:

Ցեկա – Ռուսերեն «Центральный комитет» բառերի հապավումը՝ (ЦК), հայերեն համարժեքն է՝ ԿԿ՝ Կենտրոնական կոմիտե:

Փախեփախ – 1915թ. Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության շրջանի փրկվածները ցեղասպանությունը հաճախ «փախեփախ», «ջարդեր», «կոտորածներ» բառերով են կոչում:

Ֆիդայի – Ազատագրական շարժման կամավորական մարտիկ: Տարածվել է 19րդ դարի վերջերից Արևմտյան Հայաստանում թուրքական բռնությունների դեմ պայքարող քրիստոնյաների միջավայրում:

Հասարակական ճնշումՌեպրեսիաների ենթարկվածների ընտանիքները տևական ժամանակ դառնում էին հասարակությունից և ազգականներից մեկուսացած և հասարակական ճնշման թիրախ: Դպրոցներում խրախուսվում էր «ժողովրդի թշնամիների» զավակների նկատմամբ արհամարհանքը, նրանց նվաստացումը, նրանց օրինակ էին բերում՝ հակադրելով ռեժիմին նվիրվածությանը: Պատանիներին մերժում էին հասարակական աշխատանքների, կոլեկտիվ խաղերի մեջ ընդգրկել, չէին ընդունում երիտասարդական միությունների մեջ: Տեղական իշխանությունները հաճախ հետևում էին, որ այդ ընտանիքների հետ խզվեն ազգականների, հարևանների կապերը, վախեցնում էին այդ նորմերին չհետևող մարդկանց ու ընտանիքներին: (…դաշնակցականի շներ, «ժողովրդի թշնամիի» տղերք էինք… Էն ժամանակ էսպես էր՝ եթե պետությունը գտնում ա, որ դու թշնամի ես, ուրեմը գյուղացիները չէին ընդունում, իրոք վերաբերվում էին որպես թշնամի. եղբայրը եղբոր տուն չէր գնում, դու պատկերացնու՞մ ես ինչ ա։ Չէ´ր գնում։ Համարու´մ էր թշնամի։ Եղբայրը եղբորը համարում էր թշնամի

էսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է մեզ տվել -երգի տողեր: Այդ երգը սովորեցնում էին դպրոցներում երեսուն-քառասնական թվականներին:

[19]28 թվին արդեն բռնի-բռնին ընկավ։ Սկսեցին բռնել – Քաղաքական բռնությունների սկզբնավորման՝ տեղական փորձով ձևավորված ժամանակագրական սկիզբը:

58-րդ հոդված – ՌԽՍՀ, ապա` ԽՍՀՄ քրեական օրենսգրքում 1926թ. Ընդունված 58-րդ հոդվածը նախատեսված էր «հակահեղափոխական» գործունեության իրավական դատապարտման համար: 58-րդ հոդվածի 58.1 կետով հակահեղափոխական գործունեություն էր համարվում բանվորա-գյուղացիական խորհուրդների իշխանության տապալմանը, քայքայմանը կամ թուլացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև կապիտալիզմին փոխարինած սոցիալիստական սեփականության համակարգի իրավաչափությունը չընդունող և այն շրջափակումներով, լրտեսություններով, մամուլի ֆինանսավորմամբ և այլ ձևերով տապալելու նպատակ ունեցող, միջազգային բուրժուազիային օգնող որևէ գործողություն: Հակահեղափոխական էին համարվում նաև այն գործողությունները, որոնք կարող էին իրենց մեջ վտանգ պարունակել պրոլետարական հեղափոխության հիմնական քաղաքական կամ տնտեսական ձեռքբերումների նկատմամբ:

1937 – Խորհրդային շրջանի քաղաքական ռեպրեսիաների գագաթնակետը: 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով սկսվեց «Նախկին կուլակների, քրեականների և հակասովետական այլ տարրերի հանդեպ բռնությունների օպերացիան», որն իրականացնելու համար ԽՍՀՄ հանրապետությունների և երկրամասերի մակարդակով ձևավորվեցին «արագացված եռյակներ»:

«Կուլակային օպերացիան» լիմիտավորված էր ըստ տարածքների և իրականացման ժամկետների, և երբեմն «տեղերից» նախաձեռնություն էին հանդես բերում ավելացնելու բռնության ենթակա մարդկանց թիվը: 1937թ. սեպտեմբերի 22-ի նամակով, օրինակ, պետական անվտանգության գերագույն նախագահ Եժովը նամակ է գրում «ընկեր Ստալինին», տեղեկացնելով, որ «ընկեր Միկոյանը» խնդրում է Հայաստանում գնդակահարության ենթակա դաշնակցականների և այլ «հակասովետական տարրերի» թիվն ավելացնել 700 մարդով, և ինքը՝ Եժովն իր հերթին առաջարկում է այդ թիվն ավելացնել 1500-ով՝ գնդակահարվողների նախկինում հաստատված թիվը հասցնելով 2000 մարդու (ըստ երևույթին Հայաստանում գնդակահարվողների լիմիտը նախապես եղել է 500 մարդ): Դիմումի վրայի մակագրություններից երևում է, որ Եժովի առաջարկին կողմ են եղել, անշուշտ, Ստալինը, բայց նաև՝ Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

РГАСПИ. Ф. 17. Оп. 166. Д. 580. Л. 10. Подлинник. Машинописный текст, подпись — автограф.

Տպավորություն է ստեղծվում, որ բարձաստիճան պաշտոնատար անձիք մրցում էին՝ ով ավելի շատ գնդակահարվածների թիվ կառաջարկի: Ընդ որում որքան «հարազատ մարդկանց»՝ այդքան շահեկան առաջարկողի համար: Այդ տրամաբանությամբ գնդակահարվող հայերի թվի ավելացման համար պետք է միջնորդեր, անշուշտ, ազգությամբ հայ Միկոյանը: Այդ կարգի «մրցումը» ռեժիմին նվիրվածության կարևոր վկայություն էր և Հայաստանում լրացուցիչ 1500 գնդակահարվողներն, ըստ երևույթին, «ընկեր Ստալինի» աչքին կտրուկ բարձրացրել են «ընկեր Միկոյանի» վարկը:

Ճիշտ մեկ ամիս անց, 1937թ. հոկտեմբերի 22-ին Կիրովսկի մարզկոմի առաջին քարտուղարն է դիմում բռնադատման ենթարկվողների «առաջին կատեգորիայի» (գնդակահարության ենթարկվողներ) թիվն ավելացնել 300 մարդով, «երկրորդ կատեգորիայինը»՝ 1000 մարդով: Այդ դիմումի վրա Ստալինի մակագրությամբ 300-ը փոխվում է 500-ի, իսկ երկրորդ կատեգիորիայինը՝ 1000-ի փոխարեն նվազեցվում՝ դառնալով 800 մարդ:

Ըստ Ա.Մանուկյանի, 1930-1940թթ. բռնաճնշումներին զոհ են դարձել Հայաստանի մոտ 18 հազար քաղաքացիներ՝ չհաշված նրանց ընտանիքների անդամների կրած բարոյա-հոգեբանական ու սոցիալ-քաղաքական ճնշումները (Մանուկյան Արմենակ, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-53թթ., Երևան, 1999թ., էջ 25), որից 4639 մարդ գնդակահարության է դատապարտվել միայն 1930-38թթ. ընթացքում (Անդ, էջ 20):

1949 թ. աքսորվածները – 1949 թ. Կովկասի հայերի բռնաքսորի համար հիմք է հանդիսացել ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի 1949 թ. մայիսի 17-ի որոշումը, որի համաձայն բռնաքսորի ենթակա էին ՌԽՖՀ և Ուկրաինայի Սևծովյան առափնյակի, Վրաստանի և Ադրբեջանի «քաղաքականապես անհուսալի տարրերը»:

Որպես այդպիսիք համարվել են ԽՍՀՄ քաղացիություն ունեցող հույները, ԽՍՀՄ քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակները, և ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակները (Сталинские депортации 1928–1953 / под общ. ред.А. Н. Яковлева, М., 2005. с. с. 665): Այս որոշմանը հաջորդել է ԽՍՀՄ Պետական անվտանգության մինիստրի 1949 թ. մայիսի 28 № 00183 հրամանը «Թուրքական քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող թուրքերին, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիներին, հունահպատակներին, ներկայումս քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակներին, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակներին, և դաշնակցականներին իրենց ընտանիքներով Վրաստանի ԽՍՀ-ից, Հայաստանի ԽՍՀ-ից, Ադրբեջանի ԽՍՀ-ից Սև ծովի առափնյա գոտուց աքսորելու մասին», որը Ն.Թորոսյանի կարծիքով 1949թ. հայերի աքսորի մասին առաջին փաստաթուղթն է (Торосян Н.Г. К вопросу о переселении армян в Алтайский край: исторический аспект, с.75 (http://izvestia.asu.ru/2013/4-1/hist/TheNewsOfASU-2013-4-1-hist-14.pdf):

Սրան հետևել է 1949թ. մայիսի 29 –ի՝ Ստալինի կողմից ստորագրված ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի № 2214-856сс որոշումը «Վրացական, Հայկական, Ադրբեջանական ԽՍՀ-ներից և Սև ծովի առափնյա տարածքից արտաքսվածների տեղափոխության, վերաբնակեցման և աշխատանքով ապահովելու մասին»: Արտոքսվողներն էին «դաշնակցականները», թուրքական քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող թուրքերը, հունահպատակները, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակները ,-Сталинские депортации 1928–1953 / под общ. ред.А. Н. Яковлева, М., 2005. с. 668/.. Չնայած այս ցուցակում «հայ» բառի բացակայությանը, ակնհայտ է, որ «դաշնակցականները» հայերն էին, ինչպես հայեր էին բազմաթիվ «նախկին թուրքահպատակներ» և «նախկին հունահպատակներ»:

ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարի 1949թ. հունիսի 2-ի հրամանով աքսորյալները պետք է տեղովորվեին հետևյալ սկզբունքով.

Ալթայի երկրամաս դաշնակցականներ 3620 ընտանիք 13 000 մարդ.
Տոմսկի մարզ թուրքեր 1500 ընտանիք 5400 մարդ
Ջամբուլի մարզ հույներ 6000 ընտանիք 21 600 մարդ.
Հարավ-ղազախական մարզ հույներ 1500 ընտանիք 5400 մարդ

Արդյունքում 1949թ. հունիսին բռնաքսորի ենթարկվեցին 57,680 մարդ, որից 15, 485 -ը` որպես դաշնակ:

Քանի որ «նախկին հունահպատակների» և «նախկին թուրքահպատակների» բացարձակ մեծամասնությունը Կովկասում Թուրքիայում ցեղասպանությունից փրկված հայերը, մասամբ նաև հույներն էին, Հայաստանից և ողջ Կովկասից 1949թ. հայերի բռնի տեղահանությունը հավանաբար կարող է քննարկվել ԽՍՀՄ-ում պատերազմական և ետ-պատերազմական շրջանում տեղի ունեցող էթնիկ դեպորտացիաների քաղաքականության շրջանակներում: Միաժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որպես «էթնիկական դեպորտացիա» չբնորոշված այս բռնաքսորներից ռեաբիլիտացված մարդիկ հետագայում ռեաբիլիտացվել են ոչ թե որպես խումբ (ինչպես, օրինակ, Կովկասից դեպորտացված չեչենները, բալկարները, Ղրիմի թաթարները և այլն), այլ որպես անհատ մարդիկ, որով կրկին էթնիկ-խմբային բռնաքսորը «զրկվել է» համապատասխան քաղաքական բնութագրից: Ինչպես, ի դեպ, համշենցի հայերի բռնաքսորը Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այս իմաստով ուշագրավ է նաև, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1948թ. նոյեմբերի 26-ի ու 1951թ.-ի հոկտեմբերի 9-ի որոշումներով որոշ աքսորվածներ մնում են ընդմիշտ, ընդ որում փախուստի դեպքում քսան տարով նրանց ուղարկում են տաժանակիր աշխատանքի: Այս որոշումը տարածվում էր ինչպես նախկին դեպորտացված ժողովուրդների, այնպես էլ Ղրիմի հույների, բուլղարների, հայերի, խեմշիլների (համշենահայերի), թուրք-մեսխեթցիների, քրդերի և 1949թ. Մերձբալթիկայից աքսորվածների վրա: Հիշված բոլոր խմբերը ստանում էին «տեղահանվածների» («выселенцы») կարգավիճակ, և նրանցից յուրաքանչյուրը ստորագրում էր, որ ծանոթացել է որոշմանը (Պավել Պոլյան, НЕ ПО СВОЕЙ ВОЛЕ…История и география принудительных миграций в СССР, Москва, 2001, էջ 145): Հայերը որպես այդպիսին առանձին խումբ՝ «կատեգորիա» չէին («… ինչպե՞ս բացատրել հետևյալ փաստը: Ալեյսկ քաղաքի հայերը, ինչպես բոլոր աքսորվածները, յուրաքանչյուր ամիս, նույն օրը ներկայանում էին պարետատուն և իրենց ներկայությունը հաստատում, ստորագրելով մի քարտի վրա, որին դրոշմված էր «дашнаки г. Алейска» (Ալեյսկ քաղաքի դաշնակներ), Ադրբեջանից աքսորվածների` «մուսավաթ», վրացահայերինը` «էսէռ մենշևիկ»: Մինչդեռ Ալեյսկում գտնվող աքսորված, նման կարգավիճակ ունեցողների քարտերին նշված էր նրանց ազգությունը. немцы, калмыки և այլն »,- http://araspel.wordpress.com/2011/06/14/%D5%A1%D6%84%D5%BD%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%A8):


 [L1]Եթե գործածվել են արդարացում, արդարացման թուղթ ձևերը, պետք է բերի ռեաբիլիտացիա հոդվածը:

 [L2]Բերել թշնամու ընտանիք հոդվածը

 [L3]Բերել Կոնֆեսկացիա հոդվածը

 

Share