Pages Navigation Menu

Նինա Հովսեփյան

Նինա Հովսեփյան

Գորիս քաղաքում ապրող Նինա Հովսեփյանի հետ երկու ժամանոց զրույցը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 11-ին, իր բնակարանում: Պատմությունը գրանցել է Հրանուշ Խառատյանը:

Նինա Հովսեփյանին (Նկ․ 1) հաճախ նաև Օսիպովա ազգանունով են կոչում, այն ազգանունով, որով նրա հայր Նիկոլայ Օսիպովը քսաներորդ դարի սկզբին հայտնի էր Զանգեզուրում: Նինա Հովսեփյան-Օսիպովան իր հորը չի հիշում: Նա ծնվել է 1929թ., և ընդամենը մեկուկես տարեկան է եղել, երբ հորը ձերբակալել և շատ արագ գնդակահարել են դատարանի որոշմամբ: Նինան երկար սպասված զավակ էր: Նրա ծնողները շուրջ 25 տարի երեխա չեն ունեցել, և արդեն որևէ հույս չունեին, թե կունենան: Երջանիկ հորը, սակայն, չի հաջողվել դաստիարակել երկար սպասված իր միակ զավակին: Նիկոլայ Օսիպովի քսաներորդ դարի երկրորդ տասնամյակի գործունեությունը, ինչպես այդ տարածաշրջանի բոլոր գործող անձանց գործունեությունն առհասարակ, հաճախ է խաչվել Նժդեհի, Անդրանիկի հետ: Ըստ Նինա Հովսեփյանի ընտանեկան պատմության, Նիկոլայ Օսիպովն ամբողջովին կիսել է թուրքերից Զանգեզուրը պաշտպանելու Նժդեհի ծրագիրը, սակայն, ի տարբերություն Նժդեհի, նա հակաբոլշևիկյան տրամադրություններ չի ունեցել կամ, առնվազն, դրանք չի արտահայտել: Նինա Հովսեփյանը ենթադրում է, որ հորը ձերբակալելու և գնդակահարելու պատճառը պետք է Նժդեհի և Անդրանիկի հետ ունեցած անձնական շփումներն ու նրանց հանդեպ բարեկամական վերաբերմունքը լիներ: Նինա Հովսեփյանի ողջ իմացությունն իր հոր ճակատագրի մասին ավելի ուշ շրջանի սեփական ենթադրություններ են, քան ուղղակի աղբյուրից տեղեկություններ: Հոր գնդակահարությունից հետո մայրը զգուշացել է դստերը որևէ բան պատմել հոր մասին, մի կողմից սարսափելով, որ անմեղ երեխան կարող է որևէ միջավայրում անզգույշ խոսել, մյուս կողմից` խնայել է երեխային: Նինան երկար ժամանակ պարզապես իմացել է, որ հայրը մահացել է: «Էդ փոքր ժամանակ մամաս շատ էր վախենում հորս անունը տալուց: Որ ուզում էի մի բան հարցնեմ, ինքը լռում էր, վախենում էր»: Այն ամենը, ինչ մայրը պատմել է դստերը, անմեղ պատմություններ էին դստեր հանդեպ հոր տածած անսահման սիրո մասին. «Մամաս ինձ պատմում էր, ասում էր ամեն օր դնում էր գետնին և պատը խազում, խազ-խազ ամեն օր պատը նշում էր, -իմ մեծանալն էր ստուգում: Կամ` ամեն երեկո ինձ բարձրացնում էր մինչև առաստաղ, այն ժամանակ տոներին առաստաղից խնձորի կախաններ` փնջեր էին կախում, որ ես խնձորների հետ խաղամ, խնձոր պոկեմ: Այսպիսի բաներ էր միայն պատմում մայրս»:

Այն ամենը, ինչ Նինա Հովսեփյանը պատմեց հոր մասին, հասուն տարիքում տարբեր մարդկանցից պատառիկներով քաղված տեղեկություններ են, քան թե ամբողջական պատմություն: «Հայրս եղել է շատ նվիրյալ ազգային գործիչ: Էնքան գրքեր են գրել հորս մասին, էնքան հոդվածներ, արտասահմանում, նրան նույնիսկ անվանել են Զանգեզուրի Բիսմարկ: Իմ հորս տարել են կրակելու Գորիսի մոտ մի ձորում, Շորին ձոր է կոչվում: Որ տարել են գնդակահարելու, ասել է խնդրում եմ մեքենան իմ տան մոտով քշեք, ձեր ուղեկցությամբ մտնեմ երեխայիս տեսնեմ: Դե 25 տարի երեխա չի ունեցել, գնդակահարությունից առաջ ասել է թողեք երեխային ես տեսնեմ: Թույլ չեն տվել: Երբ տարել են Շորինձորում (Նկ․ 2) կրակելու, էնտեղ ոչ մեկը չի ուզել, որ կրակի: Ասում էին բոլոր կրակողների արցունքները թափում էին աչքերից: Ինքը տեսել է, որ ոչ մեկը չի ուզում գնդակահարի, բոլորն արցունքը աչքերին շրջում են երեսը: Էդտեղ կրակողների հետ մի թուրք է եղել` Ջիվանշիր անունով: Ջիվանշիրը երկար ապրեց, էս ղարաբաղյան պատերազմի օրերին է այստեղից փախել: Իրենք բոլորը որ չեն ուզել կրակել, զենքը տվել են էդ Ջիվանշիրին, որ Ջիվանշիրը կրակի: Հերս ասել է «Ես չեմ ուզում թուրքի գնդակով հեռանամ էս աշխարհից, իրա ձեռքից վերցրեք, ձեզնից որևէ մեկը թող կրակի: Մի վախեցեք»: Միայն իրեն չեն գնդակահարել, խմբով են եղել: Հետո ինչ որ անձրևներ են եկել, դագաղները բացվել են, դիակները դուրս են եկել ջրի երես: Մորական պապս գիշերը թաքուն գնացել է, հենց նույն ձորում հող է փորել, թաղել: Ինքը գերեզման չունի փաստորեն… (Նկ․ 3)

…Ես չգիտեի, որ հորս էդպես անարդար գնդակահարել են: Մի դեպք մեզ ցնցել էր: 4-րդ դասարանում էի, դասին նստած էինք, դասարանի դուռը ծեծում են, ուսուցչուհին գնում է դուռը բացում դուրս է գալիս, հետո գալիս է ինձ մոտ, ասում է չվախենաս, չվախենաս, արի դուրս գնանք, բայց դու չվախենաս: Դուռը բացեցինք, տեսնենք մի հատ միլիցիոներ դռանը կանգնած: Մեկ էլ էդ միլիցիոներն է սկսել,- բալիկ ջան, չվախենաս, ես քեզ տեղ եմ տանում, հետո ես քեզ բերելու եմ թողնեմ դասարանում: Ես լաց եղա: Ինձ տարավ ուղիղ միլպետի մոտ: Միլպետը շատ լավ ընդունից ինձ, ոչ մի կոպիտ բան, հարց է տալիս ինձ, ասում է` պապայիցդ նամակ ե±ք ստանում: Ասում եմ իմ պապաս մահացած է: Ասում է բա դուք ումի±ց եք նամակ ստանում: Ասում եմ ես չգիտեմ: Ասում է մամադ չի± ասել, որ քո պապան կենդանի է, որ քո պապան գալու է: Ասում եմ չէ, իմ պապաս մահացել է: Էդ էր, որ ցնցող տպավորություն էր թողել ինձ վրա: Հետո մորս պատմեցի, սարսափել էր խեղջ կինը, դողում էր վախից, ոտքերը դողում էին: Առանց այդ էլ անընդհատ դողում էր, որ ես դպրոց էի գնում:

Մայրս եղել է Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ծատուրովի երկրորդ թոռը: Ծատուրովը Քարահունջից էր, բարի մարդ է եղել, շատերին է օգնել, կրթություն է տվել (տես նաև Ժենյա Մովսիսյանի պատմությունը Քարահունջից): Մորիցս մեծը տղա էր, իմ քեռին, բժիշկ Մինասյանը` Մինաս Ավետիսովիչը, բոլորը նրան գիտեն, նշանավոր բժիշկ է եղել, եղել է Անդրանիկ զորավարի խմբի բժիշկը ըստ տպագիր աղբյուրների: Նրան պապը` Ծատուրովն ուղարկել էր նախ Գերմանիայում, ապա` Ժնևում կրթություն ստանալու, ետ է վերադարձել Գորիս: Նրան հետո աքսորել են, բայց թիվը լավ չգիտեմ երբ: Քեռիս 10 տարի աքսորված է եղել, որից հետո ապրել է Մախաչկալայում: Մայրս որ մահացել է, ես եղել եմ դպրոցական: Արդեն 8-9-րդ դասարան եմ եղել, մեծ եմ եղել: Քեռիս մամայիս մահից հետո եկել է Գորիս, որ ինձ պահի [դա պետք է լիներ 1943-44թթ.]: Այստեղ նրան նշանակել են հիվանդանոցի գլխավոր բժիշկ, և մենք միասին մի սենյակում ապրել ենք, քանի որ իմ հոր մահից հետո մեր տունը տորգի են տվել: Տունը չէ, տան ապրուստը` կահկարասին, աճուրդի են հանել, վաճառել են, իսկ տունն էլ մի մարդ, որ ջանջյալ Մանգի էին ասում Գորիսում, մորս վախեցնելով ձեռքից վերցրել է: Ինքը մտնում է էդ տունը, մենք մնում ենք դրսումը մամայիս հետ: Մամաս 4 եղբայր է ունեցել, տունը ձեռքից առնելուց հետո գնացել է էդ եղբայրներից մեկի տանը նստել: Հետո մորս մահից հետո իմ դաստիրակությամբ ու խնամքով զբաղվել է մյուս քեռիս` Մինաս Ավետիսովիչը…

Դպրոցում ինձ չընդունեցին կոմերիտմիության շարքերը: Ասացին անհարազատի երեխա ես: Հետո ես որ գրադարանում աշխատեցի, մեր աշխատողները` ընկերներս, ստիպեցին, որ ես մտնեմ կուսակցության մեջ, իսկ ես չմտա: Չէի ուզում մտնել ոչ թե նրա համար, որ մտածել եմ հայրս դավաճան է: Այդքան գաղափար դեռ չեմ ունեցել: Ես չէի ուզում վիրավորանքից, որ ինձ դեռ կոմերիտմիության մեջ չեն ընդունել: Ներքին զգացողություն ունեի, որ ընդեղ էլ ինձ չեն ընդունի: 27 տարեկանում եմ կոմերիտական դարձել: Այդպիսի բան չկար, բոլորն էլ դպրոցում էին դառնում կոմերիտական: Մինչև հիմա էլ կոմերիտական տոմսս պահել եմ: (Նկ․ 4)

Հորս գնդակահարությունից հետո հայրական կողմի ազգականներիս մի մասը փաստորեն փախան Մոսկվա, այնտեղ ազգանունը փոխեցին: Մենք Բյագուն Օսեփ ենք կոչվել, մեր ցեղը, էդ Բակունցների հետ էլ ենք էլի մենք ընդհանուր: Որ հորս գնդակահարել են, սրանք փախել են Մոսկվա և ազգանունը Բյագունց դարձրել, Օսեփը ջնջել են, որպեսզի բարեկամությունը նույնը չլինի:

Հիմա այդ բոլորն անցյալ է: Կրկին վերադարձել ենք հին հերոսներին, այն մարդկանց, ում հետ ծանոթ լինելու համար մարդկանց գնդակահարում էին, աքսորում էին: Բայց հիմա էլ մի այլ տարօրինակ բան է կատարվում` Նժդեհին բարձրացնելու համար Անդրանիկին են գցում, կամ Անդրանիկին բարձրացնելու համար Նժդեհին են գցում: Էդ բաները կա»: (Նկ․ 5)

[nggallery id=10]

 

 

Share