Pages Navigation Menu

Հրանտ Թանգյան

Հրանտ Թանգյան

Ցուցակ էին արել, կարմիր ցուցակի մեջ էին մտցրել:

2012թ. հունիսի 10-ին Գորիսի Թանգունց ձոր թաղամասում Թանգունց ձորի քարանձավային բանտի մոտ Գորիսին հարակից Շորին ձորի և դրանից մոտ երկու հարյուր մետրի վրա գտնվող Թանգունց ձորի մասին պատմել է Հրանտ Թանգյանը (Նկ․ 1): Շորին ձորում գնդակահարում էին դատարանով գնդակահարության վճռի արժանացած դատապարտյալները: Պատմությունը գրանցել և համաոոտագրել է Հրանուշ Խառատյանը:

«Դատապարտվածներին բանտից հաճախ բերել և Շորին ձորում (Նկ․ 2) են գնդակահարել, որպես աչքից հեռու, տարածքից հեռու, մեկուսի մի տեղ: Իմ խնամու պապին էլ են այստեղ գնդակահարել: 37 թվին, Ստալինի անձի պաշտանմունքի հետևանքով, բերել են այստեղ ձորում պահել, հետո տարել են ձորում խփել առանց ոչ մի բան: Հենց 37 թվին տարել են: Պապն այդ ժամանակ հարուստ մարդ էր, Պարսկաստանի հետ առևտուր ուներ, արաբեքը «սայլերը» լծած ապրանքը տանում էր, առուտուրական էր: Խանոյան Ծատուր էր անունը: Լավ գրագետ երեխաներ ունի` բոլորն էլ կրթված: Չորս աղջիկ ուներ, երկու տղա: Տղաները բանակում մնացին, պատերազմի ժամանկ զոհվեցին: Աղջիկները Մոսկվայում են ապրում: Բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչու այդ մարդուն տարան սպանեցին: Թուղթ ենք ճարել, որ ես` էսինչ էսինչյանս էսինչյանին պարտք եմ 25000 ռուբլի, որը խոստանում եմ էսինչ ժամկետում տամ: Ինքը` պարտք ունեցողը, Քարի Տիգրան էին ասում, միլիցիայի աշխատողներ են եղել դրանք, ցուցակ են արել, կարմիր ցուցակի մեջ են մտցրել: МВД-ի աշխատող է եղել, ասել է տարեք, որ էդ 25000-ը չտամ: Հենց իրենց գյուղացի է եղել, նա էլ` հարուստ մարդ, փող է ունեցել, պարտքով փող է տվել: Հաստատ դրա համար տարան եդ մարդուն կորցրին: Թե չէ ոչ մի ուրիշ մեղադրանք չկար: Իրենք ասում են, որ դիմել են Մոսկվա, տարբեր տեղեր, ոչ մի բան, գնդակահարել են ու վերջ: Մի հինգ-վեց օր պահել են, հետո բերել են էս ձորում սպանել են: Ասում են տեսնող է եղել: Բայց ես լսել եմ, որ աքսորել են: Ոչ մի մեղք, ոչ մի հանցանք չի ունեցել էդ մարդը, ուղղակի մի քիչ հարուստ է եղել: Դե են ժամանակ ոնց էր, ասում էին հարուստ մարդ չպիտի լինի, բոլորը պիտի հավասար լինեն: Ոչ դատ, ոչ դատաստան: Ցուցակ էին անում ու ցուցակով տանում:

Մեր ընտանիքն էլ էստեղ էր ապրում, էս Թանգունց ձորի քարանձավում: Մերոնք Մելիք Թանգյան են, հենց մեր ազգանունից էլ ձորը կոչվել է Թանգունց ձոր, այսինքն` թանգյանների ձոր: Մերոնց, այսինքն պապիս կուլակաթափ են արել: Ձիաները տարել են, հողերը վերցրել են հեղափոխությունից հետո: Բայց դե սովորական գյուղացի մարդիկ են եղել, մենակ մի քիչ հարուստ են եղել: Դե պատկերացրու, որ էս քարանձավներում են ապրել: Ոչ թե միայն մենք, այլ ուրիշներ էլ էին ապրում այն ժամանակ քարանձավներում: Բայց մերը շատ մեծ էր, մեծ սենյակներ էլ ուներ, փոքրերն էլ կային: (Նկ․ 3) Պարզ է, իհարկե, իսկական սենյակներ չեն, խոսքս հենց այս քարանձավային սենյակների մասին է: Անասուն էինք պահում այստեղ, հող էինք մշակում, այգի ունեինք: Անդրանիկը երբ որ զորքով այստեղ էր, նրա զինվորները մարդկանց տներում էին ապրում, շատերը` հենց այս քարանձավներում: (Նկ․ 4,5) Մեր տանն էլ են երեք զինվոր մնացել: Մերոնք պատմում էին, որ տան անդամներին հավասար աշխատում էին, խուրձ էին դնում, անասուններին էին նայում: Ես այն ժամանակ չկայի, ես 1934թ. ծնված եմ: Բայց հետո հայրս երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերի է ընկել, Ֆրանսիայում է եղել, մի մարդ եկել է, հարցրել է` ով կա հայերից: Հայրս ասել է` ես հայ եմ, Գորիսից: Պարզվել է, որ այդ մեր տանը եղած զինվորներից մեկն էր: Վերջը հորս շատ է օգնել այդ մարդը: Ասել է` ետ մի գնա, մնա այստեղ, քեզ աշխատանքի կտեղավորեմ: Լավ հարստացած մարդ է եղել: Բայց հայրս եկել է, և հետո նրան որպես գերի ընկածի աքսորեցին Սիբիր, Չերեմուխո, Իրկուտսկի օբլաստ: Սև ծովով եկել է, հենց ափ են իջել, անմիջապես ձերբակալել են, դատել ու աքսորել: Մինչև 1952թ. աքսորավայրում էր: Հենց այդ ընթացքում էլ այստեղ, մեր քարանձավում բանտ սարքեցին: 37 թվից հետո որ ձերբակալվածները շատացան, բանտում արդեն էլ տեղ չկար, բերում էին այստեղ էին պահում: 1942-43թթ. ես արդեն մեծ տղա էի, շատ լավ հիշում եմ, այստեղ մի երկու հարյուր բանտարկյալ կար: Մենք էլ մեծ ընտանիք էինք, ութ երեխա, երկուսը մահացան, վեցը մնացին, հայրս էլ պատերազմում, մենք էինք այդ բանտարկյալներին պահում, մեր ընտանիքը: Էնպիսի հանցագործներ չէին, որոնց գնդակահարում են, այլ` որ երեք, չորս տարի նստում են: Իրականում դրանք հանցագործ էլ չէին: Ես հիշում եմ, Բաբա անունով մեկը կար Խնձորեսկ գյուղից, երեք կգ խնձորի համար նստեցրել են, տղամարդ էր, Բաբա: Թեթև հանցագործներին էին բերում այստեղ, երեք կիլո ցորենի համար, կամ ասենք մի ոչխար ա գողացել, այ ըտենց: Ամբողջ Հայաստանից բերում էին, միայն զանգեզուրցիներ չէին: Էլ ադրբեջանցիներ, էլ հայեր, ով ա իմանում և մալականներ…պատերազմի տարիներին, մինչև 46 թվականը մինչև երկու հարյուր մարդ եմ ես այստեղ պահել: Կանանց շատ էին բերում այստեղ, մինչև ութսուն կին կար: Պատերազմը վերջացավ, ամունիստիա եղավ, չէ±, համաներում եղավ, էդ համաներման ժամանակ համարյա մարդ չմնաց այստեղ, բոլորին ազատեցին: Ամունիստիայից հետո Ապկար անունով մի հատ թուրք էր մնացել միայն: Բանտապետը` Հայկը մի հինգ-վեց ոչխար ուներ, ասում էր դրանք պահի: Էդ թուրքին, պատկերացրու, մենք էրկու ամիս պահեցինք: Ամունիստիան եղել էր, բայց էդ մարդուն բաց չէր թողնում: Մի օր մեզ խնդրեց, երեխա էինք, թե` ոչխարը նայի, գնամ տեսնեմ մերոնց… Կարար փախչեր, բայց չէր փախչում, վախենում էր երևի: Վերջը մի քանի օրից հետո ոչխարները տարան, բաց թողեցին էդ մարդին, դատարկվեց այստեղ:

Տեսնու՞մ եք, էս հատվածը որ կա, աստիճաններով, էստեղից ա դուռ եղել, էն մի հատվածը փլվել է, հսկա մեծ քարանձավ է, էստեղ տղամարդկանց բանտն է եղել… Սա էլ բրուտի վառարանն է… (Նկ․ 7) Էս վերևի մասում գրասենյակ-մրասենյակ, էս ձևի բաներ են եղել: (Նկ․ 6):

Կալանավորներն իրենք էին իրենց մթերքը մատակարարում, այստեղ մի տարածք ծառայել է որպես բանջարանոց, մարդիկ աշխատել են, կաղամբ են ցանել, կարտոֆիլ, լոբի, ամենքը իրանց սնունդը ստեղծում էին, աշխատացնում էին: Բանտի անձնակազմն էլ, մեր ընտանիքն էլ այդ նույն մթերքից օգտվում էինք:

…Մեկ-մեկ պատահում էր էդ պատերազմի տարիներին, լցնում էին վեդրոյով բորշ, ուղարկում էին, անհա՜մ, անհամ, սովածությունից գլորվում էին … իսկ էս կեռասի ծառի տակ, էն ճանապարհի հենց տակը մի հատ պոստավոյ [դիտապահ] էր կանգում, վինտովկեն [հրացանը] ձեռքին, էդ կողմերիցը էլ հնարավոր չէր փախչիլը… հետո պատահել ա մի քանի հոգի հիվանդացել են, ժամանակին չի եղել բուժվեն, բժիշկ չի եղել, մահացել են, տարել են ընդեղ տեղ կա, նրա տակը տեղավորել: Մինչև հիմա ես հիշում եմ, ճրագ էր էլի, լամպով բանով տանում էին ընդեղ, մի տաս հոգի տարել են ընդեղ թաղել:…Մի քանի տարի առաջ, պատերազմը որ վերջացել էր, մնացել են ծերերը, մի քանի սիսիանցի եկան, իրենց հարազատի դիակն էին փնտրում: Կարծում էին, թե սպանել են այդ մարդուն: Բայց չէին սպանել, հիվանդությունից մահացել էր: Տարել ենք ցույց տանք, որ քանդեն ոսկորնորը նայեն: Հավաքել տարել են…

Ինձ այնպես է թվում, որ այդ մարդկանց առանց որևէ հանցանքի էին բանտարկել, ու հետո էլ պահում էին, քանի որ աշխատեցում էին, և բանտի անձնակազմն էլ օգտվում էր»:

Թանգյանները բանտ-քարանձավում մինչև այօր խոզ են պահում: (Նկ․ 8)

[nggallery id=9]

Share