Pages Navigation Menu

Լաուրա Մարտիրոսյան

Լաուրա Մարտիրոսյան

Լաուրա Նահապետի Մարտիրոսյանը ծնվել է 1935թ., Կապանում, ուսուցչուհի է: Լաուրա Մարտիրոսյանի հետ զրուցել է Քնար Երվանդանը:

Երբ Լաուրա Մարտիրոսյանին խնդրեցինք պատմել Խորհրդային բնությունների մասին իր իմացածների մասին, նա դառնությամբ ասաց.

– Ինչու՞ միայն խորհրդային: Մենք բոլոր ժամանակներում էլ տուժել ենք: Մենք ավելի վաղ շրջանի բռնություններ գիտենք: Խոսքը Նժդեհի մասին է: Գիտեմ, կարող եք նեղանալ, կարող եք պատմությունը ճիշտ չհասկանալու մեջ մեղադրել, ասել, որ ժամանակներն էին այդպես թելադրում: Այդ դեպքում կարելի է արդարացնել նաև Ստալինյան բռնությունները: Մեր ընտանքիը զգացել է Նժդեհի ժամանակի, և անգամ նրա կողմից իրականացրած բռնությունների սարսափը, ապրել նրա ծանր հետևանքները: Պատեմ: Նժդեհը եկել էր մեր գյուղ` Խդրանց: Ասեմ, որ մեր գյուղը փոքրիկ է, բայց շատ հայտնի է իր աշխատասեր ու բարի մարդկանցով և Չորեքդռնի կոչվող վաղ քրիստոնեական եկեղեցիով: Իմ պապերը հոգևորականներէին, Չորեքդռնին նրանք են կենդանի պահել: Նժդեհը իմացել էր, որ քահանայի զավակները բոլշևիկյան գաղափարներ ունեն, ապրում են Բաքվում, քահանային կապեց ծառից ու ծեծել տվեց:

Մայրական կողմս էլ տուժեց նրա կողմից: Հրաշալի աղջիկ ունեինք` Ռուզան Աղախանյանը, որն իմ պապի եղբոր աղջիկն էր: Ապրում էր Ղափանում, որքան գիտեմ, կապեր ուներ բոլշևիկյան գործիչների հետ: Նրան հետապնդեցին, սպանեցին ու Նժդեհի հրամանով դին նետեցին շախտերը/հանքախորշ/: Ռուզանի հորեղբայրը փորձեց հանել աղջկան, տանել Խդրանց և թաղել այնտեղ: Չկարողացավ: Դիակը սառցակտորի էր վերածվել: Կաթսայով եռացող տաք ջուր լցրեցին շախտը, դիակը անջատեցին սառցաբեկորներից, հանեցին, տարան ու թաղեցին Ագարակում:

Մերոնք տուժել են նաև խորհրդային ժամանակ: Քեռիս` Անտոնյան Արմենակը, 1937-ին կալանավորվեց: Սովորել էր Շուշիի ռեալականում: Խդրանցում էր ծնվել, տեղափոխվել Թավրիզ, եկել Շուշի: Մյուս քեռիս` Աշոտը, սա էլ Հովհաննիսյան էր, ԿաԳեԲե-ի աշխատող էր: Մեկը ԿաԳեԲե, մյուսը` ժողովրդի թշնամի: Արմենակին Լենինականից աքսորեցին, բայց կարողացան նրանհ ետ բերել: Դա արվեց միջնորդությամբ: Արմենակի կինը` Անյան, եվրեյկա էր: Անյայի քույրը և Բերիայի կինը մոտ ընկերուհիներ էին: 1943-ին Արմենակը վերադարձավ, քայքայված առողջությամբ, մեռավ 6 ամիս անց: Չեմ մոռանա, երբ մայրս արցունքներ էր թափում եղբոր համար, ասում էր տարել էին գցել ցեմենտի հատակին, ծեծել էին, ջարդել, ցանկացել էին ինչ որ ցուցմունքներ պոկել:

Ազգականներիցս Գաբրիել Աղախանյանը բռնության ենթարկվեց պատերազմից հետո: 1949-ին ընտանիքով քշեցին Ալթայ: Հիշում եմ, հունիսի 14-ին մայրիկիս փեշը բռնած հասա Ղափանի կայարան: Այստեղ լացուկոծ էր: Գաբրիելը բարձրաձայն վիրավորեց Ստալինին, ասաց. «էդ անասուն Ստալինը ի՞նչ է ուզում մեր ժողովրդից»: Մայրս վախեցավ ու խնդրեց ձայնը գլուխը չգցել. «Ուզում ես մեզ է՞լ Սիբիր քշեն»:

Շատ հայտնի մարդկանց տարան: Անվանի մարդկանցից մեր հայրենակիցներից ին Սմբատ Մելիք-Ստեփանյանը, Հմայակ Տեր Դավթյանը, Աղասի Կնդեղցյանը, վերջապես մորաքրոջս ամուսինը՝ անվանի քիմիկոս, Նաիրիտը կառուցող Հմայակ Մելիք-Աղամիրյանը: Նա եվրոպական կրթությունուներ, Գրենոբլում է սովորել ,ֆրանսերեն, ռուսերեն ու գերմաներեն գիտեր: Ես տանը ունեմ աքսորավայրում նրա նկարներից մեկը:

Ասում էին, որ մատնողներ կան, այն ժամանակ անուններ էին տալիս: Բայց ես չեմ ճանաչել մատնիչների: Բայց ճանաչել եմ 1949-ի աքսորն իրականացնող Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Աշոտ Սարգսյանին: Գիտեի նրա կնոջը` Սալոմեային, որը մեր դպրոցի տնօրենն էր որոշ ժամանակ: Ասեմ, որ որպես մարդիկ նրանք լավն էին: Չգիտեմ, չգիտեմ, Ստալինը երբ մահացավ, բոլորս լաց էինք լինում: Պատմության ուսուցիչ Հովսեփ Օգանեսովիչը բարձր դասարանցիներին նկատողություն արեց. «Ինչո՞ւ եք լաց լինում, դրա կարիքը չկա»: Հիմա խոսում են, ասում են: Ես դեմ եմ, միանշանակ դեմ եմ, որ անցյալի այդ մատնիչների մասին խոսվի: Նրանց սերունդներն իրենց վատ կզգան: Ու՞մ դուր կգա, եթե իմանա, որ իր պապը այլանդակ քննիչ է եղել, միլիցիոներ կամ չգիտեմ ինչ, ծեծել է անմեղ մարդկանց: Տանել չեմ կարող «ստուկաչներին» և «դանոսներ» հասցնողներին: Դա անտանելի կլինի: Դա պառակտում կբերի մերմ եջ: Դա վտանգավոր է առանձնապես փոքր բնակավայրերում: Իրար երեսով կտան, մի օր կպայթեն: Ես օրինակ գիտեմ իմ հոր դեմ նյութեր տվողին: Չէի ուզենա անունը հրապարակել, մանավանդ, որ հայրս ներեց: Հայրս ներեց, իսկ մայրս` ոչ: Այսօր էլ շատ անբարոյականություն կա: Նաև՝ վախի մթնոլորտ: Ես օրինակ շարունակ մտածում եմ, թե ինչու չեն պատժվում հանցագործները: Ինչու պատասխան չտվեց Ռոբերտ Քոչարյանը, երբ նրա հրամանով սրճարանում խեղդամահ արեցին երիտասարդի: Ոչ ոք հաշիվ չպահանջեց: Իսկական հաշիվ` պատիժ: Մենք բոլորս պիտի պահանջենք: Բայց մենք վախենում են քնախ և առաջ մեր երեխաների, մեր ընտանիքների համար: Ընտանիքն է մեղավոր: Օրենք էլ նրա և նրանց կողմն է: Կողոպտեք որքան կարող եք: Դղյակ կառուցեք ուրիշի հաշվին: Դա մե րօրերում բարոյական է: Ոչնչացրեք բնությունը, քանդեք երկիը, դա օրինական է: Բռնություն չի՞, երբ կոպեկներ են մարդկանց թոշակները, երբ երեխան սոված է, երբ մարդիկ փախչում են իրենց հողից: Փառքուպատիվ Սովետին: Լավ, վերջ… այլևս ոչ մի հարցի չեմ պատասխանելու:

Share