Դաշնակցության լիկվիդացիոն համագումար
Դաշնակցության լիկվիդացիոն համագումար – 1920թ. դեկտեմբերին Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխանությունը Հայաստանում հանձնել է հայ բոլշևիկներին: Սակայն երկու ամիս անց, 1921թ. փետրվարին ՀՅԴ-ն, գլխավորելով նորաստեղծ բոլշևիկյան իշխանությունից դժգոհ բնակչությանը, իրականացրել է ապստամբություն և վերստանձնել իշխանությունը: Քառասուն օրից կրկին պարտվել է բոլշևիկներին: Ապստամբության մասնակիցների մեծ մասն անցել է Լեռնահայաստան, այնուհետև՝ Իրան: Դրանից հետո ՀՅԴ-ն իր գործունեությունը հիմնականում շարունակել է արտասահմանում։ Բուխարեստում 1921թ. կայացած ՀՅԴ խորհրդաժողովը որոշում է ընդունել համագործակցել խորհրդային իշխանությունների հետ, և Ռիգայում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ՌԿ(բ)Կ ներկայացուցիչների միջև, որտեղ նախագիծ է կազմվել համագործակցության հնարավորությունների շուրջ: Սակայն նույն 1921թ. ՀՀ ԿԿ-ն բողոքել է այդ համաձայնության մասին և բացառել ՀՅԴ-ի հետ որևէ համագործակցություն: Խորհրդային իշխանությունները, որոնք ճանաչում էին բացառապես բոլշևիկյան կուսակցությունը, հետևողականորեն ճնշում էին դաշնակացականներին, մինչև որ իշխանությունների պահանջով 1923թ. տեղի ունեցավ նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարը, որը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ում լուծարել ՀՅԴ կուսակցությունը: 1924-25-թթ. Փարիզում տեղի ունեցած ՀՅԴ համագումարը որոշեց «լոյալ ընդդիմադիր» կեցվածք պահել ԽՍՀՄ նկատմամբ: 1927-28թթ. Հայաստանում սկսվեց «ընդհատակյա դաշնակցականների» փնտրտուք և ռեպրեսիաներ նախկին դաշնակցականների նկատմամբ: Նրանցից շատերին առաջադրվում էր «հակասովետական», «հակահեղափոխական», «ազգայնական» գործունեության մեղադրանք և հետևում էին ծանր պատիժներ, ընդհուպ՝ գնդակահարություն: 1933թ. ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովը որոշեց Հայաստանում լուծարել իր ընդհատակյա կազմակերպությունը:
Այնուամենայնիվ հետապնդումները շարունակվում էին, իսկ 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով սկսվեց «Նախկին կուլակների, քրեականների և հակասովետական այլ տարրերի հանդեպ բռնությունների օպերացիան», որով նախատեսվում էր վերացնել նաև «Հակասովետական քաղաքական կուսակցությունների նախկին անդամներին (էսէռներ, վրաց մենշևիկներ, հայ դաշնակցականներ, ադրբեջանական մուսավաթականներ, իթթիհաթականներ և այլն), ինչպես նաև «Նախկին բանդիտական ապստամբությունների» նախկին ակտիվ մասնակիցներին, նախկին սպիտակգվարդիակններին, «հայրենադարձներին» («վերահայրենադարձներին») և այլն: Թվարկված բոլոր խմբերում փնտրվում և պատժվում էին ինչպես նախկին դաշնակցականներ, այնպես էլ՝ դաշնակցականների հետ երբևէ որևէ կապ ունացած մարդիկ: 1937 թ. հետո կոմունիստական կուսակցականների և շատ մտավորականների հռետորաբանության մեջ «դաշնակ», «դաշնակցական» բառերը հավասարվեցին «ժողովրդի թշնամի» արտահայտությանը և ընդհուպ մինչև 80-ական թվականները հասարակական հարաբերություններում հաճախ օգտագործվում էին վիրավորական իմաստով: