Pages Navigation Menu

Լյուդմիլա Դավթյան

Լյուդմիլա Դավթյան

Լյուդմիլա Դավթյանի հետ Միլենա Սարկիսյանը զրուցել է Կապանում, 2013թ.։

Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո Հայաստանում համատարած վախ է եղել: Մարդիկ, ովքեր դեմ էին և համարձակվում էին ասել այդ մասին, ձերբակալվում և աքսորվում էին: Բայց քչերն էին համարձակվում արտահայտել իրենց կարծիքը, համատարած վախ էր: Իմ ամուսնու հայրը դաշնակցական էր` Հակոբյան Միխայել Թադևոսի, նա Նժդեհի զինվորներից էր: Ապրում էր Բարձրավան գյուղում: Կեսրայրս մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց դաշնակցությանը, հպարտանում էր: Այն ժամանակ հետապնդում էին բոլոր դաշնակցականներին: Կեսրայրս` Միխայելը պատմում էր, որ երբ սկսեցին դաշնակցականներին հետապնդել, ինքը թաքնվում էր անտառներում, վախենում էր, չէ՞ որ դաշնակցականներին առանց հարցուպատասխանի ձերբակալում, աքսորում էին… Բայց նրան ձերբակալում և ուղղարում են Մագադան` 25 տարով: Կարծեմ դա եղել է սովետի ստեղծման հենց սկզբից: Հնարավոր է նա 25 տարուց քիչ լինի անցկացրած Մագադանում, չգիտեմ, սակայն փաստ է, որ 1949թ. նա արդեն վերադարձել էր Մագադանից, հայրենիքում էր, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա: Այս թիվն ասում եմ, որովհետև 1949թ. Միխայել Հակոբյանին կրկին աքսորում են 1949թ., ենթադրում եմ, որ աքսորում են, որովհետև դաշնակցական էր: Նրա կնոջը ընտրության հնարավորություն էին տվել՝ մնալ, կամ գնալ ամուսնու հետ: Արաքսյան ասել էր «որտեղ ամուսինս, այնտեղ էլ՝ ես»: 1949թ. Միխայելի ընտանիքը աքսորվում է Ալթայի երկրամաս Զնամենսկի շրջան գյուղ Մալենկի: Ալթայում երկրորդ երեխան ունեցան, տղա էր, սակայն երեխան դեռ 8 ամսական էր, երբ մայրը հիվանդանում և մահանում է: Նրան Ալթայում էլ հողին են հանձնում: Միքայելը մնում է 2 երեխաների հետ միայնակ և որոշում է ամուսնանալ: Այդ ժամանակ Ալթայում աքսորված հայ ընտանիքներ շատ կային և նա ամուսնանում է 18 թե 19 տարեկան մի աղջկա հետ: Նրա ընտանիքը Տաթևից էր աքսորված: Ալթայում նրանք երկու երեխա են ունենում: Ապրում են մինչև 1953թ., այնուհետև վերադառնում են հայրենիք: Կեսրայրս երբեք չի բողոքել աքսորում ապրած իր տարիներից: Աշխատանք ունեին և ամեն ինչով ապահովված էին, նույնիսկ ասում էր, որ վերադառնալուց իրենց հետ «վագոններով ցորեն են բերել»: Հայաստանում էլ երեխա ունեցան: Միքայելը յոթ երեխա ուներ: Ալթայից չէր բողոքել, իսկ Մագադանում անցկացրած տարիներից ոչինչ չի պատմել, ես չգիտեմ ինչե՞ս է ապրել: 1953թ. աքսորականներին արդարացնում են: Ազատ էին: Կանգնեցին ընտրության առաջ,- մնալ Ալթայու՞մ, թե՞ վերադառնալ հայրենիք: Քանի որ կեսրայրս հայրենասեր դաշնակցական էր, որոշում է վերադառնալ: Նա մահանում է հայրենիքում 1966թ.: Կեսրայրս երբեք չարացած չէր խոսում Սովետական Միության մասին, բայց և մինչև կյանքի վերջին պահերը հպարտանում էր, որ ինքը դաշնակցական է: Ես հաճույքով կբացեի արխիվները, այնքան բաներ կան, որ ինձ էլ են հետաքրքիր:

Share