Pages Navigation Menu

Մամուլ

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ 1936-37, 1949, 1953-56 թթ.

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ/ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

«Խորհրդային/Սովետական Հայաստան» օրաթերթի 1936-37, 1949, 1953-56 թթ. համարները հատ-հատ նայելու ընթացքում առանձնացվել են շուրջ հինգ հարյուր հրապարակումներ, որոնք այս կամ այն չափով, ձևով ու բո­վանդակությամբ առնչվում են «Armenia Totalitaris» ծրագրի խնդիրներին։ Ընտր­ված հրապարակումները սքան են արվել կամ լուսանկարվել, կազմվել է ցուցակ, որտեղ նշվել են հրապարկումների խորագրերը, վերնագրերը, առանձ­նացվել են որոշ բնութագրական դրվագներ, ինչպես նաև նշվել է հրա­­պարակման ամսաթիվը, օրաթերթի տվյալ տարվա և ընդհանուր հա­մա­րա­կալման թիվը։

Արդեն իսկ հրապարակումների վերնագրերը կարող են շատ բան հու­շել։ Այսպես, կարելի է պնդել, որ հայաստանյան հրապարակումների ո­գին, լեզվաոճական առանձնահատկությունները մեծապես ազդվել, ձևա­վոր­­վել են ԽՄԿԿ ԿԿ-ի օրգան «Պրավդա» օրաթերթի ու, մասնավորապես, նրա առաջնորդողների ազդեցության ներքո։ Վերջիններս և դրանց ոգով գրված հրապարակումները պարունակում են այն­պիսի բառեր, բնութա­գրում­ներ, ձևակերպումներ, բառակապակցություն­ներ («լրտես», «դիվեր­սանտ», «հայրենիքի դա­վաճան», «ստոր­նե­րից ստորագույններ», «տրոցկիս­տա­կան շայկա», «բնա­ջինջ անել», «ճիվաղ­ներ», «թունավոր իժեր», «սողացող սրի­կա», «երկերեսանի տրոցկիստ» և այլն), որ ընթերցողին ան­մի­ջապես, մի­ան­գամից «հասկանալի» է դառնում դրան­­ցում նշավակված, քննա­դատված եր­ևույթների վատ, անպիտան, խոր­հ­ր­դային ժողովրդին վնա­սակար լինելը։ Բնութագրական է նաև, որ հայաստանյան հրապարկումների լեզուն իր «թու­նոտությամբ» այ­նուամենայնիվ էապես զիջում է «Պրադայի» ձևակեր­պում­­ների «հյութեղությանը»։

Բնութագրական գծերից է թերթում հանդիպող քննադատություն­նե­րի, ձաղկումների, նշավակումների, ժողովրդի թշնամիների որոնումների յու­րատեսակ «ալիքի» կա­պը պետության և կուսակցության կյանքում ընթա­ցող որոշակի «կամպա­նի­ա­ների» հետ։ Այսպես, նշված «ալիքների» թվում կա­րելի է հիշատակել Հայաստանի կոմկուսի ղեկավար Աղասի Խանջյանի սպա­նությանը հաջորդած ժամա­նա­կաշրջանը, 1937 թ. ընթացքում՝ կուսակ­ցա­կան և պետական գործիչ­ների նկատ­­մամբ ընթացող դատավա­րու­թյուն­նե­րը։ Այդ «կամպանիաների» ժա­մա­նակ ցանկացած գործունեություն (կամ դրա բացակայությունը) կարելի էր գնահատել, մեկնաբանել որպես զան­ցանք, որն ունի գաղափարա­խո­սա­կան հենք և հավասարազոր է «ժողովրդի թշնա­միների» կամ նրանցից կազ­մ­ված «բանդայի» գործունեությանը։ Ամեն ինչ կարելի էր կապել այդ անձի՝ անց­յալում ունեցած (կամ, իրականության մեջ՝ չունեցած) գաղափարա­խո­սա­կան շեղումներին, «դաշնակցության» կամ «սպե­ցիֆիկների» կուսակ­ցու­թյան հետ ունեցած կապերին, կամ «ժողովրդի թշնամու» ընկերը լինելու ու նրան չբացահայտելու հետ և այլն։ Շատ դեպ­քե­րում այդ բնութագրումները ասվում են անթաքույց ու կարելի է վստահ լի­նել, որ դրան հաջորդում է տվյալ անձանց հաշվեհարդարը։ Միաժամանակ խոստովանեմ, որ իմ ու իմ գործընկերների համար շատ անսպասելի էր, որ 1949 թ. հունիսի 14-ի աքսորին նախորդող ու հաջորդող օրերին ու ամիս­նե­րին բացարձակապես ոչինչ չի գրվել, չի ներկայացվել, թե ինչով էր պատ­ճա­ռա­բանված այդ երևույթը։

Սրա հետ մեկտեղ հատկանշական էր դրական բնութագրումների ա­ռա­տությունը խորհրդային մարդկանց «երջանիկ կյանք» պարգևած Ի. Վ. Ստա­­լինի գործունեությունը մատուցելիս՝ «հաղթանակից հաղթանակ տա­նող», «համաժողովրդական թեկնածու», «աշխատավորների մեծ առաջնորդ», «սո­վետական ժողովրդի սիրելի հայր, ուսուցիչ և բարեկամ» «ամբողջ աշ­խար­հի խաղաղության դրոշակակիր»։ Էպիտետներ չեն խնայվում նաև Լ. Պ. Բե­րիայի հասցեին։ Հատկապես 1937 թ. մամուլը լեցուն է նշված գործիչների հե­ղափոխական անցյալին վերաբերող «ուսանելի» պատմություններով։

Հետաքրքիր է, որ Բերիայի ու նրա հանցակից գործընկերների «մեր­կա­ցումներին» հաջորդեցին 1937 թ. թունոտ ոգով ու նույնատիպ բնու­թա­գրում­ներով լեցուն հրապարակումներ։ Հիմա էլ նրանք էին ներկայացվում որպես «հայրենիքի ստոր դավաճան», «դավադիր», «անարգ, ստոր թշնամի», «ճիվաղ», որոնց պետք է «ոչնչացնել», «տալ ամենախիստ պատիժ» և այլն։ Միա­ժամանակ ԽՄԿԿ գործունեության մեջ տեղ գտած թերացումները, բաց­թո­ղումները չէին գնահատվում որպես սխալներ, այլ դիտարկվում էին լոկ որ­պես հետևանք, արդյունք «երկրի թշնամիների» գործունեության և այդ իսկ պատ­ճառով ամենահաճախ հնչող կոչն էր «ավելի սերտորեն համախմբվենք հա­րազատ պարտիայի շուրջը»։

ԽՄԿԿ XX համագումարի (փետրվար 1956 թ.) կարևորագույն ձեռք­բե­րում­­ներից էր անհատի պաշտամունքի մասին բարձրաձայնելը։ Սակայն մա­­մուլում հրապարակվեց այդ համագումարի ժամանակ կուսակցության ղե­­կավար Ն. Ս. Խրուշչևի արտասանած պաշտոնական ճառը միայն, մինչ­դեռ բաց տեքստով ասված խոսքը խորհրդային քաղաքացիներին հասանելի դարձավ միայն երեք տասնամյակ անց, չնայած այն տպագրվել էր արև­մտ­յան մամուլում արդեն իսկ 1956 թ.։ Պետք է, սակայն, նշել Ն. Ս. Խրուշչևի հե­տևողականությունը, քանի որ համագումարին հաջորդեցին ԽՄԿԿ ԿԿ-ի ո­րո­շումները, որտեղ ամեն ինչ համեմատաբար ավելի բաց էր ասված։ Բնու­թա­գրական է նաև կուսակցության համար «փրկարար» դեր կատարող «ան­հա­տի պաշտամունք» ձևակերպման՝ լայն գործածության մեջ դնելը և հենց մի­այն ա´յդ կերպ ստալինյան ժամանակաշրջանի բոլոր հանցագործու­թյուն­­ները բացատրելու փորձը. չէ որ հակառակ պարագայում կպարզվեր, որ բոլոր հանցագործությունների հետևում կանգնած է հե´նց ԽՄԿԿ-ն ու նրա ստեղծած վարչակարգը։

Հարություն Մարության

1936թ. մամուլ ]   [ 1937թ. մամուլ ]   [ 1953թ. մամուլ ]   [ 1954թ. մամուլ ]   [ 1955թ. մամուլ ]   [ 1956թ. մամուլ ]

 

Share