Pages Navigation Menu

Թշնամու ընտանիք, հանցագործի ընտանիք

Թշնամու ընտանիք, հանցագործի ընտանիք – Խորհրդային ռեպրեսիաների շրջանում քաղաքական հանցագործի, թշնամու ընտանիքի բոլոր անդամներն իրենց հերթին ենթարկվում էին իրավական կամ հասարակական բռնության: Առանձին դեպքերում ընտանիքի անդամներին նույնպես աքսորում էին ճամբարներ կամ կալանավորում էին որպես «Հայրենիքի թշնամու ընտանիքի անդամ» («члены семей изменников родины» –ЧСИР): Չնայած 1935 թ. «Որդին հոր համար չի պատասխանում» ստալինյան հանրահայտ արտահայտությանը, 1937 թ. հուլիսի 5 –ի № П51/144 ՀամԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոն որոշում ընդունեց 5-8 տարով ճամբարներում կալանավորել աջ-տրոցկիստական լրտեսական-դիվերսիոն կազմակերպության դատապարտված անդամների՝ հայրենիքի թշնամիների կանանց, նրանց համար ճամբարներ կառուցել Նարըմսկի երկրամասում և Ղազախստանի Թուրղայի շրջանում, մինչև 15 տարեկան որբ երեխաներին վերցնել պետության խնամակալության տակ և տեղավորել մանկատներում ու որբանոցներում (բացի Մոսկվա, Լենինգրադ, Թիֆլիս, Կիև, Մինսկ քաղաքներից, ծովափնյա և սահմամերձ քաղաքներից), 15 տարեկանից բարձրերի համար հարցը որոշել ավելի ուշ: 1937 թ. հուլիսի 30-ին ՆԳԺԿ № 00447 հրամանով՝

  1. Այն ընտանիքները, «որոնց անդամները կարող են ակտիվ հակասովետական գործուղություններ անել», ենթակա են մեկուսացման ճամբարներում կամ աշխատանքային ավաններում:
  2. Սահմանամերձ գոտում ապրող գնդակահարվածների ընտանիքները ենթակա են տեղահանության սահմանամերձ գոտուց խորքային շրջանները:
  3. Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Դոնի Ռոստովում, Տագանրոգում և Սոչիի, Գագրայի ու Սուխումի շրջաններում ապրող գնդակահարվածների ընտանիքները ենթակա են տեղահանության, բայց կարող են ընտրել իրենց բնակության վայրը՝ բացառյալ սահմանամերձ գոտիները:
  4. Ռեպրեսիայի ենթարկված բոլոր անձանց ընտանիքները պետք է հաշվառվեն և ենթարկվեն պարբերական վերահսկողության:

 

1937թ. օգոստոսի 15-ին ճշգրտվեցին այս հրամանի իրականացման պայմանները.

  • ամբողջական (տոտալ) ռեպրեսիների ենթակա են ոչ թե ընտանիքի բոլոր անդամները, այլ՝ միայն կանայք և երեխաները,
  • կանանց ձերբակալել ամուսինների հետ միասին,
  • նախկին կանանց ձերբակալել միայն այն դեպքերում, եթե նրանք «մասնակցել են հակասովետական գործունեությանը»,
  • 15 տարեկանից բարձր երեխաներին ձերբակալել միայն այն դեպքերում, երբ նրանք ճանաչվել են «սոցիալապես վտանգավոր»,
  • հղի կանանց, նորածին երեխա ունեցողների կամ ծանր հիվանդների ձերբակալությունը կարող է ժամանակավորապես հետաձգվել,
  • մոր ձերբակալությունից հետո առանց խնամակալի մնացած երեխաներին տեղավորել մանկատներում, սակայն «եթե որբերի ռեպրեսիաների չենթարկված ազգականները կամենան իրենց վրա վերցնել նրանց խնամքը՝ չառարկել»:

 

Մոտ մեկ տարի անց այս որոշումը վերանայվեց և 1938թ. հոկտեմբերից ձերբակալվում էին միայն այն կանայք, որոնք «օժանդակել էին ամուսինների հակահեղափոխական գործունեությանը», կամ՝ որոնց մասին կան «հակասովետական գործունեության տվյալներ»:

Դատապարտված կանանց մեծ մասի կալանքն ավարտվում էր 1940-ական թթ. սկզբներին: Պատերազմի սկիզբը հիմք հանդիսացավ, որպեսզի 1941թ. հուլիսի 22-ին հրաման արձակվի «հակահեղափոխական տարրերին» չազատելու մասին: Մեկ տարի անց նոր հրամանով նրանք «ազատվեցին», սակայն պահվեցին ճամբարներում որպես կամավոր վարձկաններ: Ընտանիքի անդամներն ազատվեցին միայն պատերազմից հետո:

Այս կամ այն կերպ «պատժվել են» ոչ միայն ձերբակալված ընտանիքի անդամները, այլև համարյա բոլոր հարազատները: «Նախկինների» (նախկին հոգևորականների, սպիտակգվարդիականների, դաշնակացականների, ցարական շրջանի վարչարարների, ազնվականների և այլն) ընտանիքները չէին կարող ԲՈՒՀ ընդունվել, աշխատանքի ընդունվել, բանակում ծառայել, հաճախ՝ մասնակցել ընտրություններին: Սրանից ծնվեց «ազգականներից հրաժարվելու» գործընթացը: 1938թ. օգոստոսի 27-ին հատուկ որոշումով թույլատրվեց միակողմանի ամուսնալուծությունը՝ ազատության մեջ մնացած կողմի նախաձեռնությամբ:

Share