Pages Navigation Menu

Նադեժդա Ղահրամանյան

Նադեժդա Ղահրամանյան

Նադեժդա Ղահրամանյանի հետ զրուցել է Հասմիկ Ասատրյանը, 16.07.2013թ., Կապանում։

Նադեժդա Ղահրամանյանը ծնվել է 1950թ., Ալթայի երկրամասի Զնամենսկի շրջանի Խերսոնկա գյուղում: Նրա ընտանիքն Ալթայի երկրամաս աքսորվել է Կապանի Վ.Խոտանան գյուղից, այժմ բնակվում է Կապանում, Սպանդարյան 1ա/24:

Նադեժդա Ղահրամանյանի հայրը` Արտեմ Ղահրամանյանը ծնվել է 1906թ., մայրը` Փունջիկ Ղահրամանյանը՝ 1911թ.: Երկուսն էլ Վերին Խոտանան գյուղից էին: Հայրը 1941թ. զորակոչվել է Սովետական բանակ, մասնակցել է պատերազմին, գերի է ընկել, մի անգամ փախել է ճամբարից, բայց բռնվել է: Պատմում էր գերության տարիների դժվարությունների, ճամբարի ծանր կյանքի մասին: Նրան ազատել են 1945թ.-ին, պատերազմն ավարտվելուց հետո:

Ծառայության ընթացքում վիրավորվել է, քայլում էր հենակներով: Կատակում էր երեխաների հետ, ասում էր «Երկու ոտքով գնացել եմ կռիվ, չորս ոտքով վերադարձել եմ»:

1949թ. ամառանը մի գիշեր Վ.Խոտանան գյուղում Արտեմի տան դուռը թակում են: Մտածում են՝ «Ո՞վ պետք է լինի էս գիշերվա կեսին»: Արտեմը բացում է դուռը: Դռան մոտ կանգնած էին համազգեստով երկու հոգի, իսկ երրորդը կանգնած էր դարպասի մոտ: Նադեժդան համոզված չէ, որ ճիշտ է հիշում, սակայն հնարավոր է նրանցից մեկի անունը Լևոն էր: Զինվորներն առանց բացատրության պահանջել են նրանց հավաքել իրենց իրերը: Արտեմը փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Մի քանի անգամ հարցրել է. «Ինչի՞, ու՞ր ենք գնում», սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Ոստիկաններից մեկը, ով ծանոթ էր Արտեմին, հասկացրել է, որ անիմաստ է հակառակվել և հարցեր տալ, ասել է. «Շուտ հավաքվեք, գնում ենք»: Իսկ թե ու՞ր են գնալու՝ չեն ասել:

Սկսել են հավաքել իրենց իրերը, սակայն երբ փորձել են ինչ-որ բաներ վերցնել կողքի սենյակից, թույլ չեն տվել, չեն կարողացել նույնիսկ հագուստ վերցնել իրենց հետ: Պետք է բավարարվեին միայն իրենց սենյակի եղածով:

Ընտանիքին հնարավորություն չեն տվել նույնիսկ հրաժեշտ տալ նույն տանը բնակվող Արտեմի մորը և եղբորը: Ղահրամանյանները հետագայում պատմում էին, որ Արտեմի եղբայրն արթնացել է շան հաչոցից: Երբ մտել է սենյակ և տեսել զինվորներին, հասկացել է, թե ինչ է սպասվում իր եղբոր ընտանիքին: Վախեցել է, բայց փորձել է միջամտել, ինչ որ կերպ պաշտպանել եղբորը, բնականաբար՝ անօգուտ:

Փունջիկը սկսել է լաց լինել, ասել է, որ իր ավագ դուստրը տանը չէ, գտնվում է Բարձրավան գյուղում իր քրոջ մոտ: Զինվորներն ասել են «Ոչինչ, երեխան կմնա, իսկ ձեզ տանելու ենք»: Զինվորներից մեկն ավելացրել է. «Հնարավոր լինի՝ երեխային էլ կբերենք ձեզ մոտ»:

Ղահրամանյաններին տարել են գյուղի կենտրոն, որտեղ մեքենաներ էին կանգնած: Այստեղ էին բերվել նաև շրջակա գյուղերի այն ընտանիքները, որոնք նույնպես պիտի աքսորվեին: Փունջիկը նկատել է եղբոր ընտանիքի անդամներին: Եղբայրը, որ նույնպես Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր, նույնպես գերի էր ընկել, պիտի աքսորվեր:

Տարել են Ղափանի երկաթուղային կայարան: Գնացքը բեռնատար էր և քնելու տեղ անգամ չկար: Ղահրամանյանների ավագ դստերը երեխայի մորաքրոջ ամուսինը Բարձրավանից ձիով հասցրել է կայարան: Մոտեցել են վերջին պահին, երբ գնացքն արդեն շարժվում էր, բայց հասցրել են երեխային մի կերպ մտցնել բազմությամբ լցված գնացքը:

Նադեժդան այդ ամենը չի տեսել, բայց հիշում է ծնողների պատմածը. «Ծնողներս պատմում են, որ կայարանում իսկական սուգ էր: Մարդկանց բռնությամբ խցկում էին բեռնատար վագոններ: Կայարանում Արծվանիկ գյուղացի Հայկ Հարությունյանը վերջին պահին երգել է «Կռունկը», որը մեծ հուզում է առաջացրել»:

Ծնողները պատմել են, որ ճանապարհին աքսորականները ազատ շփվել են միմյանց հետ, մի ընտանիքի նման էին: Գնացքում քարածուխի մեծ վառարան է եղել, որի շուրջ խմբվում և ճաշ էին պատրաստում կանայք, միասին ճաշում էին և թեյ խմում: Դեպի անհայտություն տանող ուղևորությունը ամիսներ է տևել: Չգիտեին ուր են գնում: Վերջին հանգրվանը Ալթայի երկրամասի Զնամենսկի շրջանի Խերսոնկա գյուղն էր: Խերսոնկայում նրանց տուն և աշխատանք են տվել: Նադեժդան ասում է, որ այնտեղ ամեն ինչով ապահովված էին:

Աքսորվելուց մեկ տարի անց Ղահրամանյան Արտեմը Ստալինի հրամանով ռեաբիլիտացվել է և իրավունք ստցել հայրենիք մեկնելու: Արտեմը, սակայն, որոշել է մնալ Խերսոնկայում: Արդեն ապահովված էին, ունեին տուն, աշխատանք, տեղի բնակիչների հետ շատ լավ հարաբերությունների մեջ էին: Ղահրամանյաններն Ալթայում մնում են յոթ տարի: Երբ հայրենիք է վերադառնում Փունջիկ Ղահրամանյանի եղբայրը, Փունջիկը փորձում է համոզել ամուսնուն. «Եղբայրս գնաց, բոլոր հայերն էլ գնում են, արի մենք էլ վերադառնանք»: Արտեմն ասում է, որ երեխաները հայերեն գրել-կարդալ, նույնիսկ խոսել չեն կարողանում, դպրոցական են, իրենք ունեն տուն, աշխատանք, հարմարվել են, իսկ ինքը Կապան վերադառնալ առհասարակ չի ուզում: Ի վերջո տեղի է տալիս: 1956թ.-ին ընտանիքով վերադառնում են Կապան: Նադեժդան հիշում է վեց ամիս տևած վերադարձը: Ազատ էին, կայարաններում իջնում էին սնունդ և դեղորայք գնելու: Վերադարձին վեցամյա Նադեժդան հիվանդանում է կապույտ հազով: Երբ հասնում են Կապան, Արտեմ Ղահրամանյանին` որպես պատերազմի մասնակցի, վետերանի, բնակարան են հատկացնում Ա.Մանուկյան փողոցում: Դժվարություններ են առաջանում Նադեժդային դպրոց ուղարկելու հետ կապված: Քանի որ նա հայերեն խոսել չգիտեր, ծնողները նրան ուղարկում են գյուղ` տատիկի մոտ, որտեղ ժամանակի ընթացքում պետք է հայերեն խոսել սովորեր: Մեկ տարի անց երեխային գյուղից տեղափոխում են Կապան և դպրոց ուղարկում: Նոր կյանքին հարմարվելը դժվար էր հատկապես երեխաների համար: Նադեժդան հիշում է, որ 1957 կամ 1958 թ.ին հայրը մեկնում է Ալթայ, քանի որ մեկ տարվա աշխատավարձ և աշխօրի դիմաց մթերք ուներ ստանալու` ալյուր, ցորեն: «Ի՜նչ ասես, որ չէր բերել իր հետ…»: Ղահրամանյանները մինչև 1966թ.-ը նամակագրական կապ են ունեցել Խերսոնկա գյուղի իրենց հարևանների հետ և միշտ սիրեվ են հիշել նրանց:

Արտեմ Ղահրամանյանն այդպես էլ չի համակերպվել իր կյանքում տեղ գտած անարդարության հետ: Նա չարացած էր Սովետական պետության դեմ: Լռում էր, միայն ընտանիքի անդամների մոտ համարձակվում էր հայհոյել Ստալինին և Բերիային: Ասում էր. «Եթե չլինեին այդ երկու սրիկաները, ստիպված չէինք լինի անցնել այս ամենի միջով»:

Share