Pages Navigation Menu

Ամառային դասընթաց

Ամառային դասընթաց

Ամառային դասընթաց Սյունիքի մարզի Կապան քաղաքում

2013 թ. հուլիսի 1-ից- 5-ը ՀՀ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանում, Կապանի երկրագիտական թանգարանի շենքում կազմակերպվել է կարճատև ամառային դպրոց՝ «Armenia total(itar)is» ծրագրի շրջանակներում : Դասընթացին մասնակցում էին տաս երիտասարդներ, որոնցից յոթը՝ Սյունիքի մարզից, երեքը՝ Երևանից: Մասնակիցները Ստեփանակերտի համալսարանի, Գորիսի համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Սլավոնական համալսարանի ուսանողներ, ինչպես նաև  բուհերի շրջանավարտներ էին՝ պատմության ուսուցիչ, բնապահպան, լրագրող:

Ամառային դպրոցի դասընթացի երեք օրերը լսարանային էին, երկու օրը՝ գործնական: Առաջին օրը ուսանողներին ներկայացվեցին քաղաքական բռնաճնշումների հետազոտության աղբյուրները (արխիվային փաստաթղթեր, մամուլ, ժամանակակիցների կողմից գրված գեղարվեստական գրականություն, հիշողություններ), հիշողության գրանցման և վերլուծության դերը պատմության, առհասարակ բռնությունների վերլուծության խնդրում և, մասնավորապես, շարադրանքում: Քննարկվեցին կոլեկտիվ, ընտանեկան և անհատական հիշողության առանձնահատկությունները:

Երկրորդ օրը քննարկվեց քսաներորդ դարի քաղաքական բռնաճնշումների ընթացքը ԽՍՀՄ տարածքում ընդհանրապես, Հայաստանում և, մասնավորապես, Սյունիքի մարզում, դրանց վերաբերյալ հայկական պատմագրության սուղ տեղեկությունները, Հայաստանի բնակչության իմացությունն ըստ սերունդների և քաղաքական բռնությունների ենթարկվածների ընտանեկան հիշողությունները: Ներկայացվեց և քննարկվեց ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների սկզբնավորման շրջանի սոցիալ-քաղաքական մթնոլորտը և դրա առանձնահատկությունը Կովկասում և Հայաստանում, մասնավոր շեշտադրում անելով Սյունիքի մարզի վրա: Դասընթացի այս մասը վարում էր Հրանուշ Խառատյանը:

Ամառային դասընթացի երրորդ օրը մասնակիցներին ներկայացվեցին դաշտային աշխատանքի տարբեր գործիքներ (դիտարկում, խմբային և անհատական հարցազրույցի տարբեր տեսակներ, վիզուալ նյութի արձանագրում և այլն) և հատկապես բանավոր պատմության մոտեցումն ու դրա կիրառության դաշտը: Դասընթացի այս մասը վարում էր Գայանե Շագոյանը:

Երեք օրերի ընթացքում տեսական դասընթացները զուգորդվեցին Կապանի Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի աջակցությամբ կազմակերպած վարպետական դասերի հետ, որոնք անցկացրեցին Հրանուշ Խառատյանը և Գայանե Շագոյանը:

Դասընթացի գործնական մասում տեղի ունեցան հանդիպումներ բանասացների հետ: Երկու խմբի բաժանված ուսանողները Հ. Խառատյանի և Գ. Շագոյանի առաջնորդությամբ հանդիպումներ ունեցան բանասացների հետ, մասնակցեցին երկուական բանասացի հետ զրույցին Կապան քաղաքում:

Այնուհետև իրենք՝ ուսանողները զրուցեցին մեկական բանասացի հետ՝ Հ. Խառատյանի և Գ. Շագոյանի ներկայությամբ, ապա՝ առանց նրանց: Գործնական աշխատանքի մեկ օրը տեղի է ունեցել Առաջաձոր գյուղում:

Ամառային դասընթացի կազմակերպմանը և իրականացմանը մեծապես օգնել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Իր հեղինակած «Երկաթե վարագույրից այս կողմ» հրաշալի գիրքը՝ խորհրդային բռնաճնշումների մասին բանավոր պատմությամբ կատարված հետազոտության առաջին և լավագույն նմուշներից է, որտեղ նա ներկայացրել է 20-րդ դարի երեսնականների ամբողջատիրության դրսևորումները Կապանում:

Սույն կայքում տեղադրված են դասընթացի մասնակիցների կողմից գրանցված տասներեք ընտանեկան պատմություն: Առաջիկայում դրանք կհամալրվեն նորերով:

Share