Սեմինար – քննարկում Կապանում

«Խորհրդային շրջանի քաղաքական բռնաճնշումները Հայաստանում և դրանց հետևանքները»
2013 թ. հուլիսի 7-ին Կապանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Խորհրդային շրջանի քաղաքական բռնաճնշումները Հայաստանում և դրանց հետևանքները» թեմայով քննարկում: Քննարկմանն ընդառաջ թանգարանում նախապատրաստվել էր Սյունիքի մարզում կատարված բռնաճնշումները լուսաբանող ցուցադրություն՝ հուշագրություններ, լուսանկարներ, թերթեր, փաստաթղթեր և այլն: Քննարկումն ընթանում էր հենց ցուցադրության դահլիճում: Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզի թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, Կապան և Գորիս քաղաքների, Լեռնաձոր, Առաջաձոր, Քարահունջ գյուղերի վարչական աշխատողներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, Երևանի պետական և Մանկավարժական, Գորիսի պետական համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարի օրակարգում ներառված հարցերը բազմազան էին, այդ թվում.
- ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների պատմության իմացությունը,
- բռնաճնշումների տեղական դրսևորումների առանձնահատկությունների (Սյունիքի և Շիրակի մարզերի օրինակով),
- բռնաճնշումների ազդեցությունը հայրենադարձների վրա,
- հնարավոր լուստրացիայի կանխատեսելի հետևանքները և այլն:
Սեմինարի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը: Մանրամասների համար տեսեք օրակարգը:
- Կապանի սեմինարը։
- Գրիշա Սմբատյանը ողջունում է սեմինարի մասնակիցներին։
- Լուսինե Խառատյան։
- Գայանե Շագոյանի ելույթը Կապանի սեմինարին։
- Գրիշա Սմբատյանը ներկայացնում է լյուստրացիայի իր փորձը։
- Քննարկումներ Կապանի սեմինարին։
Սեմինարի ընթացքում ցուցադրվեց երկու ֆիլմ՝ «Անհարազատները» (նկարահանված “Armenia Total(itar)is” ծրագրի շրջանակներում) և «Անծանոթ իմ հայրենիք» ֆիլմը հայրենադարձների մասին, որը ներկայացրեց ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը:
Առավել բուռն քննարկում եղավ օրակարգի «Լուստրացիա» թեմայի շուրջ, որի ընթացքում մասնակիցները լուստրացիայի անհրաժեշտության կողմ և դեմ փաստարկներ էին բերում: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, իր հեղինակած «Երկաթե վարագույրից այս կողմ» գրքի օրինակով ներկայացրեց լուստրացիայի իր փորձը:
Ընդհանուր առմամբ սեմինարի մասնակիցների մի մասն անվստահություն ուներ լուստրացիայի օբյեկտիվության հնարավորության հանդեպ՝ հղելով Հայաստանի դատաիրավական համակարգի թերությունները, միաժամանակ տագնապ էին հայտնում հասարակության մեջ թշնամանքի առաջացման հեռանկարի վերաբերյալ: Մյուսները գտնում էին, որ լռության մատնված հանցագործությունների հասարակական բացահայտումները կարող են առողջացնող և սթափեցնող ազդեցություն ունենալ հասարակական բարոյականության վրա և կանխել քաղաքական բռնաճնշումների հնարավորության հեռանկարը: Ուշագրավ է, որ մասնակիցների զգալի մասն այն կարծիքին էր, որ Հայաստանի ներկա իրավիճակը «թաքցնում է» առկա քաղաքական ճնշումները, դրանք տեղի են ունենում այլ քողի տակ, քաղաքական այլակարծությունը ճնշվում է աշխատանքից ազատումով, վախի մթնոլորտի առաջացմամբ, ինչպես նաև խորհրդային շրջանում ամրացած տագնապների իներցիայով:
Սեմինարի մասնակիցների մի մասը համոզված էր, որ քաղաքական բռնաճնշումների կրկնությունը Հայաստանում միանգամայն հնարավոր է և նույնիսկ դրանց՝ նախկինում ամրագրված ձևերը կարող են կրկնվել: Վստահ էին, որ իշխանության կողմից պահանջի դեպքում վարչական աշխատողները և դատաիրավական համակարգը հնազանդորեն կկատարի բռնաճնշումների համապատասխան գործողություններ, եթե նույնիսկ անձնապես դեմ լինեն դրան: Մասնակիցները գտան, որ Հայաստանում պատշաճ մակարդակով քաղաքական բռնաճնշումները դատապարտող հասարակական մթնոլորտը բացակայում է: Քննարկումները շարունակվեցին թանգարանի բակում: