Pages Navigation Menu

Րուսսո Աբրահամյան

Րուսսո Աբրահամյան

Րուսսո Աբրահամյանի  (Նկ․ 1) (ծնված 1940 թ.) հետ երկուսուկես ժամ տևողությամբ զրույցը գրանցվել է 11.06.2012 Գյումրիում: Զրուցավար՝ Գայանե Շագոյան:

[Որ մեզ աքսորեցին, 1949 թ. ես] տաս տարեկան էի, մենք ապրում էինք Իսահակյան գյուղում [Շիրակի մարզ], այն ժամանակ՝ Աղելի շրջան: Գիշերով էկան ժամը մեկին, շաբաթ օր էր: [Դրա նախորդ օրը] ձու էինք վերցրել, մածուն, գալիս էինք Լենինական եղբայրներիս տեսնելու հայրիկիս հետ: Երկաթուղին անցնում էր հենց սահմանի գծով: Ելանք դեպի թուրքի կողմը՝ թնդանոթներ, ձիեր կային: Թնդանոթները ուղղված էին դեպի Թուրքիայի կողմը: Ձայներ էին գալիս: Զինվորները ձեռների մեջ բռնել էին Արփաչայի ղամիշներում (եղեգնուտներում) վայրի բադերի ձագերին, սրանց մայրերը գալիս էդ զինվորների գլխներին խփում գնում էին: Հայրս ասավ. «Бессовестные люди, зачем вы детишек взяли? Зачем вы поймали этих утят, матери плачут, неужели совести нет у вас» (Անխիղջ մարդիկ, ինչու՞ եք ձագերին վերցրել: Ինչու՞ եք բռնել այդ բադիկներին, մայրերը լացում են, մի՞թե դուք խիղջ չունեք): Ու ծանր տպավորվավ էդ դեպքը: Էկանք… չհասած կայարանը, գնացքն առաջ անցավ, ուշացել էինք: Վիշկայի (աշտարակի) վրա կանգնած ռուս սահմանապահն ասավ. «Отец, опоздали, вернитесь» (Հայրիկ, ուշացել եք, ետ վերադարձեք): Հայրս ասավ. «Սա լավ նշան չէր»: Էկանք ու գիշերը, հունիսի 13‑ի լույս 14-ի գիշերն էր, հայրս նստած տետրներն էր ստուգեմ ճրագի լույսի տակ, ժամը մեկին դուռը խփին ավտոմատներով երեք հոգի և գյուղսովետի նախագան՝ Անուշավանը, կոլխոզի նախագան՝ Մամբրեն, ԱԳՆ-ի ու էնկավեդեի պետը ու մի հատ էլ ռուս՝ Մոսկվայի ներկայացուցիչ: Ասավ՝ «собирайтесь» (հավաքվեք) : Հայրս ասավ. «куда собираться?» (Ու՞ր հավաքվենք): «Собирайся, я тебе говорю, – սկսին հայրիկիս հրմշտելը, – с сыном» (Հավաքվեք, ասում եմ, որդուդ հետ): Հավաքվանք ըդպես, Ջիվանու գիրքը հայրիկս վերցրեց, լավաշ վերցրինք, ադեալ երկու հատ, ուրիշ բան չվերցրինք… (Նկ․ 2) [Մեր հետ էր նաև խորթ մայրս, 1944-ին մահացավ իմ իսկական մայրս, հայրս նրա հետ ամուսնացավ՝ 1947 թ.], Դաշան (Նկ․ 3): Սա էլ՝ дочь донского казака  Ефима (Դոնի կազակ Եֆիմի դուստրը): Սա էլ դավաճան էր: Աքսոր տեղը աբլիգացիաներ գողացավ: Սիբիրում 1950 թվին հայրս բաժանվեց, մի տարի մեզ հետ ապրեց, մեր հարևաններն էին օգնում՝ շոր լվանալ, կով կթել… Էդ Դարյան ասում էր՝ ты дашнак (դու դաշնակ ես), որպես դաշնակնացիոնալիստ (Նկ․ 4) աքսորեցին, բայց ի՞նչ դաշնակ: Հայրս ընտրվել է Շիրակի գավառային զեմսկոյ սովետի դեպուտատ (համար 4) (Նկ․ 5): Մեզ, որ աքսորեցին, Ավետիք Իսահակյանի հորեղբոր թոռը, Արա Իսահակյանը, եղբորս հետ ֆրոնտ է եղել, գալիս է ոտքով Լենինական մեր տունը գտնում, ասում է, որ ձեր հայրիկին աքսորում են:

[Մեզ] մեքենայով տարան Արթիկ՝ վագոնը [նստացնելու]: 1937 թվին կացնահարված քեռուս կինը՝ Արուսյակ Կուրղինյանը, բժշկուհի էր, կարմիր խաչի սումկեն գցած՝ մեջը ծխախոտ ու կանֆետ, էկավ, բարձրացավ վագոն, ասավ. «Փեսա ջան, Ռուսոյին լավ կնայես, շատ լավ կնայես»: Ու բերին Լենինական գիշերով: Իսահակյան գյուղից աքսորել էին նաև Կոջոյան Մնացականին ու կնոջը, Արա Իսահակյանի քույրն էր՝ Հռիփսիկն էր, Մնացականի կինը: Մնացի [Մնացականի] մայրիկին ու եղբորը՝ Ռաֆիկին էլ էին վերցրել: Փախեփախից էր մայրը՝ Հայկո մամը, էն ժամանակ 65 տարեկան էր, սխտոր վերցրեց, չորթան ու մի հատ մեծ կարաս, մեջը թան էր լցրել, որ կարագ պատրաստի: Էս վերցրեց ու ասեց՝ ես փախեփախի ժամանակ տեսել եմ ինչ դժվարություններ են լինում: 18 օր տևեց մեր գնալը: Ու ամբողջ ճանապարհը մենք, ինչքան որ մանր երեխա կային վագոնի մեջը, դա մեզ էր տալիս՝ երեխաներին՝ սխտորը, չորթանը: Ասում էր՝ երեխաներին լավ պահեք: Դե հացն էլ վերցրինք, չորացավ, բայց կերանք:

Ճանապարհներին անապատ տեղեր էին կանգ առնում գնացքները: Ջուղայովտարան, Նախիջևանով, հեռվից Խոր Վիրապը երևում էր: Դռան էդ փոքր տեղով դանակով քանդել էինք, նայում էինք: Թուրքերը՝ «սուրգյուլա, սուրգյուլա»՝ «աքսոր» թուրքերեն բղավում փախնում էին, բայց ամբողջ տարածքով էնկավեդիստները կանգնած էին ավտոմատներով:

Վոլգան անցնելիս, Վոլգոգրադով տարան, Ստալինգրադով: Ճակատամարտի տեսարանը էս օրվա նման աչքիս դեմն է: Գերմանացի զորքը թափված, սովետականներին հավաքել էին: Գերմանացի զինվորների կմաղքներն էին թափված, տեխնիկան ջարդված, մենակ գնացքի գիծն էին բացել, որ գնացքը գնում-գալիս էր: Նավերը խորտակված գետի մեջ, հլե չէին հասցրել մաքրել, տանկերը ջարդված: Տանում էին, ըդտեղ կանգնեցրին, կայարանի մոտերքը: Մեծ կամուրջ էին սարքել: Ըդտեղ կանգնեցրին, տեսարան որպես: Բերեցին, ձկից պատրաստած ապուր տվեցին: Դրա ուտողը դիզենտերիա ընկավ, շատերի մոտ եղավ… Կալանավորին ո՞նց են պահել: Ջուրը Վոլգայից էին բերում վեդրոներով: էդ տատը մինչև աքսորավայրը էդ սխտորն ու էդ չորթանը խառնում էր ջրի հետ ու տալիս մեզ սխտորով:

Ի՞նչ զուգարանի մասին է խոսքը: Էդ տատը պրոստին էր քաշում, ասում էր՝ երեխաներ, դուք գնացեք էն կողմ, տղամարդիկ` էն կողմ… Անասնատար վագոններ էին դրանք, չոր, փայտից սարքած՝ առաջին, երկրորդ հարկով: 18 օր: Տատն ամբողջ վագոնը, կողքի վագոնից էլ, սխտոր… բայց էդ սրիկա էնկավեդիստները զենքի կոթերով խփում էին, չէին թողնում վագոնից վագոն գնալ: Ով էլ, որ չէր ենթարկվում, շտրաֆնոյ իզոլյատոր (տուգանային մեկուսարան) կար, տանում նստացնում էին: Ընտեղ տեղաշոր չկար, ավելի չոր [կոշտ] էր : Դռները փակ, լուսամուտներին ճաղեր էր քաշած, նորից էին փակում, բայց որ դուրս եկանք Հայաստանից, ճաղերը բացեցին, որ շնչառություն լինի, բայց էլի դռները փակ: Վագոնների տակը սետկաներ (ցանցեր) էր, որ պոլը (հատակը) չծակեն փախչեն: Յուրաքաչյուր վագոնի վրա երկու հոգի մարդ էին կանգնած:

Փախնելու փորձ անող չի եղել, բայց իրանց գնացքից գցեցին: Վոլգա գետի վրա, որ անցնում էինք, երաժիշտ տղա կար, Արտյոմ, լավ երգիչ էր, դա իրան գցեց: Գնաց գնացքը, ի՞նչ պիտի լինի: Ողջ չէր մնա: Երկաթներ էին ամբողջը, որ գլուխը խփեց` կմահանա: Մի հատ էլ կկրակեն վագոնից: Վագոնից կանգառների ժամանակ վար էին իջացնում մահացածներին, ով ճանապարհի տանջանքին չէր դիմացել: Գալիս էին դիմավորում վագոնը, իրանք էլ տալիս էին [դիակը]: Էնքա~ն անհայտ մարդիկ մնացին շիրիմներով, տեղն էլ չկա: Վագոնի մեջ էլ ինքնասպաության փորձ էին անում: Դրանց կապոտում էին, տանում էդ շտրաֆնոյ վագոնի մեջը: Սանիտարնի վագոն էլ կար:

13 000 ընտանիք, յուրաքանչյուր վագոնի մեջ 3 ընտանիք, 2 ընտանիք՝ նայած բազմության: Մեր վագոնը էդ գյուղից երկու ընտանիք էինք: Հետո Հոռոմ գյուղից բերեցին, Գեղամ անունով մեկի ընտանիքը: Դա ռազմագերի էր եղել: Մարդուն մի պատիժ է հասնում հանցանքի համար: Բայց դրան քանի՞ պատիժ. գերի է եղել՝ մեկ, աքսորը՝ երկուս, աքսոր տեղն էլ իրեն մատնեցին՝ երեք: Ընտանիքը՝ երեք հոգի, սաղին տարան, 25 տարի դատեցին դրանց: Դրոյի զորքում ա եղել: Աքսորավայրում մատնեցին: Մեկը նկար ուներ Հոռոմգյուղից: Իտալիայում գերմանական գնդապետը քավորն է եղել՝ խաչը ձեռքը բռնած: Էդ նկարը ո՞նց էր ինքը բերել հետը հասցրել: Էդ նկարը տան մեջը տեսնում էինք, բայց թե ո՞նց են իրան մատնում, ո՞վ գիտի: Դատեցին, 25 տարի տվեցին, էդ մարդը մահացավ ընտեղ:

Հասանք… Բառնաուլը անցանք, Օրդալեսկ, 120 կիլոմետր է: Եկավ էդ կոմենդանտ պոեզդա (գնացքի պարետը), ասում է. «Еще 120 км надо ехать вам» (Դեռ 120 կմ պետք է գնալ): Բառնաուլ կայարանից շարժվեցինք, տափաստանի մեջ կանգնեցրին: Դա մի հինգ ժամ տևեց: Գնացինք, իջանք, մեծ տափաստան էր: Ավտոմատներով իջացրին, ասին՝ նստեք, ոչ ոք ոտքի վրա չկանգնի: Բոլորին նստեցրեցին: Ու դեմքով դեպի հակառակ կողմը, որ գնացքին էլ չնայես: Որ չտեսնես: Գնացքը շատ հեռու գնաց կանգնավ, մեքենաները էկան: Արդեն հաշվարկը արել էին, ո՛ր սովխոզին քանի մարդ պիտի տան: 50 ընտանիք մի տեղը, 50 մի տեղը, ու էդպես բաժանեցին սովխոզներին: Սվեկլասովխոզ, սվինասովխոզ… Մեզ տարան Ալեյսկ: Տարան Սվեկլասովխոզ:

Գնացինք շուկա: Տաշկենտն ավելի մոտ էր, Սեմիպալատինսկից բերում էին խաղող, հատը երկու կոպեկ՝ մի շարիկը երկու կոպեկ: Դե մեր հայերը հատիկով, գրամով բան չեն առնում: Էդ ուզբեկի հետ հայրս խոսեց, ասում է. «1 кг винограда дай» (մեկ կգ խաղող տուր): Սա զարմացավ: Ասում է. «дай, дай» (տուր, տուր): Խաղողը առանք, սկսինք ուտել, մեկ էլ մի բեղավոր հասակով մարդ էր, գյումրեցու սպիտակ գլխարկը գլխին, երկար պալտոն հագը, էկավ, ըսավ. «Տղա ջան, որտեղացի՞ ես»: Հայրս ասավ. «Լենինականից»: «Չէ, ասա՛ Ալեքսանդրապոլ»: Չէր սիրում Լենինին, էլի: Ստալինի հետ մի կամերայում նստած է էղել Կրասնոյարսկում: Հին հեղափոխական էր, աքսորել էին, Շախբազյան Վրուժ, բնիկ գյումրեցի: «Ես գյումրեցի բառը չեմ սիրում, ոչ էլ Լեննականը, ասա՛ ալեքսանդրապոլցի: Գնանք մեր տուն»: Տարավ իրենց տուն: Արդեն ցուրտ էր: Սեպտեմբեր ամիսը, ընտեղ արդեն ձյուն էր: Տանը կնոջը ծանոթացրեց, ըսավ՝ «это мой сын: Сослали его из Армении, из города Александрополя» (սա իմ որդին է: Աքսորել են Հայաստանից, Ալեքսանդրոպոլից): Հետո հյուրասիրեց, հաց դրեց, խոզի սալ՝ ճամփին, սամոգոն: Ցուրտ ա արդեն, ես էլ մի հատ հին տելեգրեյկա (Նկ․ 6) (բանվորական տաք վերնահագուստ) ունեի, բանով կարած: Ասավ. «Мой внук замерзает» (թոռս սառչում է): Էս շուբան (Նկ․ 7) (մուշտակը) տվեց ինձ ու հուզվեց: Ասավ. «Мой сын утонул, а шуба на память висит, одевай на здоровье, чтоб бог дал тебе здоровье, ты бы не замерзал. У тебя жизнь еще впереди. Будет в окне свет» (Որդիս խեղդվել է, իսկ մուշտակը հիշատակի համար է կախված, հագիր, Աստված քեզ առողջություն տա, չմրսես: Քո կյանքը առջևում է: Պատուհանում դեռ լույս կլինի): Էդպես էդ մարդը մեզ մեծ օգնություն ցույց տվեց: Դե ինքը հին բնակիչ էր, ծանոթացրեց: Մենք էլ, որ էնկավեդեից գալիս էին, մեղր էինք հյուրասիրում, բան, արդեն ոնց որ դավերիա (վստահություն) էինք ձեռք բերել, թույլատրում էին մեզ գալ, 30 կիլոմետր էր ճանապարհը: Էդ ժամանակ էդ մարդը արդեն 78 տարեկան էր:

Ապրում (Նկ․ 8) էինք բարակներ: Գետնափոր, սաման կա՝ կավն ու սալոման (ծղոտը) խառնում են իրար, դրանցով շարում էին ու տաք էր: Ռուսական պեչքեր (վառարաններ) էր մեջը: Վերևը սալոմով ծածկած կրիշ (տանիք): Հետո մի տարի էնքան ցուրտ եղավ, որ օղին խանութներում սառչեց: 45 աստիճան: Փոքր խոզեր էին, հորթուկներ, հավեր, բերում էինք ներս, էդ վիճակում՝ անասունի հետ վառում էինք [վառարանը]: Ամենադաժան բանն է դա: Մի բարակի մեջ երկու ընտանիք, երեք ընտանիք: Էնտեղ դպրոցը 3 կիլոմետր հեռու էր տանից: Ձյունը, որ գալիս էր, երկու մետր ձյուն, ծածկում էր էդ տները բոլորը: Վագրելիչ կար, հին բելագվարդեյեց[1] էր՝ Չինաստանում կռված: Երկար մորուքով մարդ էր, երկար փայտ ուներ: Մեր ծխնելույզը որ երևում էր, բղավում էր, խփում էր ծխնելուզին, թե էդ տունը որտե՞ղ է: Պադկոպ (հողի մեջ` հողի տակ փորված ճանապարհ) էին անում, թունելներով, ոնց որ խրամատները՝ մի վեց-յոթ մետր խրամատ, էդպես բարձրանում էին, մեկը մյուսի տները գտնում էին: Մենք ձյուն էինք հալում, ձյուն էինք խմում, հնարավոր չէր դուրս գալը: Սառչում էր ամեն ինչը:

Երբ որ Ստալինը սատկավ, Բերիային բռնեցին, [19]56 թվին Խրուշչովը ընդհանուր ամնիստիա արեց, բոլորին՝ բանտերից, աքսորավայրից բոլորին ազատեցին: Մենք [19]54 թվին ենք եկել, [19]51 թվից սկսել են բողոքել: Նորայր Սիսակյանը եղբորս կանչում է, ասում է, դուք գրեք, թե ինչի՞ անմեղ տեղը ձեր հայրիկին աքսորել են: Էս էրկու եղբայրս արդեն ըստեղ են վերադարձել: Էս եղբայրս Սիսակյանի օգնությամբ Մոսկվայից է գրել՝ Գերագույն Խորհուրդ: Ընտեղից թուղթ է գալիս՝ վերանայել: Արփիար Արփիարյանը ասում է. « Ես ծանոթ եմ էս գործին: Էդ մարդուն անձամբ ճանաչում եմ»: Երաշխավորություն է տվել: Հանրապետական դատախազը մեզ… ու մինչև ստուգին… էս-էն… երկուսը սատկան, նոր ժողովրդի բախտը ժպտաց: Ընդհանուր՝ [19]56 թվին: Իսկ մենք [19]54 (Նկ․ 9) թվին էկանք Մոսկվա: Օրենբուրգ քաղաքով, Տոմսկով: Իրանք էին տոմսերը տալիս: Ընտեղից տոմսերը առնում էին, բերում վագոն, ճանապարհ էին դնում:

 


[1] Սպիտակգվարդիական – Բոկշևիկյան հեղափոխությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմում բոլշևիկների՝ կարմիրների դեմ կռվող զինվորականներ: Սպայակազմը սովորաբար կամ մոնարխիստներ էին, կամ՝ լիբերալ դեմոկրատներ:

[nggallery id=28]

 

Share