Pages Navigation Menu

Ժենյա Մովսիսյան

Ժենյա Մովսիսյան

Ստալինին սիրում էր ժողովուրդը: Ես որ սիրել եմ

Զրույցը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 11-ին, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում, Ժենյա Մովսիսյանի հետ իր տանը, տևել է երկու ժամ: Ժենյա Մովսիսյանի հետ զրուցել է Հրանուշ Խառատյանը։

Նախկին ուսուցչուհի, ութսունամյա Ժենյա Մովսիսիյանը պատմում է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում Ստալինի արձանի հետ կապված պատմությունը` այն համալրելով սեփական մեկնաբանություններով: Զրուցել է Հրանուշ Խառատյանը (Նկ․ 1)։

«Մեր գյուղամիջում հիմա մի հուշարձան կա, որ կառուցվել է դաշնակցականների կողմից սպանված բոլշևիկների հիշատակին (հուշարձանի մասին տես նաև Վալերի Գալստյանի պատմությունը): Այդ հուշարձանը նոր է դրվել, կարծեմ վաթսունական, գուցե` յոթանասունական թվականներին: Հուշարձանի պատվանդանը բայց հին է, և դրա վրա մի ժամանակ Ստալինի արձանն էր կանգնած: Երբ որ գյուղերում հիսունական թվականների կեսերին Ստալինի արձանները ջարդում էին [1], մեր նախագահը մտածում է, որ գյուղը 40000 ռուբլի փող է ծախսել արձանի վրա, ինչպե±ս ջարդի, հետո ի±նչ պատասխան կտա այդ փողի մասին: Վերցնել է տալիս արձանը ու տանում պահեստում պահում է: Դրանից հետո ամեն տարի մայիսի 9-ին գյուղի ջահելները գիշերը թաքուն գնում էին պահեստից պարաններով արձանը հանում էին, բերում դնում էին պատվանդանին: Դնում էին, բրոնզով ներկում էին, և առավոտյան շքերթն անցնում էր այդ արձանի առջևով: Դա տևեց բավական երկար: Հիշում եմ, տղայիս` Արայիկի ամուսնության տարին էլ այդպես արեցին: Հիշում եմ, որովհետև այդ գիշեր Արայիկս էլ էր մասնակցել արձանը հանելու և պատվանդանին դնելու գործին: Նույնիսկ շալվարն էլ ճղվել եր այդ գիշեր: Դա 77 թիվն էր: Ուրեմն մինչև այդ թիվը հաստատ անում էին այդ գործը: Հիշում եմ, նույնիսկ Վրաստանից էլ մարդ էր գալիս, մասնակցում: Մի ամիս պահում էին արձանը, հետո էլի գիշերը տանում դնում պահեստում: Գալիս էին շրջանից, Գորիսից, ջղայնանում էին, մեր նախագահն էլ էր խոսխոսում` «այ լակոտներ, ամոթ է, հերիք է մեզ խայտառակ անեք», բայց ամեն տարի շարունակվում էր: Հետո էլ մի գիշեր, հենց այդ հարսանիքը օրը, հարսանիքը եկել էր արդեն, գիշեր էր, լույսերը հանգան: Շատ սրտաճմլիկ օր էր այդ օրը: Չհասկացանք ինչ է պատահել: Դու մի ասի լույսերը հանգցրել են, որ ժողովուրդը չիմանա ինչ է կատարվում: Ժողովուրդն էլ ասել էին, որ եթե արձանը հանեք` քարկոծելու ենք: Ուրեմն լույսերը հանգցրել են, կռանը բերել են, շղթաները հագցրել են արձանի թևերի տակ, հանել գցել են ապրանքատար մեքենայի թափքը և տարել են մի բարձր տեղ ջարդել են: Դրանից հետո Ադրբեջանում, Աղդամում ջահելները Ստալինի մի կիսանդրի են տեսել, բերել են դրել են այդ նույն պատվանդանի վրա: Դնում են գիշերը արձանը, հետո յասամանի լավ ժամանակն է մայիս ամիսը, գնում են յասամանի ծաղիկ հավաքում, բերում դնում պատվանդանին: Մի շաբաթ մնաց արձանը: Հետո արձանը տարան կորցրին, պատվանդանը մնաց: Բերին դրա վրա էլ հուշաքար դրին` սպանված բոլշևիկների անուններով: Թե չէ մինչև էդ միշտ Ստալինի արձանն էին բերում դնում, պատվանդանն էլ Ստալինի արձանի համար էր սարքած: Հա, Ստալինին սիրում էր ժողովուրդը: Ես որ սիրել եմ: Ստալինի դեմ այդ ամբողջ աղմուկը, կռիվները լրիվ նախանձությունից էր: Մեր գյուղում երբեք Լենինի արձան չի եղել, միայն` Ստալինի: Հա, ճիշտ է, աքսորներ բան եղան, բայց գիտե՞ս ինչ խոսք կա, -մեծ գործը մեծ զոհեր է պահանջում: Դա այդպես է եղել» (Նկ․ 2)։

Ժենյա Մովսիսյանը կոմունիստներին գնահատում է որպես սրտացավ, բարյացկամ, հայրենանվեր մարդ: Նրա համար միանգամայն բնական է, որ կոմունիստների իշխանության տարիներին կարող էին հետապնդել այլ հայացք ունեցողներին, գտնում է, որ այլ հայացք ունեցողները պետք է այն պարզապես թաքցնեին: «Մեր գյուղում` Տաթևում էլ կար մի մարդ, հայրենադարձ էր: Ասում էր` ես դաշնակցական եմ: Եղբայրս ասում էր «Մուկուչ, այդպիսի բաներ մի ասա, քեզ կձերբակալեն»: Նա էլ թե` «Ինձ ինչու± պիտի ձերբակալեն, ես ի±նչ եմ արել, ես հայրենասեր մարդ եմ»: Բայց հետո Տաթևից գնացին Երևան, և իրեն իսկապես էլ աքսորեցին: Որովհետև չէր թաքցնում, հայտարարում էր» (Նկ․ 3)։

Տիկին Ժենյան ցավով է հիշում իր համագյուղացի, դաշնակցականի որդու աքսորի պատմությունը երկրորդ աշխարհամարտի ավարտին: «Մուշեղ Աբգարյանն էր, բանակից վերադառնալիս ռուսների դեմ խոսել է, ասել է «կերաք, էլի, մեր հոգին կերաք, ի՞նչ եք ուզում մեզնից, էսքան տարի ձեզ ծառայել ենք»: Տեղնուտեղը բռնել են, թույլ չեն տվել, որ գյուղ գա, Սիբիր են ուղարկել: Սիբիրում մնացել է մինչև 57 թիվը: Ասում են հայրը դաշնակցական է եղել: Պատմում էին, ասում էին էս մարդու աղջիկը դասը կարդում է,-կոմունիստական կուսակցությունը, կոմունիստական կուսակցությունը… Հայրը տրեխանոցում լսում է, ասում է` «էջը շուռ տուր»: Աղջիկը էջը շուռ է տալիս, կրկին կարդում է` կոմունիստական կուսակցությունը, կոմունիստական կուսակցությունը… հայրը տրեխանոցից դարձյալ` «էջը շուռ տուր»: Սա էլ նորից էջը շուռ է տալիս ու դարձյալ` կոմունիստական կուսակցությունը, կոմունիստական կուսակցությունը… Վերջը հայրը չի դիմանում, ասում է «այդ գիրքը վերցրու, գցի օջախը, ա բոլշևիկ Մարո»: Մարո էր աղջկա անունը, այդպես էլ մինչև կյանքի վերջը մնաց «բոլշևիկ Մարո»: Ուսուցչուհի էր բոլշևիկ Մարոն: Ասում էր` «Մենք պիտի հասնենք ու անցնենք Ամերիկային»: Հայրն ասում էր` որ հասնեք Ամերիկա, ինձ այնտեղ կթողնեք, նոր դուք կանցնեք առաջ»: Ահա դրա տղան էր Մուշեղը: 13 տարի մնաց Սիբիրում, եկավ 57 թվին, եկավ քարացած, ոնց որ մի քարե արձան: Հայրը մահացել էր, բոլշևիկ Մարոն ամուսնացել էր, մնացել էր մի մայր: Աքսորից հետո եկավ, ոչ մեկի հետ մտերմություն չէր անում, չէր շփվում: Մայրը շատ վշտացած էր, գալիս էր ինձ մոտ, ասում էր «Ժենյա, տղաս ոնց որ հիվանդ լինի: Ոչ մեկի հետ չի խոսում, միայն կարդում է»:

Ժենյա Մովսիսյանը հիշում է 1965թ. իր առաջին շփումը հայոց Ցեղասպանության հիշողության վերակենդանացմանը: «Եղեռնի 50-ամյակին ես եղել եմ Երևանում, հիվանդանոցում: 65 թիվն էր դա: Եղբորս կինը` հարսս էլ ուսանողների հետ օպերայի հրապարակում էր ամբողջ օրը: Ջրցան մեքենաներ էին բերել, որ ժողովրդին ցրեն: Մարդիկ էլ, շա՜տ, իրենց հետ պաստառներ էին տարել, ջրից պաշտպանվելու բաներ… Հիվանդանոցում իմ կողքի սենյակում մի թուրք կար պառկած: Դա շատ վախեցած էր: Հերթապահ բժիշկը պետք է դուրս գար, եկավ ինձ ասեց, որ հետևեմ, թուրքին բան ասող չլինի, չվախեցնեն: Ես սպիտակ խալաթ էի հագել, գնացել էի մոտը նստել, հետը խոսում էի: Տղաներ կային, կատակներ էին անում, սա էլ վախենում էր: Ոչ մի վատ բան, իհարկե, չեղավ: Բայց օպերայի բակում մարդկանց դես ու դեն էին հրել, մի աղջկա ոտնատակ էին տվել: Պարույր Սևակի անունն էին շատ տալիս: Մենք էլ դեռ իրեն չէինք կարդացել: Դեռ Սևակի «Անլռելի զանգակատունը» չէր հրատարակվել: Գնացել էի Երևան կուրսերի, մի դասախոս ունեինք, Սևակի հորեղբոր տղան էր: Ասեցի ես ուզում եմ Սևակին տեսնել: Ասեց չէս կարող, հիմա նա շատ վատ վիճակում է, նրա գիրքը` «Եռաձայն պատարգը» արգելել են վաճառել, տպագրված տիրաժն էլ գրախանութից հավաքում են»: Դա արել էր, ասելն էլ ամոթ է, մեր Սերո Խանզադյանը: Սերո Խանզադյանն ասել էր, որ եթե այդ գիրքը Մոսկվայում կարդան, հայկական տպագրությունը փակելու են: Սկսել էին հավաքել գրախանութներից: Վերջը ես մի կերպ, տաս ռուբլի եմ վճարել, թաքուն մի գրավաճառից գնել եմ, գրավաճառն էլ շատ լավ մարդ էր, հայրենադարձ էր, քրոջս տան հարևանը: Հետո այդ գիքրը կարդում էի աշակերտներիս համար»:


[1] Ստալինի հաճախ մոնումենտալ արձանները կանգնեցված էին ԽՍՀՄ համարյա բոլոր բնակավայրերում: Ստալինի մահից հետո 1956թ. կուսակցության 20-րդ համագումարում «Անհատի պաշտամունքի և դրա հետևանքների մասին» Ն.Խրուշչովի ելույթից հետո ԽՍՀՄ-ում մի քանի տարի գյուղերում և քաղքաներում տապալում էին Ստալինի արձանները:

[nggallery id=12]

 

Share