Pages Navigation Menu

Դաշնակ, դաշնակցական

Դաշնակ, դաշնակցական – «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) հայ ազգային-քաղաքական կուսակցության անդամ: ՀՅԴ կուսակցությունը հիմնադրվել է 1890թ. Թիֆլիսում: Այսօր այն գործում է ՀՀ-ում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հայկական սփյուռքի գաղթօջախներում: 1923թ. մինչև ԽՍՀՄ փլուզումը արգելված էր ԽՍՀՄ տարածքում (տես Դաշնակցության ինքնալիկվիդացիոն համագումար): Ձևավորման շրջանում նպատակ է ունեցել համախմբելու հայ ժողովրդի ուժերը և Արևմտյան Հայաստանում հասնելու քաղաքական ու տնտեսական ազատության: Դավանում է ժողովրդավարության և սոցիալիզմի գաղափարներ: Դեռևս երիտասարդ կուսակցությունը ստեղծման պահից սկսած հանդես է բերել նախաձեռնողական քայլեր՝ զուգահեռաբար ստիպված լինելով արձագանքել հայ ժողովրդի և Հայաստանի շուրջ կատարվող զանազան քաղաքական զարգացումներին (1905-07թթ., 1917-20թթ. հայ-թաթարական ընդհարումների ընթացքում, հայերի ցեղասպանությունը Թուրքիայում):

Դաշնակցականները կապվել են արևմտաեվրոպական տարբեր ուղղությունների կուսակցությունների և իշխանությունների հետ՝ հուսալով եվրոպական քաղաքական օրակարգում ակտիվացնել Հայկական հարցի լուծման ուղիների փնտրտուքը: Այդ նպատակով նույնիսկ դիմել են տեռորիստական գործողությունների, ինչպես, օրինակ, Բանկ Օտոմանի գրավումը Կոնստանդնապոլսում: Դիվանագիտական գործունեությունից զատ լրջորեն զբաղվել են Արևմտյան Հայաստանում կամավորական ֆիդայական խմբեր ձևավորելու, զինելու և ինքնապաշտպանական գործողությունների նախապատրաստման գործով:

Հետևողականորեն համագործակցել են Թուրքիայի՝ հակասուլթանական քաղաքական ուժերի, մասնավորապես Երիտթուրքերի հետ, նույնիսկ մասնակցել են նրանց առաջին իշխանությանը 1908թ.: 1909թ. Ադանայի հայերի կոտորածներից հետո հասկացել են Երիտթուրքերի սնանկությունը և 1912թ. հայտարարել Երիտթուրքերի հետ կապերի խզումը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համագործակցել են Ռուսաստանի հետ: Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունից հետո դաշնակցականների ձևավորած հայ կամավորական խմբերը օգնում էին ցեղասպանության զոհերին՝ զուգահեռաբար մասնակցելով Հարավային Կովկասում ընթացող քաղաքական զարգացումներին: 1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո արևելյան՝ թուրքական ճակատում լուծարվող ռուսական զորքերից վերակազմավորում էին հայ կամավորներին՝ Կովկասի ուղղությամբ շարժվող թուրքական կանոնավոր բանակի դեմն առնելու համար: Այս հողի վրա առճակատում է սկսվում թուրքերի հետ համագործակցող Կովկասի թաթարների (հետագա ադրբեջանցիների) մուսավաթական կուսակցության հետ: Ստեղծված ծանրագույն, բարդ պայմաններում դառնում են 1918թ. մայիսի 28-ին հայտարարված Հայաստանի Հանրապետության հիմնական քաղաքական ուժը: Մեկ տարի անց, 1919թ. մայիսի 28-ին կառավարությունը հռչակում է «միացյալ և անկախ հանրապետություն»՝ հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Այդ որոշումը «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» ձևակերպմամբ հետագայում վերահաստատվել է որպես վերջնանպատակ, այդ թվում՝ 1982թ. և 1998թ. ընդունված ծրագրերում:

Որպես քաղաքական կուսակցություն՝ Հայաստանում պարտվել է բոլշևիկներին և քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի մերձեցման պայմաններում, 1920թ. դեկտեմբերին իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին այն բանից հետո, երբ Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն կարմիր բանակի զորամասերի հետ անցել է Հայաստանի Հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն:

Share