Pages Navigation Menu

Մարիետա Առաքելյան, Վաչիկ Ավետիսյան

Մարիետա Առաքելյան, Վաչիկ Ավետիսյան

Սյունիքի Առաջաձոր գյուղում Մարիետա Առաքելյանի և Վաչիկ Ավետիսյանի հետ զրուցել է Միլենա Սարկիսյանը, 05.07.2013։

Մարիետան և Վաչիկը ամուսիններ են, զրույցը գրանցվել է Առաջաձոր գյուղի իրենց տանը: Վաչիկ Ավետիսյանի նախնիները Սյունիքի Առաջաձոր գյուղ եկել են Ղարաբաղի Առաջաձոր գյուղից, իսկ Մարիետա Ավետիսյանի նախնիները՝ Պարսկաստանից, Ղարադաղից:

Վաչիկ Ավետիսյանի պատմությունից,- Ուրեմն` հորեղբայրս գերի էր ընկել պատերազմի ժամանակ` 41-45 թթ, ինչպես մնացածներին, անտեղի աքսորել են Ալտայսկիյ կրայ: Գրիգոր Ավետիսյան էր անունը: Պատճառը հենց գերի ընկած լինելն էր: Ինչպես է եղել, ոնց է գերի ընկել՝ դա իրենց չէր հետաքրքրում: Ով պատերազմի ժամանակ գերի էր ընկել՝ աքսորում էին: 49 թվին: Ամբողջ ընտանիքով աքսորել են: Ահագին շահել են աքսորվելուց իմիջիայլոց: Գնացել են այնտեղ, ինքը մասնագետ էր, կարգին աշխատել է, լավ անուն է ձեռք բերել, էրեխեքը ռուսական կրթություն են ստացել, մասնագետներ են դարձել, որ մնային այստեղ՝ ավերված կլինեին: Հետ են եկել հիսունքանի թվին էր: Արդարացրել են և հետ բերել: 55 –ին կըլի էլի, Ստալինից հետո կըլնի: Հիմա թե թղթում ի՞նչ են գրել, որպես ի՞նչ են աքսորել՝ Դա պետք է գնալ Ստալինին հարցնել: Պատերազմի ժամանակ գերի է ընկել, պատահական, հետո էլ ճամբարում գերիներին շատ օգնել է, տեսնողներ են եղել, պատմում են: Բայց դրանք կարևոր չէին, ոչ ոք չէր հարցնում՝ ի՞նչ է եղել, ինչպե՞ս է եղել: Գերի ես ընկել՝ պիտի աքսորվես: Մեր գյուղացի Սերգեյ Հարությունյանին էլ էին աքսորել: Կրկին՝ պատերազմի ժամանակ գերի ընկած լինելու պատճառով: Կինը ուսուցչուհի էր լեզվի-գրականության երկար տարիներ, յոթերորդ դպրոցում, շատ լավ ուսուցչուհի, վաստակավոր, ինքն էլ աքսորից վերադառնալուց հետո «Քաջարան» թերթի թղթակից էր: Ասում էին գերի է ընկել, ուրեմն գերմանացիների համար էր աշխատում, այդպես էին պատճառաբանում: Քննություն բան չկար, ով ինչ է արել, ինչպես է գերի ընկել, ինչպես է գերության ժամանակ ապրել: Հարց-պատասխան չէր լինում, ուղղակի վերցրին տարան: Էդ գերիներին հիմնականում վերցնում էին, տանում խամ ու խոպան հողերում աշխատեցնում: Էն ժամանակ, հիմնականում դե աշխատուժ չկար, մի պատճառով տանում էին էլի: Տանում էին, որ այնտեղ աշխատի:

Մարիետայի պատմությունից – Իմ հորեղբայրն էլ է գերի ընկել, մեծ հորեղբայրս, Հարությունյան Քրիստափորը: Իմ գերդաստանը շատ մեծ գերդաստան է, իմ հոր գերդաստանը իհարկե, իրենք իննը երեխա են եղել, հորս տանը հինգ եղբայր էին, չորս քույր: Մեծ հորեղբայրս գրագետ տղա էր, մեր առաջի դպրոցի տնօրեն կար` Սուրեն Գևորգյան, նրա ասելով իմ հորեղբայրս Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ղափանցի առաջին ուսանողն էր, և համալսարանի կոմսոմոլի քարտուղարն էր: Երրորդ կուրսում էր, երբ պատերազմը սկսվեց, իրան տարան պատերազմ, մինչև վերջ էլ մասնակցեց պատերազմին: Ավստրիայում գերի է ընկել, բայց իրեն արդարացրել են: Հորեղբայրս Երևանում երկար տարիներ պարտ. կազմակերպության քարտուղար է եղել, նոր է մահացել, 99 տարեկան էր, որ մահացավ: Ինքը միշտ գոհ էր խորհրդային միությունից: Ես դպրոցը Երևանում եմ ավարտել, իրենց տանն էի ապրում: Շատ լավ հիշում եմ, երբ մի քիչ էլ քեֆը լավանում էր, երբ տրամադրությունը բարձր էր, ինքը միշտ Ստալինին գովում էր: Ինքը գովում էր, որովհետև ինքը պատերազմի ժամանակ հենց «Զա Ստալինու» էր կռվել: Այն ժամանակ այդպես էր, կռվում էին «Զա Ստալինու»: Կուռք էր էլի դարձել: Հիմա էլ օրինակ` գյուղեր կան Հայաստանում, ես գիտեմ որ Ստալինը էլի կուռք է, արձանը պահում են: Հորեղբորս բերանից ճիշտն ասած Ստալինի մասին վատ բան չեմ լսել: Ինքը միշտ ասում էր «Ստալինը ուժեղ էր», «Ստալինը լավն էր», «Մոսկվան չվեցրեցին», «եթե Ստալինը չլիներ»… Ինքը Ստալինին շատ էր հավանում, ասում էր՝ պետությունը Ստալինով պետություն դարձավ: Ինքը մեղադրում էր Բերիային, իրա կողմնակիցներին, ասում էր Ստալինի թուլությունը նա էր, որ նա լսում էր իր կողքի աշխատողներին: Իմ հորեղբայրս պատմում էր, որ Ստալինը էդ հարցում հիմնական մեղք չուներ, հիմնական մեղքը Բերիայինն էր, չգիտեմ ումն էր, ումն էր, իրան խոսքը ինքը լսում էր: Հորեղբայրս այդպես էր պատճառաբանում:

Share