Pages Navigation Menu

Աշոտ Գրիգորյան

Աշոտ Գրիգորյան

Հարյուր բան է գրված, մեկն ասում է` որպես մաուզերիստ, մեկն ասում է` որպես կուլակ, մեկն ասում է` որպես հակասովետական:

Զրույցը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Ծավ գյուղում, տևել է մեկուկես ժամ: Զրույցին մասնակցել են ամուսիններ` Աշոտ Գրիգորյանը (Նկ․ 1), կինը` Լարիսան (Նկ․ 2), նրանց ազգական, Շիկահողի գյուղացի Անդրանիկ Մարգարյանը:

Զրուցել է Հրանուշ Խառատյանը, 2012թ. հունիսի յոթին, ամուսինների` Ծավ գյուղում գտնվող տանը:

Աշոտին Ծավում «դերանց Աշոտ» են անվանում, այսինքն` տերտերի տոհմի Աշոտ: Աշոտը Շիշկերտ գյուղի վերջին քահանայի` Գրիգոր Սահակյանցի ծոռն է, որով էլ ժառանգել է «դերանց» «տոհմանունը»: Գրիգոր Սահակյանցի որդին` Աշոտի պապ Պատվականը Նժդեհի զինակիցն է եղել և նրան բանտարկել են 1927 կամ 28 թ., իսկ 1919թ., ըստ ընտանիքի իմացության, Պատվականը մահացել է Գորիսի բանտում հիվանդությունից: Աշոտը պատմում է Պատվականի անցյալի, նրա բանտարկության և դրան հետևող իրադարձությունների մասին: Աշոտի պատմության ընթացքում որոշ լրացումներ են արել նրա կինը` Լարիսան, և Շիկահողի գյուղացի Անդրանիկ Մարգարյանը:

Պատվականը թե իր հարազատ Շիշկերտ գյուղում, թե հարևան գյուղերում մինչև 20-րդ դարի քսանական թվականները հայտնի է եղել որպես թուրք հարկահանների, անօրինությունների դեմ ըմբոստացող մարդ, ով նաև անհրաժեշտ դեպքերում հաճախ օգնության էր հասնում. «Հլա դեռ 16-17 թվերին գյուղը որ պաժառ էին տալիս թուրքերը, ասում էին շուտ վազ տուր Շիշկերտ, ասա որ թուրքերը պաժառ են տվել, թող Պատվականը շուտ հասնի»: Պատվականը հասնում էր, միայնակ կամ ընկերներով, որոնց հետ ավելի ուշ մի փոքրիկ վաշտ է կազմել և Նժդեհի զորքի հետ միասին դիմադրել Զանգեզուրը գրավելու մտադրությամբ կռվող թուրքերի դեմ: Նժդեհի նահանջին չի միացել, քանի որ մեծ ընտանիքի որդի և հինգ զավակների հայր էր: «Ես չեմ կարող գնալ, երեխաներս շատ են», -պատասխանել է նա Նժդեհի` երկրից հեռանալու առաջարկին: Մնացել է գյուղում և փորձել տնտեսությամբ զբաղվել: «Իրենք ունեին ջրաղաց, ձեթի գործարան, հսկա անասնապահություն, աշխատող, խելոք մարդիկ են եղել»,- պատմում է Աշոտը: Վեց-յոթ տարի հետո, սակայն, Պատվականին ձերբակալում են: Նրա նախկին վաշտակիցներից ձերբակալում են միայն մեկին` Գինոսին: Աշոտը գտնում է, որ առաջնորդին ձերբակալելով փաստացի վնասազերծել են վտանգի օջախը: Ուղղակի չհաստատելով, Աշոտն ակնարկում է, որ Պատվականի նմանները կարող էին վտանգ ներկայացնել նոր կազմավորված երկրին, քանի որ ըմբոստ էին: Չնայած Աշոտը որևէ բացատրություն չունի, թե ինչում էր «Նժդեհի զինակից» իր պապի մեղքը, նա, այնուամենայնիվ, գտնում է, որ նրա ձերբակալությունը տրամաբանական էր. «Նա մեղքեր ուներ, և այդ բանը նրանք (ազգային անվտանգությունը) գիտեին, թղթեր ունեին: Նժդեհի հետ է եղել, Նժդեհը շատ է մեր տուն գնացել-եկել, իրա ուսերին մեղք կա»:

Աշոտը հստակ չգիտեր Պատվականին առաջադրված պաշտոնական մեղքը, նա և իր կինը միմյանց լրացնելով հաղորդեցին մոտավորապես հետևյալը. Լ- «Հարյուր բան է գրված, մեկն ասում է` որպես մաուզերիստ, մեկն ասում է` որպես կուլակ, մեկն ասում է` որպես հակասովետական»: Աշ – «Ոնց որ Նժդեհի մասով են մեղադրել: Նժդեհը մեր տուն շատ է գնացել եկել: Դե էդքանը բավական էր, որ Պատվականին բռնեին: Նա մեղքեր ուներ: … դե համ մաուզերիստ, համ կուլակ, համ Նժդեհի հակասովետական, հազար ու մի բան կպցրին ու տարան»:

Հարազատներին` եղբայրներին, զավակներին առաջարկում են հրաժարվել Պատվականի հետ ազգակցությունից: Կրտսեր եղբորը նույնիսկ սպառնացել են, որ մինչև չհրաժարվի` դիպլոմը չեն տա: Աշոտը պնդում է, որ հարազատները չեն հրաժարվել, սակայն զրույցին մասնակից ԱՄ-ն պնդում է, որ հրաժարվել են. «Հա, փաստ է դա: Ուրեմն ասեմ, որպեսզի էդ ընտանիքը, երեք ախպերներով միասին, Պատվականի տղաներն ու իրա եղբայրները, որպեսզի էդ ընտանիքը ռեպրեսիայի չենթարկվի, ասել են մենք հրաժարվում ենք Պատվականից և չենք ցանկանում, որ էդ մարդու զավակները լինենք, հարազատները լինենք: Հետո Պատվականի փոքր եղբոր տղան էլ էս սովխոզի դիրեկտորն է եղել, մինչև վերջ էլ իրանք հրաժարվել են, մեծն էլ, փոքրն էլ, նույնիսկ փոքրն էլ… Եվ այդ մասին բանտում ասել են Պատվականին: Արդյունքում ազդել է նաև սերունդի հարաբերությունների վրա: … Տարաձայնություններ են եղել, եթե մի քիչ կոշտ խոսացել են, անպայման էդ հարցը շոշոփվել է, երեսով են տվել, որ իրենց հորից, եղբորից հրաժարվել են»:

Հրաժարվել են հարազատները, թե ոչ` բոլոր դեպքերում ավելի ուշ ձերբակալել և Սիբիր են աքսորել նաև Պատվականի կրտսեր եղբորը, ըստ տեղեկությունների` «Էփրեմվերդիով գուշակություններ անելու համար», ինչը մերժվում էր կոմունիստական իշխանության կողմից: Պաշտոնական մեղադրանքը եղել է «Հակասովետական քարոզչության համար»: Այնուամենայնիվ ընտանիքի հանդեպ պաշտոնական մարմինների հետապնդումները դադարել են, սակայն համագյուղացիներն իրենց թշնամական վերաբերմունքը շարունակել են. «Գյուղում գիտե՞ս, օրինակ, Դերանց (տերտերանց, քահանայի) աղբյուր էր մեր աղբյուրը կոչվում, տատս գնում էր ջուր բերելու, էդ նույն եսիմ ինչերը ասում էին «դաշնակի կնոջը մի թողեք, որ ջուր տանի»: Իրանց աղբյուրն ա, է, իրանք են սարքել եդ աղբյուրը: Տատս գնում էր ջուր բերի, իր հասակակիցները չէին թողնում» (Նկ․ 3):

Աշոտն այդ վերաբերմունքը բացատրում է գյուղում տիրած ընդհանուր վախի մթնոլորտով: Վախի մթնոլոտը գյուղում խտացվում էր նաև կեղծիքներով. «… էնքան բաներ արին, ինադու բաներ արին, արտումը ցորեն թափին, միթամ էդ մարդը կալը լավ չի կալսում, եզները կալումն էին, ըտենց ձեռները կապին տարան: Այ այդպիսի բաներ էին անում…» (Նկ․ 4 և 5):

Աշոտը, իր կինը և ԱՄ-ն դեպքեր են պատմում, որոնք վկայում են, որ մարդ ձերբակալելու համար կեղծ առիթ ստեղծելը դժվար չէր, օրինակ, մեկի մարագում հրացան էին պահել և հետո այն «հայտնաբերել»: Գյուղի պաշտոնատարներն այս կարգի առիթներ ստեղծում էին նաև անձնական նպատակներով, օրինակ` որևէ մեկի գեղեցիկ կնոջը տիրանալու համար:

Աշոտի զարմիկներից մի քանիսը հետագայում ընդունվել են կոմունիստական կուսակցության շարքերը, կրտսեր հորեղբոր որդին սովխոզի տնօրեն է եղել, սակայն հայրն այդպես էլ չի հաշտվել խորհրդային ռեժիմի և առհասարակ գաղափարախոսության հետ (Նկ․ 6):

[nggallery id=5]

Share