Pages Navigation Menu

Նժդեհ

Նժդեհ Գարեգին (Գարեգին Եղիշեի ՏերՀարությունյան), (1886-1955), հայ պետական, ռազմական և դաշնակցական քաղաքական գործիչ: Ծնվել է Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում: Նախիջևանում նախնական կրթությունից հետո ուսանել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժնում, 1906 թ.` Բուլղարիայում՝ Սոֆիայի սպայական դպրոցում: 1907 թ. վերադարձել է Կովկաս, զբաղվել է հակասուլթանական և հակացարական գործունեությամբ: 1912 թ.՝ Բալկանյան առաջին պատերազմին Անդրանիկ Օզանյանի հետ միասին ղեկավարել է բուլղարական բանակի կողքին ստեղծված հայկական կամավորական վաշտը: Առաջին աշխարհամարտի նախօրեին վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ կռվին Ռուսաստանի կողմից մասնակցելու համար: Բոլշևիկյան դարձած Ռուսաստանի կողմից Բրեստ-Լիտովսկի պայմանագրով պատերազմից դուրս գալուց հետո հայկական զորաջոկատների հետ մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը թուրքական բանակի ներխուժումներից: 1919-1920 թթ. մասնավորապես կազմակերպել է Զանգեզուրի պաշտպանությունը և նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո զենքը վայր չի դրել և Զանգեզուրում կռվել է բոլշևիկյան կարմիր բանակի ներխուժումների դեմ: Մասնավորապես 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո դիմադրել է բոլշևիկյան կարմիր բանակին միացած մուսավաթական զորամիավորումների կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի տարածքներն Ադրբեջանին բռնակցելու գործողություններին: 1921 թ. հուլիսին, երաշխիքներ ստանալով, որ Զանգեզուրը կմնա Խորհրդային Հայաստանի կազմում, իր զինակիցների մի մասի հետ անցել է Պարսկաստան: Նժդեհի գործունեության 1919-1921 թթ. շրջանը հետագայում շատ ծանր անդրադարձավ Խորհրդային Հայաստանում և ԽՍՀՄ-ում մնացած նրա զինակիցների և համակիրների վրա, որոնց հանդեպ քաղաքական բռնությունների շրջանում առաջադրվում էին «նացիոնալիստ», «տեռորիստ», «դաշնակցական» մեղադրանքները, որոնց գումարվել էր նաև սպառնալի օգտագործում ստացած «նժդեհական» տերմինը: Վերջինս իր մեջ խտացնում էր առաջին երեքը և «հակասովետական», «հակահեղափոխական» տերմինի համարժեքն էր: Սյունիքում ռեպրեսիաների զոհերի մասին պատմող բանասացների՝ սույն կայքում տեղադրված նյութերում հաճախ է հանդիպում «նժդեհական» տերմինը:

1923 թ. սկսած Նժդեհն ապրել է Ռումինիայում, Բուլղարիայում, իսկ 1933 թ. մեկնել է ԱՄՆ՝ դաշնակցական գործունեության և Ցեղակրոն շարժումը ծավալելու նպատակով:

Ցեղակրոնների խմբի լուսանկարը Գարեգին Նժդեհի հետ (կենտրոնում նստածը) Դետրոյթում, որտեղ Ցեղասպանությունից փրկված հայերի զգալի մեծ համայնք էր ձևավորվել, 1935թ.: (Լուսանկարը տրամադրել է Վաշինգտոնում, Անանդեյլ քաղաքում ապրող Րաֆֆի Շահրիգյանը, ում մայրը՝ Սոնան նույնպես Ցեղասպանությունից փրկված որբերից էր և հարել է Ցեղակրոն շարժմանը):

Ցեղակրոնների խմբի լուսանկարը Գարեգին Նժդեհի հետ (կենտրոնում նստածը) Դետրոյթում, որտեղ Ցեղասպանությունից փրկված հայերի զգալի մեծ համայնք էր ձևավորվել, 1935թ.: (Լուսանկարը տրամադրել է Վաշինգտոնում, Անանդեյլ քաղաքում ապրող Րաֆֆի Շահրիգյանը, ում մայրը՝ Սոնան նույնպես Ցեղասպանությունից փրկված որբերից էր և հարել է Ցեղակրոն շարժմանը):

1944 թ. հոկտեմբերին խորհրդային հակահետախուզության կողմից ձերբակալվել է Բուլղարիայում, տեղափոխվել ԽՍՀՄ, իսկ կնոջն ու զավակին աքսորել են Բուլղարիայի Պավլիկենի քաղաք: Դատապարտվել է 25 տարվա բանտարկության: Մահացել է Վլադիմիր քաղաքի բանտում 1955 թ.: Արդարացվել է 1992 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ դատախազության կողմից:

Հաշվի առնելով, որ Նժդեհի 1920-1921 թթ. գործունեությունը Խորհրդային Հայաստանի քաղաքական բռնաճնշումների շրջանում զգալի ազդեցություն է ունեցել հատկապես Զանգեզուրի բնակչության վրա, ավելորդ չի թվում մի փոքր մանրամասնել այդ շրջանը:

1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան կարմիր բանակին միացած մուսավաթական զորամիավորումները շարունակում էին Նախիջևանի, Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքների գրոհները: Նոյեմբերի 21-ին Զանգեզուրում բոլշևիկներին հաղթած նժդեհյան ուժերը մտան Գորիս, իսկ դրանից տաս օր հետո, դեկտեմբերի 2-ին, Հայաստանի հյուսիսում բոլշևիկները վերցրին իշխանությունը: Այսպիսով Հայաստանի տարածքում զուգահեռաբար ընթանում էր երկու գործընթաց. մի մասում՝ հարավում, պայքարում էին թաթարների՝ կովկասյան թուրքերի ներխուժումների դեմ և Զանգեզուրի անկախության համար, մյուս մասում հայ բոլշևիկները թաթարական զորամիավորումների օգնությամբ Հայաստանը հայտարարեցին խորհրդային: 1920 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի բոլշևիկյան մասում անմիջապես ստեղծվեց Հակահեղափոխության դեմ պայքարի արտակարգ հանձնաժողով (Чрезвычайная комиссия-ЧК)` հակահեղափոխության, սաբոտաժի և հանցագործության դեմ պայքարելու համար: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո բոլշևիկյան իշխանությունն ակտիվ պայքար սկսեց այսպես կոչված ժողովրդի թշնամիների դեմ: Որպես այդպիսիք էին ընկալվում նաև Զանգեզուրի պաշտպանները (սույն կայքում տեղադրված նյութերում ցայտուն արտահայտված են Զանգեզուրի պաշտպանների նկատմամբ բոլշևիկյան ռեպրեսիվ գործողությունների դրսևորումները): Բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակին երեք շաբաթ առաջ հաղթած Նժդեհը 1920 թ. դեկտեմբերի 25-ին, Զանգեզուրի գյուղերից 118 պատվիրակի մասնակցությամբ Տաթևի վանքում հրավիրեց համազանգեզուրյան առաջին համագումարը, որտեղ հռչակվեց ինքնավար Սյունիք, որոշվեց «Զանգեզուրը հայտարարել ժամանակավորապես ինքնավար՝ մտցնելով հանրապետական իրավակարգեր, լինելով անկախ, մինչև քաղաքական հնարավորություն կունենա միանալու իր մայր երկրի` Հայաստանի հետ»: 1921 թ. փետրվարի 15-17-ին սյունեցիները գրավեցին Դարալագյազը (ներկայիս Վայոց Ձորը) և միացրին անկախ Սյունիքին: Նույն օրերին բոլշևիկյան Հայաստանում բռնկվեց Փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը, բոլշևիկյան իշխանությունը 40 օրով տապալվեց: Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո` ապրիլի 2-ին, բոլշևիկյան բռնությունից փախչող 12,000 մարդ, այդ թվում` 4,000-ը զինվորականություն, հեռացավ Երևանից և ազատագրված Դարալյագազով անցավ անկախ Սյունիք: 1921 թ. ապրիլի 27-ին հրավիրվեց համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որոշվեց ինքնավար Զանգեզուրի տարածքն անվանել Լեռնահայաստան, պետությունը՝ Հայաստանի Հանրապետություն: Ամիս ու կես անց, 1921 թ. հունիսի 12-ին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ Զանգեզուրը հայտարարեց ՀՍՍՌ կազմում: Լեռնահայստանի ապստամբներն աստիճանաբար անցան Պարսկաստան: Հուլիսի 9-ին Արաքսն անցավ նաև Նժդեհը: Եթե մինչ այդ բոլշևիկյան հայ-ադրբեջանական հարաբերություններում Ղարաբաղի ենթակայության հարցը փաստացի սառեցված էր, ապա 1921 թ. հունիսի վերջին, երբ Զանգեզուրը գրավվեց բոլշևիկների կողմից, Ղարաբաղի հարցում վերաբերմունքը փոխվեց: 1921 թ. հունիսի 27-ին Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոն և կառավարությունը միացյալ նիստում որոշեցին Ղարաբաղը խլել Հայաստանից:

Ավելի ուշ քաղաքական բռնությունների առաջին ալիքը Զանգեզուրում ուղղվեց հենց ազգային-ազատագրական պայքարի մասնակիցների դեմ, ինչը հստակ երևում է նաև Սյունիքի մարզի մեր զրուցակիցների ընտանեկան հիշողությունների՝ սույն կայքում տեղադրված պատմություններից: Բոլշևիկները նրանց հայտարարեցին «հակասովետականներ», «անհարազատներ», «ժողովրդի թշնամիներ», «ազգայնականներ», «դաշնակցականներ» և 1927-1928 թթ. սկսած աստիճանաբար «մաքրեցին» Զանգեզուրը բոլոր հնարավոր և անհնար «անհարազատներից»՝ զուգահեռաբար ներդնելով նաև Նժդեհի հրեշավոր կերպարի պատկերացումը:

Share