Pages Navigation Menu

Հայկ Հակոբյան

Հայկ Հակոբյան

Ասպիրանտ Հայկ Հակոբյանի հետ Կապանում զրուցել է Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը, 02.09.2013։

Խնդրում եմ պատմել, թե ի՞նչ և որտեղի՞ց գիտեք ԽՍՀՄ քաղաքական բռնությունների մասին:

– Բռնություններ եղել են Խորհրդային իշխանության հաստատումից սկսած մինչև ԽՍՀՄ փլուզումը: Ուղղակի մարդկային զոհերի առումով ավելի մասսսայական են եղել մինչև Ստալինի մահը, 1953թիվը: Ինչ որ ես գիտեմ, հիմնականում գիտեմ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից, հաղորդումներից: Սակայն հեղինակներին չեմ հիշում: Գիտեմ նաև մեր ընտանիքի պատմությունից, քանի որ պապիս հայրը բռնադատված էր, այն էլ երեք իշխանությունների օրոք: Մեր տանը շատ է խոսվել այդ մասին: Մարդիկ մեղադրվում էին լրտեսության, սաբոտաժի մեջ: Պատժվում էին ամենաչնչին զանցանքի դեպքում: 20-ականներին բռնությունների են ենթարկվել նախկին իշխանությունների ներկայացուցիչները, կամ համակիրները, կամ նրանք, ովքեր կասկածվում էին լոյալության մեջ: Դաշնակցական կառավարությունը, սպայակազմը, մտավորականության որոշ ներկայացուցիչներ: 20-ական թթ. վերջին, երբ ՆԷՊ-ը դադարեց տնտեսական քաղաքականություն լինելուց և 29թվից հետո, երբ ձևավորվեց Ստալինի անձի պաշտամունքը, բռնությունների ենթարկվեցին այսպես կոչված կուլակները, և շարունակվեցին մինչև երեսնական թթ. սկիզբը: 30–ականներին և 40-ականներին բռնություններն ավելի մասսայական էին, դրանք իրականացվեցին Ռուսաստանի անծայրածիր տարածքները ոտքի կանգնեցնելու նպատակով: Պետությանը ձրի աշխատուժ էր պետք: Սակայն ի տարբերություն երեսնականների, քառասնականներին շատ ավելի քիչ էին գնդակահարվածները: Ստալինի մահից հետո բռնությունների ենթարկվեցին բնակչության առանձին խմբեր, հիմնականում մտավորականությունը, մշակույթի և արվեստի գործիչներ՝ քաղաքական այլախոհության համար: 80-ականներին օրինակ սկսվեց հակասեմիտիզմը և շատ շատերն այդ առիթն օգտագործելով հեռանում էին երկրից: Որպես կանոն այդ ամենը չէր ավարտվում գնդակահարությամբ, այլ աքսորով կամ հոգեբուժարանով:

Սկզբում մարդկանց մեղադրում էին հայրենիքի դավաճան, հայրենիքի թշնամի, թշնամու որդի, լրտես, կուլակ, դաշնակցական, նժդեհական, դրոյական, տրոցկիստ և այլ նմանատիպ բառերով: Իհարկե կային նաև լրտեսներ, բայց ոչ հասարակ ժողովրդից: Կային դաշնակցականներ, բայց մեր ժամանակների դիրքերից նայելով նրանց հետապնդելը հակասում է ժողովրդավարության արժեքներին: Բնականաբար տվյալ ժամանակաշրջանում կոմունիստների դիկտատուրան էր և նրանք հաստատ կհալածեին նացիոնալիստներին և դաշնակցականներին:

– Դուք ինքներդ ինչպե՞ս կաբացատրեիք այդ բառերի իմաստը:

Նացիոնալիստները այն մարդիկ էին, ովքեր կողմ էին անկախ պետությանը ոչ ԽՍՀՄ շրջանակներում: Դաշնակցականները կուսակցականներն էին կամ նրանց ընտանիքի անդամները: Տրոցկիստները ներկուսակցական պայքարի հետևանքով երկու թևի բաժանված կոմունիստական կուսակցոթյան այն անդամներն էին, ովքեր համարվում էին Տրոցկու կողմնակիցները: Անհարազատներն ըստ էության կոմկուսի գաղափարները չընդունող անձինք էին: Կուլակն իմ կարծիքով աշխատավոր գյուղացին էր, որն իր աշխատանքի շնորհիվ որոշակի կարողության տեր էր և ուներ որոշակի խնայողություն:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի աներ մարդը, որպեսզի նրա մասին այդ նեղադրանքներով կասկածներ լինեին:

– Ընդամենը ազատ արտահայտվելն էլ բավական էր, իսկ կուլակի դեպքում բավական էր ունենալ ունեցվածքային թեկուզ փոքր տարբերություն:

– Ի՞նչ գիտեք Հայաստանում քսան-երեսնական թթ. ռեպրեսիաների մասին, կարո՞ղ եք թվարկել մարդկանց անուններ, որոնք հայտնի էին երկրի մակարդակով:

– Եկրի մակարդակով ամենաաղմկահարույց սպանությունը իմ կարծիքով Խանջյանի սպանությունն էր Թիֆլիսում, որը ներկայացվեց որպես ինքնասպանություն, Չարենց, Բակունց, Մահարի: Բարձրաստիճան հոգևորականներ, զինվորականներ: Այդ ամենը տեղի էր ունենում ողջ ԽՍՀՄ-ում: Նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրներում՝ Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարիա…

– Ո՞վ կամ ի՞նչն էր մեղավոր ռեպրեսիաների հարցում: Գյուղսովետի նախագահը, որևէ մատնիչ, չեկիստները, Ստալինը, թե՞…

– Ինձ թվում է երևի կոմունիստական կուսակցությունը Ստալինի գլխավորությամբ:

– Ի՞նչ խնդիր էր լուծում, ի՞նչ խնդիր լուծեց կամ առաջացրեց ռեպրեսիները:

Ռեպրեսիաները նախ և առաջ թշնամանքի մթնոլորտ ստեղծեցին հասարակության ներսում: Թնամանք դահիճների և զոհերի միջև: Ինչպես նաև նրանց սերունդների միջև: Հասարակությանը զրկեց ազատ մտածող, ազատ և որակյալ ստեղծագործող մարդկանց մի ստվար խմբից: Հետևաբար նաև այդ մարդկանց զրկեց նման սերունդ տալու հնարավորությունից: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա երկիրը արդյունաբերական առումով զարգացավ, իսկ գյուղատնտեսության առումով կարծում եմ՝ ոչ: Հետագայում ԽՍՀՄ-ը տալով արդյունաբերական անորակ արտադրանք և չունենալով զարգացած գյուղատնտեսություն, տնտասական կրախի առաջ կանգնեց և ի վերջո փլուզվեց: Կարծում եմ նաև ռեպրեսիաների միջոցով երկիրը մոբիլիզացվեց և ինչ որ տեղ հող նախապատրաստեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի գործում:

– Կարո՞ղ էր արդյոք Հայաստանի բնակչությունը խուսափել ռեպրեսիաներից:

– Ոչ, որովհետև Հայաստանը ինքնուրույն պետություն չէր, և ենթարկվում էր Մոսկվային: Իսկ ինչ որոշում կայացվում էր Մոսկվայում, ավելի մոլեռանդությամբ իրականացվում էր ծայրագավառներում:

– Ովքե՞ր էին Հայաստանում իրականացնում ռեպրեսիաները:

Միկոյանը, Մռավյանը, ՆԿՎԴ-ն:

– Որո՞նք էին բռնությունների հասարակական քաղաքական հետևանքները:

– Կարծում եմ բռնի ուժով համախմբվեց, որն էլ Ստալինի մահից հետո վերացավ և հասարակության մեջ մնացին ստրկամիտները, մասամբ՝ հարմարվողները, որի արդյուքները զգում ենք մինչև հիմա: Իսկ կոնկրետ քաղաքական հետևանքներ չեղան, որովհետև Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն չէր վարում:

– Հնարավո՞ր է արդյոք այդ ամենի կրկնություը Հայաստանում:

– Հնարավոր է, եթե Հայաստանը հայտնվի որևէ գերտերության, տվյալ դեպքում Ռուսաստանի քաղաքական տիրապետության տակ: Իսկ անկախ պետության դեպքում անհնար է, քանի որ նման մասշտաբի ռեպրեսիաներ իրականացնելու համար պետք է կայսրությանը համարժեք ռեսուրսներ և ուժ ունենալ: Ռեպրեսիաներ հնարավոր են Հայաստանում փոքր նեղ խմբի նկատմամբ:

– Պե՞տք է արդյոք հրատարակել այն մարդկանց անունները, ում կասկածում են բռնություններին մասնակցության մեջ:

– Այո, կարծում եմ հասարակությունը պետք է իմանա իր հերոսներին և հակահերոսներին:

 

Share