Pages Navigation Menu

Արփենիկ Ալեքսանյան

Արփենիկ Ալեքսանյան

Արփենիկ Ալեքսանյանի պատմությունը:

Արփենիկ Ալեքսանյանի ընտանիքը, ի տարբերություն մեր պատմություններով գրանցված հայաս­տան­յան դեպքերի, աքսորվել է Վրաստանից՝ Թբիլիսիից, որտեղ նրա ծնող­ները հանգրվել էին 1915 թ. ցեղասպանությունից հետո: Նրա պատմությու­նը, մասնավոր լինելով, այնուամենայնիվ տիպական է՝ վկայելով, որ 1949 թ. աք­սորները ողջ Կովկասից մասնավոր թիրախ ունեին հայերին: Արփենիկ Ա­լեքսանյանը մահացավ 2013 թ. դեկտեմբերին և մեր խնդրանքով նրա «աք­սո­րա­կան պատմությունը» համառոտ շարադրել է նրա որդին՝ ազգագրա­գետ Հարություն Մարությանը:

Մայրս՝ Արփենիկ Արայի Ալեքսանյանը (Նկ. 1-3, 6-8, 12-21) ծնվել է 1925 թ. նոյեմբերի 14-ին, Թիֆ­լիս քաղաքում, վանեցի գաղթականների ընտանիքում։ Արփենիկի ապագա հայրը՝ Արայ Արամի Ալեք­սանյանը (1892-1983) (նկ. 12) դեռևս 1912 թ. մեկնել էր վաստակի Իրկուտսկ, մո­րա­քրոջ մոտ։ Մայրը, Աշխեն Գևորգի Թուր­շ­յանը (1898-1958) (Նկ. 1, 9, 12), Վանի հերո­սա­մար­տին հաջորդող 1915 թ. հուլիսյան նա­հան­ջի ժամանակ ընտանիքով ներ­գաղ­թել էր Էջմիածին, ապա՝ Ռոստով և Թիֆ­լիս։ Այստեղ էլ երիտասարդները ծա­­նո­թացել էին, ընտանիք կազմել, ուր և ծնվել էին Արմենուհի (Արմիկ) (Նկ. 12, 16), Ար­փե­­նիկ (Արփիկ), Իսկուհի (Ասյա) (Նկ. 3, 6, 12, 16) և Սիլ­վա (Նկ. 3, 8, 12, 16) քույրերը։ Արայը Թիֆլիսում մետաղական մահ­ճա­կալ­ների ճանաչված արհեստավոր էր: Ընտա­նիքն այն ժա­մա­նակ­­ների հա­մար համեմա­տաբար բարեկեցիկ կյանք ուներ և բնակվում էր Կամո և Գրինևիչ փողոց­ների հատույթում գտնվող բակի երեք­­սեն­յականոց բնակարանում:

Արփենիկը 1934-1944 թթ. սովորում է թիվ 47-րդ ռուսական դպրոցում (1943 թ.-ից՝ թիվ 51-րդ), որն ավարտելուց հետո, 1944 թ. ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Երկրորդ կուր­սից Արփենիկն ուսումը շարունակում է Թբիլիսիի բժշկական ինստի­տու­տում։ 1949 թ. հունիսի 14-ին, երբ Արփենիկը հանձնում էր ավարտական կուրսի պետական քննությունները (Նկ. 4), ողջ ընտանիքին՝ Արայ Ալեքսանյանին, Աշխեն Թուրշյանին, Արփենիկ, Ասյա և Սիլվա դուստրերի հետ (ավագ դուստրն արդեն ա­մուս­նացած էր, կրում էր ամուսնու ազգանունը և ուներ մեկ երեխա) առանց նախազգուշացնելու և ժամանակ տալու նրանց, աքսորում են Սիբիր: Ոչինչ չհասկացող ընտանիքը միայն աքսորյալների գնացքում պիտի հայտնաբերեր, որ իրենք աքսորվում են Վրաս­տանի հազարավոր այլ հայերի հետ միասին: Վանեցի Արայ Ալեքսանյանի և Աշխեն Թուրշյանի ընտանիքը Սիբիր էր աքսորվում  որպես «նախկին թուրքահպատակներ»: Գնացքի բոլոր աքսորյալներին տանում են Սիբիր: Արփենիկի ընտանիքը հայտնվում է Տոմսկի մարզում, որ­տեղ նրանց ցմահ բնակության վայր է սահմանվում Պարբիգի շրջանի Վի­սոկիյ Յար գյուղը։ Առաջ անցնելով ասեմ, որ Արփենիկն աքսորավայրում հինգ տարի շարունակ՝ 1949-1954 թթ., օրագիր է պահում (տասնմեկ տետրակ), որում իր, իր ընտանիքի և այլ աքսորյալների ոդիսականը  մանրամասն շարադրված է՝ սկսած գնացքում հայտնվելու պահից: Ավելի քան կես դար անց՝ 2007 թ., նրա հարա­զատների ակտիվ ա­ջակ­ցու­թյամբ օրագիրը լույս է տեսնում «Сибирский дневник: 1949-1954 гг.» վեր­տառությամբ, որ­պես ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրու­թյան ինստի­տու­տի նորաստեղծ «Հի­­շո­ղու­թյան ազգագրություն» մատենա­շարի թիվ 1 հրա­­պարակում։

Հենց գնացքում սկսվում են ստորացումներն ու դաժանությունները: Փակ վագոններում մեկ ամիս տևած ճամ­փորդության ընթացքում մարդիկ «սկսում էին մոռանալ ամոթը»: Տոմսկի բանտի բարաքում անցկացրած մի քանի օ­րը ու, հատ­կա­պես, բաղնիքի դրվագը մայրս  ավելի քան կես դար շարունակ հիշում էր ամենայն ման­րա­մասնու­թյուն­ներով: Նույն կերպ երբեք չմոռացվեց բարժայով նավարկությունը Պարբիգ՝ տեղ չլինելու պատ­ճառով ժա­մերով կանգ­նած մնա­լը, գետն ընկած տղայի մահը: Թիֆլիսյան բարեկեցիկ, սիրող ընտանիքի և բժշկական ինստիտուտի մտավորական միջավայրից միանգամից անիմաստ անմարդկային դաժանության, շարունակական ստորացման միջավայրում հայտնված Արփենիկի համար անհասկանալի, անբացատրելի էր իրավիճակը:

Ողջ օրագիրը ցուցադրում է անարդարության, ցավի, իրենց վիճակված ճակատագրի հետ չհաշտվելու դեմ ըմբոստացումը, բայց նաև՝ մտավորական ընտանիքի ջանքերը նոր պայմաններում նոր կյանք սկսելու, շարունակելու, այդ կյանքն իմաստավորելու և մարդկային ջերմություն ու համակեցություն ստեղծելու ջանքերը: Ամենամեծ ցավը իրենց ընտանիքի նկատմամբ գործած անհասկանալի անարդարությունն էր: Սրան գումարվում էր Արփենիկի ողջ ընտանիքի համար անընկալելի  խոր­հրդային զինվորի, ներքին գործերի և անվտանգության ծա­ռա­յող­ների կոպ­տու­թյունը, աքսորյալների մարդկային արժա­նա­պատ­վության ոտնահարումը, ստորացումը,  ծնողների և քույ­րերի, հարազատների ու բարեկամների կրած չար­չարանքների, կյանքի համար խիստ վտանգավոր հարկադիր աշխատանքի տագնապները:  Քաղաքային կյանքից միանգամից սիբիրյան ցրտերին անտառահատման հարկադրանքին ենթարկված մարդիկ մշտական վտանգի մեջ էին.  «Անտառահատումը (Նկ. 5, 6) փայտամթերման ամենածանր աշխատանքն է:  Առավոտից մինչև ուշ երեկո ես համարյա մինչև գոտկատեղ ձյան մեջ եմ, ձյան մեջ քայլելն անհնար է, ամեն րոպե ոտքդ ճյուղի է առնում և ընկնում ես խոր ձյան մեջ: Իսկ վտանգը… Ամեն ակնթարթ մահ ես սպասում:  Ծառը սխալ կընկնի կամ էլ ջարդվի, կամ ժամանակին չեն ասի՝ «զգու՜յշ», ահա և վերջ»։ Օրագրում տրավ­մատիկ կենս­ըն­թացի դրվագները ներկայացված են իրենց ողջ դաժան իրականությամբ. կամ տրավ­մատիկ առօրյայի հե­տևանքով տրամադրու­թյան կտրուկ փոփոխություններն օր­վա ընթացքում, կամ դժվա­րություն­ներին ու հու­զումներին ուղեկցող լացը, կամ՝ անգամ քնած ժամանակ՝ երա­զում մղվող պայքարը բյուրոկրատական քաշքշուկ­նե­րի դեմ, կամ՝ ինքնա­սպա­նու­թյան՝ դեպքից դեպք այցելող միտքը, և կամ մյուս աքսորյալների կյանքի դժվա­րություն­նե­րին հաղորդակցվելն ու օգ­նե­լու անկարողությունը։ Մինչև կյանքի վերջին օրերը մայրս լաց էր լինում, երբ պատ­մում էր, թե ինչ­պես էին անվտանգության մարմինների աշ­խատակիցներն ի­րեն ստիպում աք­սո­րա­կանների շրջանում լրտեսելել, նա­գան էին թափ տալիս քթի առաջ։

Նոր­մալ տրա­մա­բա­նու­թյան սահմաններում ոչ մի կերպ չէր տեղավորվում, որ այն փաս­տը, որ ընտանիքի հայրն ու մայրը բնակվել են Թուրքիայի տա­րած­քում գտն­վող արևմտա­հայ­կական Վան քաղաքում ու, հետևաբար, եղել են այդ պե­տության հպատակները, իրականում «մեղք» է,  «հանցանք» է ու պետք է պատժվի խոր­­հրդային օրենք­նե­րով։ Այդ «մեղ­քը» իրողություն էր նաև եղեռնից մա­զա­պուրծ հարյուր հազարավոր այլ արևմտահայ գաղթականների համար։ Ու­րեմն նրա՞նք էլ էին ենթակա աքսո­րի։ Եվ իրոք, աքսորավայր հաս­նե­լու մեկ ամիս տևող ճանապարհին Արփենիկը փոր­ձում է գոնե իր համար լու­­ծել այդ «խնդիրը». նա մանրամասն ներկայացնում է իրենց վագոնի ու էշե­­լոնի ազգությամբ հայ աքսորականներին (Արփենիկենց էշելոնում ոչ մի վրացի չի եղել), նշում նրանց որ­տե­ղացի լինելը (մի որոշակի մասը իրոք որ արևմտահայեր-վանեցիներ էին ու նրանց ժա­ռանգ­ները)։ Ճանապարհին Հայաստանից աքսորական էշելոնների հան­դի­պե­­լիս Արփիկն ու նրա ուղեկիցներն անպայման փորձում էին ճշտել հա­յաս­տան­­ցիների «ծագումը» և պատասխան էին ստանում՝ Երևան, Սևան, Հա­­մամլու (ներկայումս՝ Սպիտակ), հանդիպում էին նաև հայրենադարձներ։ Ար­­փենիկի մոտ հարց է ծագում, որ «Եթե մեզ համարում են նախկին թուրքահպատակներ, ապա ինչու՞մն են մեղավոր Թուրքիայի տարածքում երբեք չեղած հայկական հողի վրա ծնված-մեծացածները: Անհասկանալի է»:

Բնական է, որ Արփենիկն ու նրա բախտա­կիցները գտնում էին, որ սխալմունք է տեղի ունեցել և որ պետք է ճշմար­տու­թյու­նը գրավոր կամ բանավոր դիմում-բողոքի ձևով ներկայացնել պետու­թյան համապատասխան մարմինների՝ պետական անվտանգության, ներ­քին գործերի, արդարադատության և այլ բարձր կամ ցածրաստիճան ղեկավարներին և նրանք, ուսումնասիրելով հարցը, անպայման կկայացնեն ար­դարացի որոշում։ Այդպես էր դաստիարակված խորհրդային քաղա­քացին։ Եվ սկսվում է դիմում-բողոքներ գրելու անվերջանալի գործընթացը։ Բնութագրական է, որ առաջին դիմումը գրվում է հենց Ալեքսանյանների ընտանիքը աքսորն ու­ղար­կող կապիտանի խորհրդով ու անգամ անմիջական թելադրանքով։ Դի­մում­ներն Արփենիկը գրում էր Թիֆլիսի կայարանում, աքսորի ճա­նա­պար­հին, բանտում մնալու մի քանի օրերին, աքսորավայրից, շրջկենտրոնից, մարզ­­կենտրոնից։ Դիմումներ էին գրում ազգականներն ու բարեկամները, ըն­կեր­ներն ու հարևանները Թիֆլիսից ու Երևանից, նրանցից ոմանք նույնիսկ հա­տուկ հանդիպ­ման էին գնում զանազան մա­կար­դակի ղեկավարների հետ ու բացատրում, որ սխալմունք է տեղի ունեցել, որ Ալեքսանյանների ընտա­նիքն իրականում անմեղ է։

Իրենց ընտանիքի, անձամբ իր, իր քույրերի, իրեն դիմող բազ­մա­թիվ մարդ­կանց համար բազմիցս դիմումներ գրելը Արփենիկի համար դառնում է կեն­սաձևի մաս։ Որպես կանոն, դիմումատուներին պատասխանում էին, թե դիմումն ու­ղարկ­ված է այսինչ կամ այնինչ հիմնարկություն, դրան հաջորդում էին հույ­սով լեցուն սպա­սումների շաբաթներ ու ամիսներ, ապա գալիս էր ինչ-որ կերպ հիմնավորված կամ չհիմնավորված մերժողական պատասխան, դրան հա­ջորդում էր պատաս­խա­նում տեղ գտած հիմնավորվածության անհիմն լի­նելը բացատրող մեկ այլ դիմում, ու կրկին սպասումներ, կրկին մեր­ժում­ներ։ Այդպես չորս-հինգ տարի շարունակ։ Սա­կայն դիմումները, իմ կար­ծի­քով, ունեին նաև շատ կարևոր, դիմումատուների համար գուցե և ոչ ըն­կա­լե­լի, սակայն դրական նշանակություն. դա հնարա­վո­րու­թյուն էր տալիս տրավ­մատիկ, ճգնաժամային առօրյան լցնել պայքարի պատ­րան­քով ու այդ կերպ օգնել նման առօրյայի հաղթահարմանը։

Աքսորի դժվարին տա­րի­նե­րի ըն­թացքում Արփենիկը չի կորցնում անար­դա­րության պատճառած ցավը նաև կենսուրա­խու­թյամբ հաղթահարելու ու­նակությունը։ Ծիծաղն ու հումորի զգացումը Արփիկին ու նրա քույրերին ու­ղեկցել է թե երիտասարդության դժվարին տարիներին, թե հետագայում։ Սիբիրում գտնվելու տարիներին աքսորական քույրերը ծիծաղում էին աշ­խա­տանքի վայրում, տանը, հայրենակիցների հետ շփվելիս, անգամ հումորային բնույթ էին հաղորդում հարևանների հետ վեճերին։

Արփենիկի օրագրի մեջ ամեն անգամ տարբեր դրսևորումներով երևում է Կովկասի և կովկասցիների թեման. կովկասցիները միշտ հետաքրքրվում էին միմյանց ճակատագրերով, փորձում օգ­նել, նեցուկ կանգ­նել միմյանց։ Ռուսների պատկերացումներում ևս կովկաս­ցի­ները, անկախ էթնիկ պատկանելությունից, համերկրացիներ են։ Համակովկասյան համերաշխության, համակովկասյան վերէթնիկ ինքնա­գի­տակ­­ցու­­­թյան ամե­նա­վառ դրսևորումը, թերևս, արտահայտվում է  գրե­թե յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ կովկասցիների մասնակ­ցու­թյամբ սե­ղանի շուրջ հնչող «За Кавказ» («Հանուն Կով­կա­սի») երգի պարբե­րա­կան կատարմամբ։ Հայերի էթնիկ գործոնի դերը ա­ռաջին պլան է գալիս միայն այն դեպքում, երբ գրանցման ժամանակ նրանց գրան­ցում են իբրև թուրքեր։ Ցե­ղաս­պանություն տեսած, դրա մասին բազ­միցս լսած մարդկանց համար շատ դժվար էր համակերպվել նման վիրավորական իրո­ղու­թյան հետ։ Ինչպես Արփենիկն է գրում, «Գրանցման թերթերում տեսնում ենք գրված է աքսորյալ-թրքուհի: Այ քեզ բան, արդեն թուրք էլ դարձրին: Մենք աղմուկ բարձրացրինք, բայց մեկ է՝ պետք է ստորագրենք ու վերջ: Ֆեդյան [պարետատան աշխատակիցը] բացատրեց, որ դա աքսորյալի տեսակն է, ոչ թե ազգությունը: Մենք հիմնական ցուցակներում գնում ենք որպես հայեր, իսկ դա աքսորյալի տեսակն է, ինչպես հատուկ աքսորյալ, կուլակ, ռյազանցիներ և այլն:  Հայրս ասում էր՝ ռուս գրեք, չինացի, միայն թե ոչ թուրք: Բայց դրանք զուր բաներ էին, մենք գիտեինք, որ Գուրգենը [աքսորյալ հայերից մեկը] դիմադրել է, բայց հարկադրել են: Մայրս, իմանալով, որ իր փոխարեն էլ ենք ստորագրել, մեծ աղմուկ բարձրացրեց, մեզ նախատում ու վիրավորում էր, որ մենք այսքան արագ ուրացանք մեր ազգությունը»: Հետո, կարծես ճակատագրի ծաղրով, «բոլորի անձնագրերը վերցրին ու տեղեկանք տվին այն մասին, որ մենք թուրք ենք»։ Բնութագրական է, որ խորհրդային արխիվային փաստաթղթերում առ այ­սօր Ալեքսանյանների աքսորական ընտանիքը նշված է որպես «թուրքեր»։[1]

Միմյանց հետ գրեթե ամենօրյա շփումը հայ աք­սո­րա­կաններին էապես օգնում էր կեն­­­ցաղն ավելի տանելի ու սովորական դարձ­նե­լու։ Դրան օգնում էր նաև վիրտուալ շփումը, առանձնապես մեծ ուրախություն էին պատճառում ռադիոյով հայկական երգերի հաղորդումները, կամ էլ երբ կի­նո­դի­տում­ներին նախորդող վավերագրական ֆիլմը նվիրված էր լինում Հա­յաս­տա­նին։

Աքսորի դառնությունների հաղթահարման գործում արտաքին ամենա­մեծ բարոյական և հոգեբանական օ­ժանդակությունը, թերևս, նամակներն էին. նամակ­ներ ու հեռագրեր հարազատ­նե­­րից, բարեկամներից, ընկեր­նե­րից, հարևաններից։ Նա­­­մակ­ները հաճախ օրվա միակ մխիթարությունն ու ու­րախությունն էին լինում։ Դատելով օրագրից, Արփենիկն ու նրա հարա­զատ­ները նամակագրական կա­պի մեջ էին շուրջ 60 հասցեներով։

Վիրտուալ կապը բավականին հաճախ նյութական դրսևորում էր ստա­­նում նաև մթերային ծանրոցների ձևով։ Ինչե՜ր ասես, որ չէր գալիս հա­րա­զատ Թիֆլիսից ու Երևանից, իր հետ բերելով հայրենիքի համն ու հոտը. էլ չիր ու չամիչ, չուչխել և սուջուխ, ալանի, չորացրած բալ, թութ, ծիրան, նաև խնձոր, տանձ, խա­ղող, փշատ, մաքրած ընկույզ, լոբի, կանաչեղեն, կարմիր բի­բար, տոմատ, բալի, ըն­կույզի և ծիրանի մուրաբա, տնական օղի և կոնյակ, կոն­ֆետներ, շոկոլա­դի սա­լիկ­ներ ու ռահաթ-լոհում, պանրի մերան։ Ծան­րոց­ների պարունակությամբ աք­­սո­րա­­կանները հաճախ կիսվում էին միմ­յանց հետ։

Սիբիրյան կյանքի դժվարությունները հաղթահարելու գործում Ալեք­սան­յան­նե­րին մեծապես օգնում էր ընտանիքի ամրությունը, մեկը մյուսին օժան­դակելու պատ­րաստակամությունը։ Քույրերից յուրաքանչյուրը ջանում էր մյուսի համար թե՛ աշխատանք որոնելու, թե՛ սովորելուն օժանդակելու հար­­ցե­րում։ Խիստ մեծ նշանակություն ունեին նաև հարազատների ու բարե­կամների  չդադարող դրա­մական փոխանցումները։

Արփենիկի կամքն ու ոգին անկոտրում պահելու կարևորագույն գոր­ծոն էր բժշկի իր մասնագիտությամբ աշխատելու հաստատակամ, նպա­տա­­կասլաց, համառության հասնող, ոչ մի խոչընդոտի առաջ չնահանջող ձգտու­մը (նկ. 2, 4, 9)։ Եվ, վերջապես, կարծում եմ, որ Արփենիկին աքսորական կյանքի դառ­նությունները հաղթահարելու գործին մեծապես օգնեց հենց օրագիր պա­հելը։

Աքսորը, ամեն ինչից զատ, նաև կյանքի դաժան դպրոց էր աքսոր­վածնե­րի համար։ Մի մասը չէր դիմանում, կոտրվում էր, բայց շատերն էլ ոչ մի­այն դիմանում էին, այլ նաև կյանքի նոր, անսովոր դժվարությունները ա­մեն­օրյա պայքարով հաղթահարելով՝ կոփվում էին, ուժեղանում, հզո­րա­նում։ Արփենիկը, թերևս, այդ բազմահազար մարդկանցից մեկն էր։

Աքսորավայրում, արդեն Ստալինի մահվանից հետո, 1953-54 թթ. Ար­փե­նիկը կարողանում է ուսումը շարունակել Տոմսկի բժշկական ինստի­տուտում, սակայն ավարտական քննությունների նախօրեին գալիս է երկար սպաս­ված ազատման լուրը (Նկ. 10, 11) և Ալեքսանյանների ընտանիքը վերադառնում է Թբի­լիսի (Նկ. 12)։ 1954-55 թթ. Արփենիկը շարունակում է ուսումը Երևանի բժշ­կա­կան ինստիտուտի ավարտական կուրսում։ 1955 թ. դեկտեմբերին ամուսնանում է ճարտարապետ Տիրան Հարությունի Մարությանի (1911-2007) [2] հետ (Նկ. 13)։ 1956 թ. ծնվում եմ ես, 1958 թ.՝ քույրս, Տաթևիկը (Նկ. 14, 15, 20)։ 1956 թ. Ար­փենիկն ընդունվում և մինչև 1990 թ. աշխատում է Երրորդ (հետագայում՝ Հան­րապետական) մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայում որպես ման­­կաբույժ։ Մայրս մահացավ 2013 թ. դեկ­տեմբերի 17-ին։

[nggallery id=45]

Արփենիկ Ալեքսանյանը միշտ ցանկացել է, որ ստալինյան բռնությունների իրական պատկերին տեղեկանան հնարավորինս շատ մարդիկ: Նրա օրագիր-գիրքը վաղուց է սպառվել, ուստի և հաշվի առնելով, որ Արփենիկ Ա­լեքսանյանի հեղինակած օրագիրը հայ իրականության մեջ առայժմ իր տե­սակի մեջ մեզ հայտնի միակ ստեղծագործությունն է, ինչպես նաև այն, որ հե­ղինակը կրում է  «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձ»-ի թիվ 1 վկա­յականը, հարմար նկատվեց աշխատությունը հրամցնել ընթերցողների ու­շադրությանը նաև առցանց ճանապարհով։

 

Cover

 Арпеник Алексанян, Сибирский дневник 1949-1954 гг.

Արփենիկ Ալեքսանյան, Սիբիրյան օրագիր. 1949-1954 թթ.


[1] Տե´ս Жертвы политического террора в СССР. http://lists.memo.ru/index1.htm

[2] Նրա մասին մանրամասն տե´ս www.tiranmarutyan.am

 

Share